Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի մեծամասնությունը հակված է հաստատել մահապատժի վերացումը


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակությանը՝ «Ագոյի խմբին», երեկ Հայաստանի իշխանությունները «հստակ եւ կոնկրետ» երաշխիքներ տվեցին, թե մինչեւ 2004 թվականի հունվարը, երբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկելու է Հայաստանի պարտավորությունների կատարումը, դրանց մեծամասնությունը կատարված կլինի:

Պարտավորությունների մեջ առանցքային է Մարդու իրավունքների համաեվրոպական հռչակագրի 6-րդ արձանագրության վավերացումը: Անցած ապրիլին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը, որով առավելագույն պատժաչափ է սահմանվել ցմահ ազատազրկումը: Դրա հետ մեկտեղ սակայն, խորհրդարանն ընդունեց նաեւ նոր օրենսգիրքը գործողության դնելու կարգը, որով դատարանը պահպանում է մահպատիժ սահմանելու իրավունք՝ ահաբեկչական ակտի, մանկահասակ աղջկա բռնաբարության, ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության դեպքերում՝ եթե դրանք կատարվել են մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը:

Նախկին Ազգային ժողովում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը կողմ էին «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների համար օրենսգրքում նման սողանցք թողնելուն: Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները, սակայն, մեկ անգամ չէ, որ շեշտել են, որ այդ հարցում եվրոպական այդ կառույցը որեւէ բացառություն չի ընդունում: Օրինակ, նույն Պիետրո Ագոն իր նախորդ այցելության ժամանակ Երեւանում միանշանակ հայտարարել էր. - «Եվրախորհրդի դիրքորոշումն է՝ ոչ մի բացառություն կապված մահապատժի վերացման հետ»:

Նոր Ազգային Ժողովում ներկայացված հին քաղաքական ուժերից «Օրինաց երկիր»-ն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) են միայն իրենց նախկին տեսակետից հրաժարվելու նշաններ ցույց տալիս՝ այլեւս բացառություններ չպահանջելով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության համար: Երեկ «Ագոյի խմբի» անդամներին վեցերորդ արձանագրության վավերացման պատրատակամության հավաստիացումներ են տվել թե' Ազգային ժողովի խոսնակ, «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ թե' ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանը:

«Ինչքան ծանր ենք տանում «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը, այսօր դիրքորոշումը հստակ է՝ որեւէ բացառություն չի կարող արվել՝ մեկ: Եվ երկրորդ՝ Եվրախորհրդի անդամակցությունը եւ մահապատժի վերացումը միմյանց հետ կապված հարցեր են, չի կարող մեկը այսպես որոշվել, մյուսը՝ այնպես», - դեռ անցած ուրբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր Տիգրան Թորոսյանը:

Հիշեցմանը, թե անցյալ տարի ինքը արդարացնում էր բացառությունները «Հոկտեմբերի 27»-ի գործի համար, Տիգրան Թորոսյանը այսպես արձագանքեց. - «Եվրոպայի խորհրդի անդամ չլինել Հայաստանի համար չափազանց ծանր գին է, որ մենք կվճարենք: «Հոկտեմբերի 27»-ից հետո էլ կար բավարար ժամանակ, որ դատավճիռ ընդունվեր դատարանում այդ հանցագործների հետ կապված: Չափից ավելի շատ ձգձգվեց այդ հարցի լուծումը»:

Թորոսյանի փոխանցմամբ, մահապատժի վերացման արձանագրությունը վավերացնելուց հետո Քրեական օրենսգիրքը ուժի մեջ դնելու կարգում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ վավերացվելուց հետո «մնացյալ օրենքները չեն գործի՝ առաջնահերթ կլինի վեցերորդ արձանագրությունը»:

Աշնանային նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի մահապատժի վերացումը: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները շարունակում են դեմ արտահայտվել դրան, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը, խորհրդարանում ուժերի ստեղծված հարաբերակցությունը իշխանամետ ուժերին հնարավորություն է տալիս բարձրացնել ու անցկացնել ցանկացած հարց:

«Եթե իշխանությունը լիարժեք ցանկություն ունենա որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու կամ որեւէ խնդիր լուծելու, որը բխում է Եվրոպայի խորհրդի պահանջներից, նա կդնի եւ կլուծի այդ խնդիրը», - ասել էր Բազեյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG