Մատչելիության հղումներ

Քոչարյանը չի գնում նաեւ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը


Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին նախագահ Քոչարյանը երկուշաբթի օրը ներկա չի եղել Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունը, ինչպես ներկա չէր եղել Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատներում այդ երկրների Ազգային տոների առիթով հրավիրված ընդունելություններին:

Հայաստանյան լրատվամիջոցներում ակնարկներ են հնչել, թե, մասնավորապես, Միացյալ Նահանգների դեսպանատուն հուլիսի 4-ին նախագահի չայցելելը կապված էր ԱՄՆ-ի կողմից հայաստանյան անցած ընտրությունների խիստ քննադատության հետ: Ֆրանսիական դեսպանատուն այսօր չայցելեցին նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը չմասնակցելը փոքր-ինչ տարօրինակ է ներկայանում նաեւ այն պատճառով, որ վաղը՝ հուլիսի 15-ին նախագահ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնելու է Փարիզ՝ նախագահ Շիրակի հրավերով:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Ժան Պիեռ Ռաֆառենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ էկոնոմիկայի, ֆինանսների ու արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության եւ ծովային հարցերի, տեղական ազատությունների հատուկ լիազորություններով նախարարների հետ:

Ըստ հաղորդագրության, նախագահին ուղեկցելու են արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Չի հաղորդվում, սակայն, թե որքան է տեւելու աշխատանքային այցը:

Ըստ որոշ տեղեկությունների, նախագահ Քոչարյանի հետ Ֆրանսիա են մեկնելու նաեւ իր ընտանիքի բոլոր անդամները՝ այդ թվում նորապսակները՝ նախագահի ավագ որդին ու իր կինը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG