Մատչելիության հղումներ

«Արմենալ»-ի տնօրենը անհանգստացած է ռուսաստանյան մեծահարուստ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ


Ռուսաստանյան խոշորագույն ընկերություններից մեկի՝ Ռուսաստանի ալյումինի արդյունաբերության 80 տոկոսը վերահսկող «Ռուսսկի ալյումինիյ» խմբի համասեփականատեր՝ Օլեգ Դերիպասկայի դեմ այդ երկրի իրավապահ մարմինների սկսած հետապնդումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի տնտեսության առաջատարներից մեկի՝ «Արմենալ»-ի գործունեության վրա, որի սեփականատերն է «Ռուսսկի ալյումինիյ»-ը։

«Կանդրադառնա ոչ միայն մեր բիզնեսի, այլ ընդհանրապես բոլոր տեսակի ներդրումների վրա, որ իրականցվում է նրանց [«Ռուսսկի ալյումինիյ» խմբի] կողմից այլ երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց «Արմենալ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Մովսես Ձավարյանը:

Ալյումինի արտադրության բնագավառում աշխարհում 3-րդը համարվող «Ռուսկի ալյումինիյ» ֆինանսաարդյունաբերական խմբի սեփականության 50 տոկոսը տնօրինում է Օլեգ Դերիպասկան, ում կարողությունը, ըստ հանրահայտ «Ֆորբս» հանդեսի, կազմում է 1,5 միլիարդ դոլար։ Դերիպասկան, ի դեպ, Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի հեռավոր ազգականն է։ Ռուս մեծահարուստներից շատերի պես, Դերիպասկան էլ իր կարողությունը կուտակել է 1990-ականների սկզբին՝ վիճահարույց սեփականաշնորհման գործարքի արդյունքում, ինչը ներկայումս քննվում է իրավապահների կողմից:

Գործադիր տնօրենի հավաստմամբ, «Արմենալ»-ի արտադրանքը գրեթե ամբողջությամբ վաճառվում է եվրոպական ու ամերիկյան շուկաներում:

«Մեր քաղաքականությունը՝ գնալ ոչ թե դեպի Ռուսաստան, այլ դեպի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա, բացատրվում է նրանով, որ դրանք ամենակայուն շուկաներն են այսօր աշխարհում», - ասաց Ձավարյանը:

100 տոկոսով «Ռուսսկի ալյումինիյ» խմբին պատկանող «Արմենալ»-ն այժմ ավելի շատ փայլաթիթեղ է թողարկում, քան սովետական լավագույն ժամանակներում. եւ սա ռուսական ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրումների շնորհիվ։ Այստեղ մոտ 1200 մարդ է աշխատում՝ 170 դոլար միջին ամսական աշխատավարձով։

Անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարության հետ «Ռուսսկի ալյումինիյ» խմբի կնքած բաժնետոմսերի վերջին՝ 26 տոկոսի փոխանցման պայմանագրի համաձայն, ռուսաստանյան արդյունաբերական խումբը պարտավորվել է առաջիկա տասը տարվա ընթացքում 34 միլիոն դոլարի ներդրումներ անել ու ստեղծել միջազգային չափանիշներով մրցունակ ընկերություն։

Այն, որ «Արմենալ»-ը առայժմ շահույթ չի ստանում ու հայտնվել է վնասով աշխատող ընկերությունների՝ վերջերս հրապարակված ցուցակում, գործադիր տնօրենը պայմանավորեց նրանով, որ ծանր արդյունաբերության ոլորտում ներդրումները սկսվում են փոխհատուցվել առնվազն հինգ տարի հետո:

«Ցավոք, դեռ սեփականատերերը ոչ մի լումա, ոչ մի դրամ հետ չեն ստացել մեր գործարանից», - ասաց նա՝ ավելացնելով, որ սեփականատերերն այստեղ շահույթ կունենան 2005 թվականից ոչ շուտ:

«Ռուսսկի ալյումինիյ»-ի մնացած 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը ռուսաստանյան մեկ այլ մեծահարուստ՝ Չոկուտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչն է, որը, ի դեպ, վերջերս գնել է անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը: Աբրամովիչը հայտարարել է, թե պատրաստվում է վաճառել «Ռուսսկի ալյումինիյ» խմբում ունեցած իր բաժնեմասը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG