Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի ոչ միայն առաջին տիկին, այլեւ՝ առաջին հարս. որ դա համապետական իրադարձություն է, կարելի է եզրակացնել մամուլում, մասնավորապես «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում «Ի վայելումն» խորագրի տակ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու հարսանիքի հանգամանալից լուսաբանումից: Այստեղ կարդում ենք. - «Նախագահական ձեւով հարսանիքի համար ամենաարտասովորը նորապսակների համար վարձակալած լիմուզինն էր... Ինչպես եւ շատերի՝ սովորական քաղաքացիների, նրանց ընտրությունը եւս կանգ էր առել «Աստաֆյանի» մոտ կայանած լիմուզինների վրա: Սպասված հարսանեկան խնջույքը կրկին չարդարացրեց հետաքրքրասերների քաղքենիական սպասումները: Ճիշտ է, այն անցավ «Նոր Ձորաբերդ» ռեստորանի հսկայական դահլիճում, այնտեղ, որտեղ կարող են իրենց թույլ տալ հարսանիք տոնել մեր հայրենակիցների թեեւ ոչ մեծ մասը, բայց եւ՝ ոչ սահմանափակ թվով դեմքեր: «Նոր Ձորաբերդ»-ում դեմքերը շատ էին, հաշվի առնելով, որ հասնացուի հայրը՝ Վլադիմիր Բադալյանը, ԱԺ պատգամավոր է», - հիմնավորում է թղթակիցը՝ համեստության դրսեւորումներից շարունակելով. - «Շատ այլ հարսանիքներում տան տերերն իրենց ավելի մեծամիտ են դրսեւորում, ընդ որում՝ չլինելով նախագահական ընտանիքի անդամներ... Քոչարյան ամուսինները համեստորեն նստել էին ընդհանուր սրահում... Խավիարը տակառներով չէին մատուցում, իսկ չուքան ու թառափը՝ ահռելի սկուտեղներով: Ամեն ինչ համեստ էր եւ չափի մեջ»: «Ազգ» թերթում, մասնավորապես, առանձնացված է. - «Հատուկ շռայլությամբ աչքի է ընկել քավորի՝ Սերժ Սարգսյանի հարսանյաց նվերը՝ ե'ւ հարսին, ե'ւ փեսային, յուրաքանչյուրին՝ 40 հազար դոլար արժողությամբ մատանի»: Այստեղ նաեւ ձեւակերպված է. - «Քոչարյանների ընտանիքը մեկնեց Ֆրանսիա: Մինչ ՀՀ նախագահը կհանդիպի Ժակ Շիրակի հետ, նրա նորապսակ որդին կանցկացնի մեղրամիսը»:

«Մեծերի կյանքից» «Առավոտ» թերթն այսօր առաջին էջին ներկայացնում է մեկ այլ դրվագ. - «Նախագահական ընտրությունների օրերին՝ քարոզարշավի շրջանակներում նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղ իբր գազատարի բացման արարողության՝ որպես նվեր մազրեցիներին»։ Օրերս լրագրողները եղել են այդ վայրում ու համոզվել, որ ոչ մի գազատար էլ այստեղ չի գործում։ Իսկ կրակը, ըստ ականատեսների, նախագահը վառեց թփերում թաքցրած գազի բալոնից: Ընդ որում՝ միտինգի բերված մազրեցիների համար սցենարը տրագիկոմիկ է եղել, որովհետեւ նրանք դա իմացել են:

Հին եւ նոր հաճելի հուշերի կողքին, որպես թերթերին առավել հուզող թեմա, առաջին պլանում է շարունակում մնալ Հայաստանի քրեածին իրավիճակը: «Մեր փողոցներում սովորական դարձող մաֆիոզ «ռազբորկաներն» ու դրանց ուղեկցող փոխհրաձգությունները շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում երկրի ներքաղաքական կայունության համար, քան արտաքին ուժերի սադրանքները կամ էլ՝ ընդդիմության ինչ-ինչ քայլերը», - ընդգծում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Արձանագրվող ռազբորկաներն ու քրեական հաշվեհարդարներն ունեն սոցիալական խոր արմատներ, որոնք կապված են Հայաստանում ձեւավորված որոշակի խավի կամ շերտի անօրինական գործունեության «լեգալացման» փորձերի հետ: Փորձելով փոխարինել պետությանը՝ չենթարկվել նրա օրենքներին, առավել եւս՝ ստանձնել միայն պետությանը վերապահված պատժիչ գործառույթներ, այդ խավի առանձին ներկայացուցիչները դառնում են սպառնալիք ոչ միայն հասարակության մնացած մասի, այլեւ պետության համար»:

«Այբ-Ֆե» թերթի արձանագրմամբ՝ ոչ ոք էլ հույսեր չի փայփայում, թե թիվ մեկ ոստիկանապետին պաշտոնանկ անելով՝ վիճակը կարող է շտկվել, քանզի բոլորը գիտեն, որ «ձուկը գլխից է հոտում»: Իսկ մեր կյանքի օրինաչափություն է դարձել, որ «կլանային վայրագ հակամարտության մեջ ցանկացած անմեղ քաղաքացի քավության նոխազ կարող է դառնալ»:

«Գոլոս Արմենիի» թերթի ձեւակերպումներով՝ «վերջին ամիսների իրադարձությունները առավել քան ակնհայտ են դարձրել, որ մենք ապրում ենք անարխիայի ու ամենաթողության մեջ». - «Գյումրիի դեպքերը հերթական անգամ հասարակությանը ի ցույց դրեցին կրիմինալի առջեւ իշխանական կառույցների ողորմելիությունը»: Ինչ վերաբերում է սրա արմատներին, «Գոլոս Արմենիի»-ում ընդգծված է. - «Երբ տեսնում ես, որ ընտրությունների ընթացքում գրանցվում են ակնհայտ հանցագործությունների փաստեր, բայց դրա համար ոչ ոք ճաղերի հետեւում չի հայտնվում, հասկանում ես, որ այսպիսի երկրում ամենալավը քրեականներն են ապրում: Երբ տեսնում ես, որ մայրաքաղաքի կենտրոնում օլիգարխիկ կլանները հաշվեհարդարներ են կազմակերպում, եւ պատասխանատու պաշտոնյաները չեն պատժվում, հասկանում ես, որ այսպիսի երկրում հանցավորությունը ամենազոր է: Ու հասկանում ես նաեւ, որ նման երկրում ապրելը ոչ միայն անտանելի է, այլեւ՝ ուղղակիորեն վտանգավոր»:

Մյուս կողմից, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում այսօր, վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալներ, հավաստիացնում է. - «Քրեածին իրավիճակի առանձնակի փոփոխություններ չի կատարվել, իրավապահ մարմինները պրոֆեսիոնալ են գործում»: Վերջերս շատ է շեշտվում, որ մեզանում կան մեծ թվով անձեռնմխելի մարդիկ։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը ասում է. - «Չեմ կարծում, թե այդ երեւույթը այնպիսի չափերի է հասել, որ սպառնում է մեր պետության անվտանգությանը կամ իրավապահ մարմինների բնականոն աշխատանքին»։ Ընդհանուր առմամբ, պրն Սարգսյանի ձեւակերպմամբ՝ «քննադատությունից ելնելով՝ դես ու դեն ընկնելն անթույլատրելի է: Դա առաջին հերթին գուցե հանցագործներին է ձեռնտու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG