Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հարաբերություններն ու վիճելի հարցերը հրազենով պարզելու արմատավորվող հիվանդությունը երեկ հասավ նաեւ Գյումրի», - այլ թերթերի հետ արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Քրեածին իրավիճակը Հայաստանում նորանոր սուր դրսեւորումներ է արձանագրում, ըստ որում, օրը ցերեկով տեղի ունեցող կրակոցների ու փոխհրաձգությունների հաճախականությունը կարծես միտված է դրանց առօրեական բնույթ հաղորդելուն»: Բախման մոտիվների մասին մամուլին դեռեւս պարզորոշ ոչինչ հայտնի չէ, ենթադրվում է՝ հիմքում տնտեսական շահեր են: Ինչ վերաբերում է տուժածների ընդգրկմանը, «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, վիրավորների թիվն իրականում շատ ավելի մեծ է՝ շուրջ 18 մարդ. - «Ընդ որում, տուժել են նաեւ որոշ պատահական անցորդներ, քանի որ կրակոցները բավական երկար են տեւել»: Ըստ «Այբ-Ֆե» թերթի, կրակոցներից սպանվել է նաեւ, մասնավորապես, մոտակայքում գտնվող մի բանվոր, իսկ այդ արտառոց «ռազբորկային» մասնակցել է 50-70 հոգի: «Այբ-Ֆե»-ն նշում է նաեւ, որ օրեր առաջ Գյումրիի ոստիկանությունը բերման էր ենթարկել հերթական «ռազբորկայի» ակտիվիստներին, ապա բաց թողել՝ «ինչու՝ յուրաքանչյուրը կարող է ենթադրել»:

«Դատախազության աշխատակցի օրվա եւ վճռաբեկ դատարանի հոբելյաններին հնչեցված կտրուկ գնահատականներին հաջորդում են նոր սպանություններ», - «Օրինաց երկիր» խորագրի տակ ամրագրել է «Ազգ» թերթը՝ կրկին հույս հայտնելով, թե նրանք, ում կամքով կարող է վերջ դրվել ամենաթողությանը, չեն բավարարվի միայն բարձրագոչ հայտարարություններով։

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Այսօր մենք գործ ունենք հետեւանքների հետ: Այսինքն՝ այսօրվա իրավիճակի համար պատասխանատու է երկրի չընտրված նախագահը, որին ծառայություններ են մատուցել հանցագործ խմբավորումները: Եթե երկու կրիմինալ տարր կրակում են իրար վրա, ի՞նչ կապ ունեն ընտրությունները եւ ի՞նչ կապ ունի հանրապետության նախագահը. այս հարցադրմանը Վիկտոր Դալլաքյանը հակադարձում է. - «Եթե ոստիկանապետը չի զբաղվում, ուրեմն դրա պատասխանատուն նրան նշանակողն է... Եթե վերջին՝ Նուբարաշենի - Դավիթաշենի, այսպես կոչված, «ռազբորկան», որը նոյեմբեր ամսից է սկսվել եւ ժամանակին համապատասխան վերաբերմունքի չի արժանացել եւ ավելի է խորացել, ո՞վ է դրա պատասխանատուն: Պատասխանատուն այն անձնավորությունն է, որը նշանակում է համապատասխան ուժային կառույցների ղեկավարներին... Կամ՝ կառավարության գործունեության ծրագրում գրված է, որ կոռուպցիան հասել է այնպիսի չափերի, որ ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում: Իսկ այն, որ կոռուպցիան այդ վիճակին է հասել, դրա պատասխանատուն ո՞վ է»: Ի վերջո, «Արդարություն» խմբակցության քարտուղարը նաեւ ընդհանրացրել է. - «Երբ ժողովուրդը ընտրում է x-ին եւ ընտրվում է y-ը, արդեն ժողովուրդը ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Երբ բռնանում են ժողովրդի կամքին եւ թույլ չեն տալիս, որ նա ձեւավորի օրինական իշխանություն, ուրեմն նա ոչ մի բանի համար մեղավոր չէ»:

«Եվրախորհրդին մեր անդամակցությունից սկսած՝ զուգահեռներ են տարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հավասարեցման այդ մեխանիզմից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում, ներքին բարեփոխումների առումով, որակական լուրջ տարբերություն արձանագրվի Ադրբեջանի համեմատությամբ», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: - «Ցավոք, մեր վերջին ընտրությունները եւ դրա հետեւանքով Եվրախորհրդի հետ հարաբերություններում գործընթացների դանդաղեցումը որոշ իմաստով ստվերեցին նախկինում արձանագրված դրական տեղաշարժերը... Որ Եվրախորհրդում միտումնավոր Հայաստանի դեմ ինչ-որ բաներ արվեն, ես, անկեղծ ասած, բացառում եմ», - ընդգծում է Թորոսյանը: - «Ցավոք, մեզ մոտ դեռեւս լիարժեք չեն պատկերացնում՝ ի՞նչ է նշանակում Եվրախորհրդին անդամակցություն: Այստեղ շատ ավելի մեծ դեր ունեն գործնական հարաբերությունները, իրական կյանքում տեղի ունեցող զարգացումները: Այս առումով պիտի փորձենք ոչ թե փնտրել մեր վերաբերյալ հնչող գնահատականների պատճառները, այլ պատրաստակամություն ցուցաբերենք երկրի ներսում եղած թերությունները շտկելու եւ գործնականում ապացուցենք մեր վճռականությունը: Եւ սա լուրջ արձագանքի կարժանանա եվրոպական կառույցների կողմից», - համոզված է Տիգրան Թորոսյանը:

«Թերեւս, դաշնակցականները այդքան սուր չէին արձագանքի Ազգային ժողովի նոր խոսնակ Արթուր Բաղդասարյանի՝ արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հայտարարություններին, եթե չլիներ վերջինիս հրամանագիրը, համաձայն որի՝ ԱԺ ղեկավար կազմին արգելվում է որեւէ պաշտոնական հայտարարություն անել՝ առանց ԱԺ նախագահի համաձայնության», - խմբագրական անդրադառնում է այսօր «Առավոտ»-ը: - «Թուրքիայի հետ կապված Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումը ամբողջապես հակասում է Դաշնակցության վերջերս արած հայտարարությանը, ուր նշված էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցությունն ընդունելի է միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Բայց», - միաժամանակ ընդգծում է «Առավոտ»-ը: - «Բաղդասարյանի միտքը լիովին համապատասխանում է եւ պաշտոնական Երեւանի որդեգրած քաղաքականությանը՝ ուղղված Թուրքիայի հետ «քայլ առ քայլ» փոխհամաձայնություն հաստատելուն: Եվ այս միտքը բազմիցս հնչել է թե' հանրապետության նախագահի, թե' արտգործնախարարի շուրթերից: Այնպես որ, իշխող կոալիցիայի կողմ եւ կառավարության գործունեության համար պատասխանատվություն կրող կուսակցություններից մեկն իր դժկամությունը պետք է հայտնի նախ եւ առաջ նախագահ Քոչարյանին, որի թեկնածությունը նրանք պաշտպանում էին ընտրություններում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG