Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը կրկին բարձրաձայնում է մտահոգությունները՝ «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեկյանին կառավարման տալու կապակցությամբ


Մեծահարուստ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին Արգենտինայի իշխանությունների կողմից հարկերից խուսափելու մեջ մեղադրելը առիթ է դարձել, որպեսզի հայաստանյան ընդդիմությունը քննադատության նոր ալիք բարձրացնի իշխանությունների դեմ՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը 30 տարով հավատարմագրային կառավարման տալու համար:

Արգենտինայի պետական եկամուտների վարչությունը Էռնեկյանին մեղադրում է օրենքով սահմանված հարկերի գումարները վճարելու փոխարեն օֆշորային գոտիներում գտնվող հիմնադրամներին ուղարկելու մեջ, ինչը այդ երկրի օրենսդրությունը գնահատվում է որպես «հարկերից խուսափելու ծանր դեպք»: Էռնեկյանը պարտավոր էր հնգօրյա ժամկետում ներկայանալ տադական մարմիններին: Իտալիայում գտնվող Էռնեկյանի փաստաբանները, սակայն, այդ գործով զբաղվող դատավոր Խուլիո Կրուցիանիի հետ համաձայնության են եկել, եւ մեկ շաբաթով հետաձգվել է Էռնեկյանի՝ Արգենտինային դատական մարմիններին ներկայանալու վերջնաժամկետը:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Էռնեկյանի շուրջ Արգենտինայում ծավալվող իրադարձութունները իրենց չեն մտահոգում:
Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքված պայմանագրում, սակայն, խիստ անհանգստացնող դրույթներ կան, որոնք դեռ 2001 թվականի դեկտեմբերին՝ երբ կնքվում էր պայմանագիրը, խիստ անհանգստացրել էին մի շարք քաղաքական գործիչների, ոլորտի մասնագետների ու տնտեսագետների:

Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» դաշինքի խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձավ ոչ միայն նշված պայմանագրով Էռնեկյանին տված արտոնյալ կարգավիճակին ու բացառիկ լիազորություններին:

«Արդեն իսկ առկա են պայմանագրի լուրջ խախտումներ, այն է՝ 60-օրյա ժամկետում պետք է արվեին առաջին ներդրումները, որոնք չեն արվել: Միայն այս փաստն էլ բավարար է՝ չեղյալ համարելու պայմանագիրը», - ասաց Մանասերյանը՝ ավելացնելով, որ փոխարենը բարձրացված են բազմաթիվ ծառայությունների սակագներ՝ դրա դիմաց որեւէ բարելավում չիրականացնելով: - «Չհիմնավորված են նաեւ բազմահազար գումարները, որոնք տրվում են աշխատավարձի տեսքով»:

Մտահոգություն է առաջացնում նաեւ պայմանագրի հետեւյալ դրույթը. «Կառավարության պատասխանատվությամբ օդանավակայանից պետք է հեռացվեն բոլոր այն աշխատողները, որոնք կառավարչի կողմից աշխատանքի չեն վերցվելու»: Մանասերյանի խոսքերով, այս դրույթի հիման վրա «նկատվում է կադրային ջարդ»:

Ավելին՝ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, ոլորտն այսօր անվերահսկելի է դարձել, շոշափոլիերոն եւ միանգամայն անհիմն կերպով (քանի որ որակը լավագույն դեպքում անփոփոխ է մնացել) բարձրացվել են բազմաթիվ ծառայությունների սահագները՝ հարուցելով ուղեւորների արդարացի դժգոհությունը:

Կտրուկ աճել են նաեւ օդանավերի կայանման համար սահմանված վարձավճարները՝ խիստ վիճահարույց դարձնելով Հայաստանը տարանցիկ գոտի դարձնելու, զբոսաշրջությունը զարգացնելու մասին հայտարարությունների իրագործումը:

Պայմանագրով ընկերությանը հնարավորություն է տրվում արտոնյալ պայմաններով միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ, ընդ որում՝ կարող է գրավ դնել իրեն տրամադրած գույքը՝ մասամբ կամ ամբողջությամբ: Այս վերջին դեպքում անհրաժեշտ է կառավարության համաձայնությունը, սակայն վերապահում կա, թե կառավարությունը չի կարող «անհիմն մերժել»: Ըստ Մանասերյանի, այդ դրույթը կարող է լուրջ սպառնալիք լինել:

«Թե' տեղական օրենքների, թե միջազգային օրենքների տեսանկյունից անընդունելի դրույթ է՝ լիազորագրային կառավարման տրամադրած գույքը տնօրինելու եւ դնելու որպես գրավ: Անընդունելի է նաեւ տրամաբանորեն, որովհետեւ սեփականատերը չի փոխվում», - ասաց նա: - «Լիազորագրային կառավարման ընկերության կողմից գրավ դնելը, իսկ խոսքը իսկապես ռազմավարական ոլորտի մասին է, շատ լուրջ սպառնալիք է»:

Իսկ վերջին զարգացումների խորապատկերի վրա, ըստ Մանասերյանի, «պետք է ահազանգ հնչեցվի»: «Քանի որ, ունենալով գրավ դնելու իրավունք, այդ ընկերությունը կարող է ցանկացած պահի իր պարտքի դիմաց, որը կուտակվել է Լատինական Ամերիկայում, օգտագործել Հայաստանի ազգային հարստության կարեւորագույն մի մասը», - փաստարկեց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG