Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կքննարկի հայաստանյան ընտրությունները


Շաբաթ օրը Ռոտերդամում (Հոլանդիա) բացված Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի օրակարգում է նաեւ Հայաստանում անցած ընտրություններին վերաբերող զեկույցի քննարկումը:

Պաշտոնական տեղեկատվությունը այսքանով սահմանափակվում է: Քանի որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը տարեկան մեկ նստաշրջան է անցկացնում, ուստի բացառված չէ, որ Ռոտերդամում միաժամանակ խոսվի ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական ընտրությունների մասին:

Քննարկվելիք փաստաթուղթը շաբաթ օրվա առաջին կեսի դրությամբ չէր հրապարակվել: Այսպես էր, հիշեցնենք, նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում, երբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին վերաբերող զեկույցը, հակառակ եվրոպական այդ կառույցում ընդունված կարգի, հրապարակվեց քննարկումից միայն 2 ժամ առաջ:

Եվրախորհրդի այդ փաստաթղթով առաջարկվել է խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանում չճանաչել հայաստանյան նորընտիր խորհրդարանի պատվիրակության մանդատը՝ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումների «ծավալն ու լրջությունը»: Հայաստանյան պաշտոնյաները, սակայն, բավական հանգիստ են վերաբերում դրան՝ պնդելով, թե դա չի կարող ունենալ որեւէ իրավական հետեւանք: Նրանք, սակայն, անտեսում են դրա քաղաքական հետեւանքները, մասնավորապես՝ նման հարցի քննարկման իսկ ազդեցությունը երկրի միջազգային հեղինակության վրա:

Ուրբաթ օրը Ռոտերդամ մեկնելուց առաջ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է նա բացատրում հայաստանյան ընտրություններին վերաբերող փաստաթղթի չհրապարակված լինելը, Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ասաց. - «Մենք ստացել ենք բոլոր զեկույցների տեքստերը... Ինչ վերաբերում է մեզ [Հայաստանի ընտրություններին վերաբերող զեկույցին], մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, տեքստին ծանոթ չենք»::

«Ի վերջո, մեզ հայտնի է, թե ինչ շրջանակներում է լինելու խոսակցությունը մեզ հետ», - այդուհանդերձ ասաց Հովհաննիսյանը: - «Ես չեմ կարծում, որ ԵԱՀԿ որոշումներում ընդգրկված լինեն ինչ-որ սանկցիաներ: Այդ կազմակերպությունը նման պրակտիկա չունի»:

Շարունակելով՝ Վահան Հովհաննիսյանը ասաց, թե ըստ երեւույթին ռոտերդամյան փաստաթղթում գնահատականները էապես չեն տարբերվի Եվրամիության եւ Եվրախորհրդի գնահատականներից. - «Կարծում եմ, որ նույն ոճի, բառապաշարի ու եզրակացությունների հետ գործ կունենանք»:

Ռոտերդամ մեկնած պատվիրակության կազմում է նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Արտաշես Գեղամյանը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը կավարտվի հուլիսի 9-ին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG