Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ենթակոմիտեն 70 մլն դոլար է հատկացնում Հայաստանին, սակայն չի անդրադառնում Հայոց ցեղասպանության մասին օրինագծին


Հուլիսի 10-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի հատկացումների ենթակոմիտեն 2004 թվականի ֆինանսական տարվա համար 70 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանին: Եվս 5 միլիոն դոլար հատկացվել է Լեռնային Ղարաբաղին՝ որպես մարդասիրական օգնություն: Բուշի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր հատկացնել միայն 49.5 միլիոն դոլար՝ 40 միլիոնով պակաս, քան հատկացվել էր անցած տարի:

Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունները իրենց հիասթափությունն են արտահայտել օժանդակության՝ Ներկայացուցիչների պալատի առաջարկած ծավալի առումով: Ազդեցիկ ամերիկահայ համայնքի ջանքերով Հայաստանը ամերիկյան օժանդակություն ստացող երկրների շարքում առաջատարն է եղել մեկ շնչին բաժին ընկնող օգնության չափով՝ վերջին տասնամյակի ընթացքում ստանալով ընդհանուր առմամբ ավելի քան 1.4 միլիարդ դոլար:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանին հատկացվող օգնության՝ Բուշի վարչակազմի կողմից առաջարկած կտրուկ կրճատմամբ: Բարձր գնահատելով արտաքին օգնության հանձնաժողովում մեր բարեկամների տքնաջան աշխատանքը, մենք, այդուհանդերձ, հիասթափված ենք Ներկայացուցիչների տան հաստատած օգնության՝ անցյալ տարվա համեմատ 20 միլիոն դոլարով կրճատմամբ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ներկայացուցիչների տան ենթահանձնախումբը քվեարկությամբ հաստատել է նաեւ Հայաստանին 2.5 միլիոն դոլարի ռազմական օգնության, ինչպես նաեւ հայ զինվորականների վերապատրաստման համար նախատեսված 900 հազար դոլարի հատկացումը: Հավասարակշռությունը պահպանելու միտմամբ նույն ծավալի ռազմական օգնություն է հատկացվել նաեւ Ադրբեջանին:

Արտաքին օգնություն հատկացնելու մասին օրինագիծը պիտի քվեարկության ներկայացվի նաեւ Ներկայացուցիչների տան հանձնախմբին: Օրինագիծը քննարկվելու է նաեւ Սենատի հանձնախմբերում:

Սենատը այսօր չանդրադարձավ Ցեղասպանության կոնվենցիայի օրինագծին, որով անուղղակիորեն ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծը պետք է Սենատին ներկայացվեր Պետդեպարտամենտի բյուջեի լիազորման օրինագծի հետ միասին: Ինչպես հաղորդել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ը, Միացյալ Նահանգներում թուրքական գործարար լոբբին, ինչպես նաեւ Բուշի վարչակազմի պաշտոնյաներից՝ ներառյալ փոխնախագահ Դիկ Չեյնին, Սենատին խորհուրդ էին տալիս չհաստատել օրինագիծը, քանզի հաստատվելու դեպքում կճանաչվի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Այդ օրինագծի ընդունումը կանխելու նպատակով Միացյալ Նահանգների վրա ճնշումներ է գործադրել նաեւ Թուրքիան:

Ամերկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Օսմանյան կայսրությունում հայկական ջանդերը որպես 20-րդ դարի ցեղասպանություններից մեկը բնութագրող օրինագիծը կարող է Սենատին ներկայացվել ամառային արձակուրդներից հետո՝ ցանկացած հարմար պահի: Չուլջյանը ավելացրեց, որ Սենատում ավելանում է օրինագծի կողմակիցների թիվը: Օրինագծին աջակցելու մասին հայտարարել է նաեւ Միացյալ Նահանգների նախկին նախագահի տիկինը՝ Հիլարի Քլինթոնը:

Անցած ամիս մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ Միացյալ Նահանգներում հանդիպումներ են ունեցել հայ համայնքի առաջնորդների հետ: Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ, դեսպան Էքվեթ Թեզքանը անցած ամիս բանակցություններ է վարել ԱՄՆ-ում հայկական երեք խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս Վարդյանը հուլիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ամերիկահայ սփյուռքի ղեկավարները թուրք դիվանագետին ասել են, որ հայերը երբեք չեն հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից:

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն էր տարածել, որով բողոք էր հայտնել ընդդեմ անցած ամսվա վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայյիփ Էնդողանի հայտարարության, ըստ որի Թուրքիան կփոխի Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը միայն այն դեպքում, եթե հայերը հրաժարվեն 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից: Ամերիկայի հայկական համագումարը նաեւ նամակ էր ուղարկել Թուրքիայի կառավարությանը՝ հիասթափություն արտահայտելով թուրքական պաշտոնական հայտարարությունների կապակցությամբ:

«Եթե Թուրքիան իրոք հետաքրքրված է նոր հարաբերություններ հաստատելու Հայաստանի եւ սփյուռքի հետ, ապա դրան ոչինչ չի խանգարում: Եթե Թուրքիայի նոր կառավարությունը շարունակի Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի եւ պատմական փաստի հերքման քաղաքականությունը, դա կնշանակի հերթական անգամ մերժել Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության խորհուրդը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Պիտեր Ոսպիկյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG