Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայ-ադրբեջանական ճակատի շփման գծի վրա ծավալվող իրադարձությունները, եթե անգամ միտված են միայն ու միայն Ադրբեջանի հասարակայնությանը ներքաղաքական պայքարից շեղելու եւ «արտաքին վտանգի» դեմ համախմբելու միջոցով՝ իշխանությունը Ալիեւ հորից որդուն փոխանցելու գործընթացը սահուն եւ անցնցում անցկացնելու խնդրի լուծմանը, կարող են նաեւ դուրս գալ նախապես մշակված սցենարի շրջագծից», - վերլուծում է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Ադրբեջանաղարաբաղյան շփման գծի վրա տիրող անկայունությունը հարմար «քարտ-բլանշ» է այնտեղ զորքեր տեղադրելու համար: Ուստի պատահական չի կարող համարվել նաեւ, որ նման անկայունությունը հիմնականում հրահրվում է հենց ռազմաճակատի հարավ-արեւելյան՝ ազատագրված տարածքներ - Իրանի սահման - Ադրբեջանի հարավային սահման եռանկյունու վրա: Կարծես ինչ-որ մեկը փորձում է տպավորություն ստեղծել, թե ռազմաճակատի այս՝ իսկապես վտանգավոր հատվածում հայերն ու ադրբեջանցիները այլեւս ինքնուրույնաբար ի վիճակի չեն վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը, ուստի երրորդ ուժի խաղաղարար գործառույթների սուր կարիք են զգում»: Մեկնաբանի կարծիքով, սակայն, Ադրբեջանի նախագահը լավ է հասկանում, թե ինչպիսի վտանգավոր կրակի հետ է ինքը խաղում, ուստի արհեստականորեն էր սրում իրավիճակը՝ ակնկալելով որոշակի շահաբաժիններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության արդյունքում սպասվող քաղաքական առեւտրում: Տվյալ այցը եւ Հեյդար Ալիեւին ռուսաստանյան ամենապատվավոր շքանշանով պարգեւատրելու հեռանկարը ինքնին կարող էր նշանակել ալիեւյան կլանին հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններում տրվող «դաբրո»:

«Հանցավորության մակարդակը մեզանում նույնիսկ չի էլ մոտենում ռուսաստանյանին կամ վրացականին, չխոսենք արդեն լատինամերիկյանի մասին», - ոգեշնչում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը եւ հավաստիացնում, որ եթե պետությունը դիմի հանցավորության դեմ պայքարի արտակարգ միջոցների, դա «ի փորձություն» կտանի շատ-շատերին, միայն կխթանի հանցավորությանը, միշտ էլ կգտնվեն կարգուկանոնի ոչ այնքան տոկուն բազում պահապաններ, որոնք կօգտագործեն ստեղծված հնարավորությունները սեփական օգուտի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգը վերջերս զարմանքով էլ ծանոթացել «Այբ-Ֆե» օրաթերթի հուլիսի 2-ի համարի «Հայաստանը՝ օրենքով գողերի հավաքատեղի» հրապարակմանը, ուր մասնավորապես նշված էր, թե Սվոյ Ռաֆի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած օրենքով գողերին ընդունել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արձագանքվել էր, թե սա բացարձակ կեղծիք է ու զրպարտանք: «Այբ-Ֆե»-ի աղբյուրը, սակայն, այսօր էլ պնդում է լուրը եւ մասնավորապես մանրամասնում. - «Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին այդ պաշտոնում նշանակելուց հետո այդպես էլ հայ համայնքը չընդունեց նրան որպես հոգեւոր առաջնորդ: Հենց այդ հարցերը կարգավորելու նպատակով էլ կաթողիկոսը հանդիպել եւ զրուցել է օրենքով գողերից մի քանիսի հետ: Աղբյուրի հավաստմամբ, նա իր նպատակին հասել է. այլեւս Եզրաս սրբազանին (գողերի «դաբրոյով») Մոսկվայում կընդունեն եւ չեն նեղացնի»:

Ամեն անգամ, երբ «ԱրմենՏել»-ի դեմ աղմուկ է բարձրանում իր, մեղմ ասած՝ անբարեխիղճ աշխատանքի պատճառով, վերջինիս տերերը տարածում են, թե Հայաստանում լուրջ վնասներ են կրել եւ իրենց բաժնեմասը վաճառելու են: Այս «ավանդույթի» շրջանակում «Հայկական ժամանակ» թերթը մատնանշում է. - «Կորուստների պատճառը հունական ընկերությունը պետք է փնտրի իր նշանակած կառավարիչների մեջ, որոնք Հայաստանում շատ դեպքերում զբաղված են ոչ թե ընկերության, այլ իրենց գրպանի խնդիրները լուծելով»:

«Նույնիսկ այդքան աղմուկ բարձրացրած «ԱրմենՏելի» գործարքը սարսափելի չի թվում մենաշնորհ ենթադրող այլ գործարքների կողքին», - «Զվարթնոց», այժմ «Արմենիա» միջազգային օդանավակայանի գործարքին է անդրադառնում «Ազգ» թերթի մեկնաբանը՝ այն որակելով «պատուհաս հայաստանցիներիս գլխին»: «Փակուղում ենք հայտնվել՝ միամտության դեպքում իշխանությունների անհեռատեսության, իսկ իրատես լինելու՝ պատեհապաշտության պատճառով», - գրում է մեկնաբանը։ - «Արգենտինահայ սեփականատերերին տրված սակագնային քաղաքականությունը վարելու բացառիկ իրավունքն արդեն բերել է օդանավակայանում սպասարկման գների կտրուկ աճի, սակայն՝ սպասարկման որակի կտրուկ անկման պայմաններում։ Հասարակ ուղեւորներս շատ ճիգեր պետք է գործադրենք նվաստացուցիչ վերաբերմունքը չնկատելու եւ հիասթափություն չապրելու համար»: «Ավիացիայի բնագավառում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը լուրջ հարված է Հայաստանի վարկին՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով», - ամփոփված է «Ազգ»-ում։ - «Ակամա հիշում ես իշխանությունների խանդավառությունը գործարքը կատարելիս եւ այդ խանդավառությամբ հասարակությանը վարակելու ցանկությունը։ Այս անգամ էլ հոռետես թվացողները, պարզվեց, ընդամենն իրատես են»։

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռել հետեւյալին. - «Ռոբերտ Քոչարյանը հունիսի 8-ին չի մասնակցել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ թագուհու ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը, որը նաեւ համընկավ Հայաստանում այդ երկրի նոր դեսպանատան բացման հետ: Քոչարյանը հուլիսի 4-ին չմասնակցեց նաեւ ԱՄՆ-ի ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Իսկ ահա հունիսի 12-ին Քոչարյանը սիրով ընդունեց հրավերը եւ մասնակցեց Ռուսաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ-ում այդ երկրի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը: Հաջորդ երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, Ֆրանսիայի ազգային տոնն է... Քոչարյանի քայլերի տրամաբանությունը հուշում է, որ նա անպայման մասնակցելու է այդ ընդունելությանը», - հետաքննում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ակնհայտ է, որ նա չի ընդունել այն երկրների դեսպանությունների հրավերները, որոնց ղեկավարները չեն շնորհավորել իրեն՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդպիսիք են հենց Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը... Ճի՞շտ է, արդյոք, հաշվարկել Քոչարյանն իր քայլերը, թե սխալ, եւ ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ Հայաստանի վրա՝ առայժմ դժվար է ասել», - բազմակետ է դրվում «Հայկական ժամանակ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG