Մատչելիության հղումներ

Անհետացել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը


Երեւան («Ասոշիեյթեդ Փրես», Ավետ Դեմուրյան). - Ինչպես չորեքշաբթի օրը տեղեկացրել է Հայաստանի անվտանգության ծառայություն ներկայացուցիչը, արդեն մի քանի օր է, ինչ անհետացել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում: Սա, ըստ էության, շարունակությունն է վերջին շրջանում խստորեն վերահսկվող Թուրքմենստանից բարձրաստիճան դիվանագետների փախուստների շարքի:

Հայաստանի անվտանգության ծառայության՝ անանուն մնալ ցանկացած ներկայացուցիչը ասել է, որ Թոյլի Կուրբանովը իր ընտանիքի հետ միասին անհետացել է երեք-չորս օր առաջ եւ այլեւս Հայաստանում չէ: Անվտանգության ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Երեւանում Թուրքմենստանի դեսպանատնից փոխանցել են, թե երեքշաբթի օրը ստացվել էր երկրի նախագահ Սապարմուրադ Նիյազովի հրամանը, ըստ որի՝ Կուբանովը այլեւս դեսպան չէ: Դեսպանատանը ասացին, թե իրենք չգիտեն Կուրբանովի գտնվելու վայրը եւ հրաժարվեցին մեկնաբանություններից:

Անանուն մնալ ցանկացած բարձրաստիճան հայ դիվանագետի խոսքերով, Կուրբանովը գտնվում է Միացյալ Նահանգներում:

Կուրբանովի բացահայտ փախուստից երկու ամիս առաջ Մեծ Բրիտանիայում Թուրքմենստանի դեսպան Չարի Բաբաեւն էր քաղաքական ապաստան խնդրել այդ երկրում: Վերջին տարիների ընթացքում փախուստի են դիմել նաեւ Թուրքմենիայի երկու նախկին արտգործնախարարները եւ այդ երկրի դեսպանը Թուրքիայում: Թուրքմենական ընդդիմադիր «Գունդոգար» ինտերնետային էջը երեքշաբթի օրը հաղորդել է, որ վերջերս արտգործնախարարության կողմից հետ կանչված Կուրբանովը հրաժարվել է վերադառնալ Թուրքմենստան: Երկրի մայրաքաղաք Աշգաբադում արտգործնախարարության ներկայացուցիչները ասել են, թե տեղեկություն չունեն Կուրբանովի անհետացման մասին:

Բաբաեւի անհետանալուց հետո Նիյազովը երկրի դիվանագիտական առաքելություններում նոր պաշտոն է ստեղծել՝ անձնակազմին հսկելու պարտականությամբ: Թուրքմենստանի նախագահը նաեւ հրաման է արձակել, ըստ որի՝ արտասահմանում աշխատող բոլոր դիվանագետների ընտանիքները պետք է մնան Թուրքմենստանում:

Դեռեւս խորհրդային տարիներից՝ 1985 թվականից, ղեկավարելով Թուրքմենստանը, Նիյազովը դիմադրել է ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերին ու տնտեսական բարեփոխումներին՝ ճնշելով տարակարծությունը: Ճնշումները սաստկացան անցած նոյեմբերին նրա կյանքի դեմ կատարված մահափորձից հետո, երբ կրակ էր բացվել նախագահական ավտոշարասյան վրա: Նիյազովը չէր վնասվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG