Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Բաղդասարյան. «Ես կողմնակից եմ Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի հաստատմանը»


Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը հայտատարեց, թե ինքը կողմնակից է հայ-թուրքական շփումներն ակտիվացնելուն, նոր շփումներ նախաձեռնելուն, ինչը «պիտի հանգեցնի նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»:

Խորհրդարանի՝ շուրջ մեկ ամիս պաշտոնավարող խոսնակը առաջին անգամ էր հանդիպման հրավիրել լրագրողներին: Իսկ հայ-թուրքական հարաբերություններին նրա անդրադարձը կապված էր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիոն գործընկերոջ՝ Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի հրապարակման հետ, ուր Ազգային ժողովի նախագահը քննադատվել է իշխանության այլ մարմինների լիազորություններն իր վրա վերցնելու համար: Հրապարակման մեջ առանձնացված է հատկապես Եվրամիության եռյակի պատվիրակության հետ երեկվա հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների միջեւ կապերի հաստատումը կարեւորելը:

«Խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լինի ակտիվ», - հայտարարեց Արթուր Բաղդասարյանը՝ ի պատասխան «Երկիր»-ի հրապարակմանն էլ պարզաբանելով. - «Եթե ընդունում ենք Սահմանադրական իրողությունները [այն է՝ Ազգային ժողովի նախագահը պետության երկրորդ դեմքն է], ապա, բնականաբար, պիտի նորմալ վերաբերենք նաեւ այն իրողությանը, որ Ազգային ժողովի նախագահը, եթե հանդիպում է ունենում այս կամ այն երկրի ղեկավարների հետ, կարող է եւ պարտավոր է քննարկել երկրի տնտեսությանը, կրթությանը, քաղաքականությանը վերաբերող խնդիրներ»:

«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը կամ այդ հարաբերությունների նոր որակներ գտնելը ես չեմ կարծում, որ նորություն է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Ես կողմնակից եմ Թուրքիայի խորհրդարանի հետ կապերի հաստատմանը, դրան Եվրամիությունն էլ է կողմնակից: Եվ ես դա, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ, ողջունում եմ», - շարունակեց Բաղդասարյանը՝ ճշգրտելով, թե խոսքը շփումներ նախաձեռնելու, դրանք ակտիվացնելու մասին է: - «Եվ այդ շփումները իրենց կենսագրությամբ պետք է հանգեցնեն նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»:

Ասուլիսում խորհրդարանի խոսնակը վերահաստատեց մահապատիժը անվերապահորեն վերացնելու մասին իր կարծիքը:

«Ունենք պարտավորություն եւ այդ պարտավորությունը մենք պարտավոր ենք կատարել», - ասաց նա: - «Հակառակ պարագայում Հայաստանը Եվրոպայի խորհրդի հետ կունենա բավականին լուրջ խնդիրներ»:

Ինչ վերաբերում է զրպարության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը, ինչը Հայաստանի իշխանություններին ուղղված բաց նամակով կոչ էին արել միջազգային կազմակերպությունների եւ Արեւմուտքի մի շարք երկրների՝ Հայաստանում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետները, իսկ օրերս նույն հարցը Հայաստանի արտգործնախարարին ուղղված նամակում բարձրացրել է ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դյուվեն, ապա Բաղդասարյանը թեեւ ասաց, որ ապաքրեականացման ընդհանուր փիլիսոփայությունը նորմալ է համարում, փաստարկեց, այդուհանդերձ, թե խոսքն այստեղ միայն լրատվամիջոցների մասին չէ:

«Խոսքը վերաբերում է զրպարտություն երեւույթին ընդհանրապես», - ասաց նա՝ օրինակ բերելով, թե որեւէ սպանության գործով վկայի զրպարտությունը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ զրպարտվողի համար: - «Այդ պատճառով էլ ես ինքս դեմ եմ, որպեսզի դա բոլոր դեպքերում ապաքրեականացվի»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG