Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ջափարիձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում հանդիպումներ է ունեցել նախագահի Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Բաղդասարյանի, վարչապետ Մարգարյանի, արտգործանախարար Օսկանյանի, պաշտպանության նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սարգսյանի հետ:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ տարածված հաղորդագրության, նշվել է, որ «անվտանգություն հասկացությունն այսօր շատ ավելի լայն ընդգրկում ունի եւ ներառում է ոչ միայն ուժային ոլորտներն, այլեւ՝ արտաքին, ներքին, տարածաշրջանային եւ տնտեսական գործընթացները: Կողմերն ընդգծել են առկա խնդիրները միասնաբար լուծելու իրենց պատրաստակամությունը»:

Վարչապետ Մարգարյանը վրացի պաշտոնյայի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցություն բերել Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման:

Ջավախքին վերաբերող հարցեր են շոշափվել նաեւ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, եւ Ջափարիձեն ասել է, որ մինչեւ 2006 թվականը կլուծվի Ջավախքի գազաֆիկացման խնդիրը:

Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, «տարածաշրջանային էներգետիկ եւ տրասպորտային հաղորդակցության խնդիրների շրջանակներում քննարկվեց եւ հավանություն տրվեց Բաքու-Ջեյհան նաթատարի համար ստեղծվելիք ինֆրակառույցներում հայկական ընկերությունների մասնակցությանը»:

Հայաստանյան հանդիպումների ավարտին Սերժ Սարգսյանի եւ Թեդո Ջափարիձիե համատեղ ասուլիսում, սակայն, Ջափարիձեն, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց. - «Դա չի վերաբերում Հայաստանի ընկերությունների մասնակցությանը այդ [Բաքու - Ջեյհան նավթատարի] ծրագրին, բայց Վրաստանի տարածքում իրականացվող շատ հետաքրքրիր ծրագրեր կան, եւ հայ գործընկերների հետ մենք կարող ենք քննարկել դրանցում հայաստանյան ընկերություններ մասնակցության հարցերը»:

Ինչպես ասուլիսում փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երկուստեք ընդունվել է, որ հայ-վրացական համագործակցությունը գտնվում է «սաղմնային վիճակում»: Կոնկրետ լուծումներ երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ այս այցի արդյունքում չեն եղել: «Դժվար է ասել կոնկրետ լուծումների մասին, որովհետեւ մեկ օրում դժվար է լուծում ստանալ: Բայց, կարծում եմ, ամենից կարեւոր լուծումը այն է, որ կարողացել ենք փոխհամաձայնության գալ, կարողացել ենք հասկանալ, որ խնդիրները թեեւ յուրաքանչյուր երկրի համար տարբեր են, բայց նաեւ ընդհանրական շատ բան կա»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG