Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում ձերբակալված Հայաստանի քաղաքացին կապ չունի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ


Հայաստանի իրավապահ մարմինները չորեքշաբթի օրը հերքել են հաղորդումները, թե Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալված Հայաստանի քաղաքացին կասկածվում է նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից լինելու մեջ:

47-ամյա Սուրեն Պետրոսյանին Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են, ինչպես հաղորդվում է, ներգաղթի կանոնները խախտելու համար: «Ֆրանս Պրես» գործակալությունը մեջբերում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ոստիկանության անանուն ներկայացուցիչների խոսքերը՝ թե Հայաստանի նշված քաղաքացու նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում, եւ նա այս շաբաթվա վերջին հանձնվելու է Հայաստանի իշխանություններին: Ռուս իրավապահների պնդմամբ, Պետրոսյանը հետախուզվում է նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով:

Հայաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, որի վարույթում է «Հոկտեմբերի 27»-ի գործի՝ անջատված մասով նախաքննությունը, կտրականապես հերքում է, թե Պետրոսյանը որեւէ առնչություն ունի Ազգային ժողովի դահլիճում կատարված ահաբեկչությանը:

«Հոկտեմբերի 27-ի գործի ո'չ դատարան մտած մասով եւ ո'չ էլ անջատված մասով, հետախուզման մեջ գտնվող որեւէ մեղադրյալ չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Միրզոյանը ասաց նաեւ, որ Սուրեն Պետրոսյանի հանդեպ հետախուզում հայտարարել էին Երեւանի Շենգավիթ համայնքի ներքին գործերի մարմինները դեռեւս 1994 թվականից: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ Պետրոսյանը «կասկածվում է 1994 թվականից սկսած մի քանի ծանր հանցագործությունների մեջ»:

Հակոբյանը փոխանցեց նաեւ, որ Սուրեն Պետրոսյանը Հայաստանի հյուպատոսության կամ իշխանության այլ ներկայացուցիչների հետ հանդիպում չի խնդրել:

Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Արմեն Չարենցը նույնպես պաշտոնապես հայտարարեց, որ հետախուզման մեջ գտնված Սուրեն Լեւոնի Պետրոսյանը ոչ մի առնչություն չունի «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ:


Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG