Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի նոր նախագահը Գարեգին Ազարյանն է


Նորակազմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) առաջին նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանի նշանակած երեք անդամներից մեկը՝ Գարեգին Ազարյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) եւ քարտուղար Աննա Ալեքսանյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն) վերընտրվեցին իրենց պաշտոններում:

Հայաստանի ընտրական օրենսգրքի սահմանմամբ, Կենտրոնական, ինչպես նաեւ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող քաղաքական ուժերի մեկական ներկայացուցիչներից եւ նախագահ Քոչարյանի կողմից նշանակվող երեքական անդամներից: Նորակազմ ԿԸՀ-ում եւ ԸԸՀ-ներում ներկայացուցիչների նշանակման մասին նախագահ Քոչարյանի հրամանագրերը հրապարակվել էին այս շաբաթ ավելի վաղ:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մյուս վեց անդամներն են՝ Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր»), Սեւակ Առաքելյանը («Միավորված աշխատանքային կուսակցություն»), Զավեն Պլուզյանը («Ազգային միաբանություն»), Ֆելիքս Խաչատրյանը («Արդարություն» դաշինք), Արթուր Պողոսյանը եւ Արմեն Սինանյանը (նախագահ Քոչարյանի կողմից նշանակված անդամներ):

Գարեգին Ազարյանի թեկնածությանը առաջադրեց Արմեն Սինանյանը: Ազարյանի թեկնածության դեմ էին քվեարկել ԿԸՀ-ի 9 անդամներից 2-ը՝ «Արդարություն» դաշինքը ներկայացնող անդամ Ֆելիքս Խաչատրյանը եւ Զավեն Պլուզյանը («Ազգային միաբանություն»): Համլետ Աբրահամյանն ու Աննա Ալեքսանյանը վերընտրվեցին միաձայն:

«Քանի որ մենք չենք ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները եւ նախագահի լեգիտիմությունը մեզ մոտ մեծ կասկած է առաջացնում, հետեւաբար, նրա առաջարկած մարդուն որպես հանձնաժողովի նախագահ մենք չենք կարող կողմ լինել», - իր ներկայացրած կուսակցության դիրքորոշմամբ իր քվեարկությունը փաստարկեց Զավեն Պլուզյանը:

ԿԸՀ-ի արդեն նախկին նախագահ Արտակ Սահրադյանը, ով, ըստ կանոնակարգի, վարում էր հանձնաժողովի այսօրվա նիստը, ավելի ուշ լրագրողներին ասաց, թե «բնականոն» է համարում ԿԸՀ-ի նախագահի փոփոխությունը: «Ես երկու անգամ արդեն ընտրվել եմ եւ գտնում եմ, որ տրամաբանական է նման փոփոխությունը», - ասաց Սահրադյանը՝ խուսափելով խոսել իր հետագա ծրագրերի մասին:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում հայաստանյան ընտրությունների՝ եվրոպական մի շարք կառույցների կոշտ քննադատությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահը պատասխանեց, թե դրանց «ծանոթ չէ»:

«Ես վերջին տասը օրը ընդհանրապես մամուլի հետ աշխատել եմ չշփվել եւ չծանոթանալ թերթերին», - բացատրեց նա՝ այդուհանդերձ ավելացնելով. - «Համենայն դեպս, նրանց եզրակացությունները պիտի վերլուծենք եւ անենք եզրակացություններ: Ոչ միայն նրանց, այլեւ՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշումները»:

42-ամյա Գաեգին Ազարյանը անցած նախագահական ընտրությունների ժամանակ նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի լիազորված անձն էր ԿԸՀ-ում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ արդեն ԿԸՀ նախագահի խորհրդականն էր: Մինչ այդ աշխատել է նաեւ տարածքային կառավարման նախարարությունում, Ազգային ժողովում, արդարատադության նախարարությունում:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG