Մատչելիության հղումներ

Եվրամիությունը «խորապես հիասթափված է» հայաստանյան ընտրություններից


Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիության եռյակի պատվիրակության անդամ, Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության փոխտնօրեն Մայքլ Լիհը կրկին հնչեցչեց այդ կառույցի մտահոգությունները Հայաստանում անցած համապետական ընտրությունների առնչությամբ:

«Եվրամիությունը խորապես հիասթափացված է Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից», - պատվիրակության հայաստանյան հանդիպումների ավարտին հրավիրված ասուլիսում հայտարարեց Լիհը: - «Մենք սպասում ենք, որպեսզի ԵԱՀԿ Ժողովրդավության եւ մարդու իրավունքների գրասենյակը հրապարակի իր ամփոփ զեկույցը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ: Քանի դեռ ընտրությունները չեն համապատսխանում միջազգային ստանդարտներին, դրանք ընդունելի չեն Եվրամիության տեսանկյունից»:

Եվրամիության ներկայացուցիչը ընտրություններին անդրադարձավ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների օրակարգում մշտապես առկա Մեծամորի ատոմակայանի փակման մասին խոսելիս: Կայանի փակման անհրաժեշտությունը պնդող Եվրամիությունը պատրաստականություն է հայտնել օժանդակել Հայաստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը: Եվ նրան ուղղված՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցը վերաբերում էր այդ օգնության չափերին եւ դրա տրամադրման ժամկետներին: Եվրամիության ներկայացուցիչը, սակայն, կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն խոսեց հայաստանյան ընտրությունների մասին:

Եվրամիության եռյակի պատվիրակությունը, որը գլխավորում է ներկայումս այդ կառույցում նախագահող Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերը, Հայաստանում հանդիպումներ է ունեցել նախագահ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Քննարկվել են Հայաստան - Եվրամիույթուն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով, տարածաշրջանային խնդիրներ՝ ներառյալ հարեւանների հետ հարաբերություններին եւ առկա հակամարտությունների լուծմանը վերաբերող հարցեր: Այցի նպատակներից մեկն էլ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց, դեսպան Հեյկի Թալվիթիեին ներկայացնելն էր:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG