Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ընդհանուր առմամբ, դրական գնահատելով հայ թուրքական հարաբերությունների ներկա մթնոլորտը, ասում է, թե Թուրքիայի եւ Հայաստանի լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում անցած ամիս Մադրիդում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ իր հանդիպման «ոգուն եւ տառին»:

Թուրքական լրատվամիջոցներում անգամ ենթադրություններ երեւացին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարող է հայտարարել սահմանի վերաբացման մասին՝ անցած ամսվա վերջին Կարսում: Այստեղ, սակայն, Էրդողանը ասել էր, թե Թուրքիան կողմնակից է ընդառաջ քայլ կատարել Հայաստանին, սակայն, նրա խոսքերով՝ «մեր դիմացիններն էլ այս փուլում պետք է ըմբռնում ցուցաբերեն»՝ նկատի ունենալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված՝ հայերի ջանքերը: Նա առաջարկել էր, որ այդ հարցը լուծեն պատմաբանները, իսկ «մենք զբաղվենք քաղաքականությամբ եւ ներկա դարաշրջանը դարձնենք խաղաղության, բարեկամության դարաշրջան»:

Էրդողանի հայտարարություններին նախորդել էին թուրք բարձրաստիճան դիվանագետների եւ Միացյալ Նահանգներում հայոց սփյուռքի առաջնորդների մի քանի հանդիպումներ: Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ, դեսպան Էքվեթ Թեզքանը անցած ամիս Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգներում հայկական երեք խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս Վարդյանը հուլիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ամերիկահայ սփյուռքի ղեկավարները թուրք դիվանագետին ասել են, որ հայերը երբեք չեն հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից:

«Եթե դա է նրանց ակնկալածը, ապա դա երբեք չի լինելու», - «Ազատություն» ռադոիկայանին ասել էր Վարդյանը:

Ռոսս Վարդյանը ասել է նաեւ, թե ամերիկյան կառավարությունը բոլոր մակարդակներում, բոլոր հանդիպումների ժամանակ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ բացելու Հայաստանի սահմանը՝ առանց նախապայմանների:

«Այն, ինչ ասվեց սահմանների մոտալուտ բացման մասին, չէր համապատասխանում մեր հանդիպման ոգուն եւ տառին, բայց այնքան հեռու չէր այն իմաստով, որ երկուստեք ցանկություն հայտնվեց իրոք տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, թե կա «փոքր քայլերով առաջ շարժվելու» պայմանավորվածություն:

«Ընդհանուր մթնոլորտը [հայ-թուքական հարաբերությունների] ես դրական եմ գնահատում», - ասաց արտգործնախարարը: - «Բայց այն էյֆորիան, որ ստեղծվեց, իրականությանը չի համապատասխանում»:

Օսկանյանը հույս հայտնեց, որ որոշակի հստակություն կարող է մտցնել հաջորդ հանդիպումը՝ չկոնկրետացնելով, սակայն, թե այն երբ եւ ինչ ֆորմատով է անցկացվելու:

Հարցին, թե հայկական կողմը որ քայլերն է նախընտրելի համարում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին, Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց. - «Այս պահին ես չէի ուզենա դրանք թվարկել: Բազմաթիվ այդպիսի քայլեր կան, որոնք հնարավոր է մոտ ապագայում իրականացնել»:

Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին պատասխանեց Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական կենտրոնի բացման արարողության ժամանակ: Եվրախորհրդին վերաբերող տեղեկատվության տարածման նպատակով բացված այս կենտրոնը թվով 21-րդն է Եվրոպայում:


Արմեն Զաքարյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG