Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանը մերժեց մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող «Արդարություն» դաշինքի 14 ներկայացուցիչների դիմումը՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները հաստատող որոշումը:

«Կոնկրետ ընտրական վեճի շրջանակներում նրանց [«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների] կողմից ներկայացրած ապացուցողական նշանակության փաստարկները բավարար հիմք չեն հանդիսանում համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի 2003 թվականի մայիսի 25-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար», - ասված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որը հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Սահմանադրական դատարանը, այդուհանդերձ, «արդարացված» է որակել դիմումատուների որոշ մտահոգությունները:

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող պատգամավորության թեկնածուների մտահոգությունները արդարացված են՝ ընտրական համակարգի թերությունների, գործընթացի նկատմամբ վստահության պակասի, վերահսկող ինստիտուտների արդյունավետ աշխատանքի համար դեռեւս ոչ բավարար նախադրյալների ապահովման, ընտրակեղծիքներ թույլ տված անձանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի, ֆինանսական միջոցների ներգրավման ոչ բավարար թափանցիկության եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ», - ձեւակերպում է որոշման կետերից մեկը:

Այսպիսով, նորընտիր խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը կպահպանվի հօգուտ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած կուսակցությունների՝ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն:

Սահմանադրական դատարանում հայցի քննարկման ընթացքում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչներից Արշակ Սադոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «այդպես էլ պետք է լիներ»:

«Հսկայի քայլերով դեպի բռնապետություն ենք գնում, եւ այլ բան հնարավոր չէր սպասել», - ասաց նա՝ ավելացնելով, թե դատարանի որոշման վրա «խորը ազդեցություն է թողել ահաբեկության այն մթոլորտը, որ տիրում է երկրում»՝ նկատի ունենալով վերջին շրջանի սպանությունները:

«Արդարություն» դաշինքի ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ դաշինքը դիմի Եվրոպական դատարան: Դաշինքի ներկայացուցիչներից շատերը դեռ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը հայտարարում էին, թե վստահ են, որ դատարանը մերժելու է հայցը, սակայն գնում են այդ քայլին, որպեսզի հնարավորություն ստանան դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG