Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր լրանում Է Հայաստանի Սահմանադրության 8 տարին: Ով էլ ինչ ասի գործող Հիմնական օրենքի մասին, դա հղկված փաստաթուղթ է, երկար ժամանակ քննարկված եւ խիստ տրամաբանական», - գնահատում է «Առավոտ» թերթը: - «Անցած ութ տարվա ընթացքում չկար այնպիսի լուրջ խնդիր, որը հնարավոր չլիներ լուծել գործող Սահմանադրության միջոցով, չէր եղել որեւէ պահ, երբ Գլխավոր օրենքում եղած հնարավոր անհարթությունները պատճառ դառնային որեւէ ճգնաժամի: Հետեւաբար», - բխեցնում է «Առավոտ»-ը, - «բազմիցս վկայակոչվող «պետական մտածելակերպը» պետք է որ հուշեր իշխանավորներին՝ ձեռք չտալ իրեն արդարացրած այդ փաստաթղթին եւ շտկումների խնդիրը թողնել հաջորդ սերունդներին: Մինչդեռ գործադիր իշխանությունը էլ ավելի ուժեղացնելու մոլուցքը եւ որպես սահմանադրական բարեփոխիչներ պատմության մեջ մնալու ցանկությունը դրդեց մեր իշխանավորներին վերաձեւել Հիմնական օրենքը»: Ըստ «Առավոտ»-ի՝ փոփոխությունները «սաղացնելով», իշխանությունը, բացի իր անվերահսկելիությունն ավելացնելուց, կլուծի եւս մի խնդիր. - «2008-ին Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա առաջադրվել 3-րդ, իսկ այնուհետեւ 4-րդ անգամ պատճառաբանելով, թե փոփոխված սահմանադրությունն ընդունվել է նախագահի պաշտոնավարման 2-րդ ժամկետի ընթացքում»:

«Սահմանադրությունը մեզ հնարավորություն է տալիս հասնելու ազգային ինքնագիտակցության նոր մակարդակի», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը՝ այս առումով ձեւակերպելով. - «Եթե մեր ողջ ներուժը չենք ծառայեցնելու ազատ պետություն եւ ազատ քաղաքացի ունենալու գերնպատակին, եթե մեր բոլոր քայլերը չեն բխելու այս գերնպատակի իրագործման շահերից, ուրեմն, միակ բանը, որ դեռ շարունակելու ենք ունենալ՝ կորսված հայրենիքի տեսլականն է»:

Օրահնչության տեսանկյունից «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը նշում է. - «Այսօր ոչ ոք չի հիշում սահմանադրական փոփոխությունների մասին: Ժամանակ էլ չկա. ո՞վ մտածի, ե՞րբ մտածի, հազիվ իրար հաջորդած սպանությունների մասին են խորհում ու հետընտրական քրեածին մթնոլորտի պատճառած մյուս անախորժությունների: Իսկ ընդհանրապես, առաջին հերթին երկրի Սահմանադրությունը հարգել է պետք, ոչ թե «բարեփոխել»:

«Գոլոս Արմենիի» թերթի պատկերավորմամբ, «նախկին քաղաքից հեռացել է քաղաքային մշակույթը, եւ տեղը գրավել է քրեական ենթամշակույթը»: «Իշխանությունների ապաշնորհության եւ թողտվության հետեւանքով, Երեւանը դարձել է սուր վտանգի գոտի: Իհարկե, երբ ներկայիս «զոնա»-ի տեղը քաղաք էր, էլի շատ բան էր պատահում, բայց այն ժամանակ իշխանությունը հանցաշխարհի հետ ուրիշ լեզվով էր խոսում: Եվ վերջինս գիտեր իր տեղը», - գրում է մեկնաբանը: - «Որովհետեւ իշխանության մեջ կար եւ նա, ով «ապերիկներին» խորհրդարան չէր թողնում, եւ դրանք վախենում էին ուրիշի տարածքը մտնել: Հենց «զոնա»-ի օրենքների համապատասխան էլ վարչապետի եւ Ազգային ժողովի խոսնակի կուսակցությունները ընտրություններում զգալի ձայներ հավաքեցին՝ խախտելով օրենքներն ու խաբելով: Մի խոսքով, նախկին քաղաքում տերը հանցաշխարհն է. մարդկանց օրը ցերեկով սպանում են, որովհետեւ հասկացել են՝ այսօր կարելի է այն, ինչ երեկ չէր կարելի: Հասկացել են՝ իշխանությունն իրենց դեմ շատ թույլ է...»:

Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը «Հայաստանի Հարապետություն» թերթի հարցազրույցում այսօր ասում է. - «Ես օպերատիվ իրավիճակի սրացում չեմ տեսնում: Ոստիկանությունը հիմնականում ամբողջ ծավալով կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Ես ավելի շատ տեսնում եմ մթնոլորտի արհեստական սրում եւ քաղաքականացում, քանի իրականում կա»: Ոստիկանապետը թվեր է բերում, թե նախորդ այս ու այն ժամանակահատվածների համեմատ ինչ առաջընթացիկ ցուցանիշներ են արձանագրել: Մյուս կողմից, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Հայկական ժամանակ» թերթում ասում է. - «Ընտրություններում իշխանությունը նպատակ էր դրել՝ վերարտադրելու իրեն, եւ այդ նպատակին հասնելու համար միջոցների, ուժերի եւ ձեւերի մեջ խտրականություն չդնելով՝ ներգրավեց նաեւ կրիմինալ տարրը: Այն, ինչ կատարում էին նրանք ընտրությունների ժամանակ՝ անպատիժ էր մնում, որովհետեւ հովանավորվում էին իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանական բաժինների պետերի մակարդակով: Այսօր նրանք իրենց նույնքան անպատիժ են համարում, որքան ընտրությունների ժամանակ»: Սուրեն Աբրահամյանի հայացքով, այսօրվա ոստիկանապետը չունի այն ինտելեկտուալ եւ մասնագիտական կարողություններն ու քաղաքական քաջությունը՝ իրավիճակը շտկելու համար: «Բայց դա խնդրի միայն մի մասն է», - շարունակում է նա: - «Քաղաքական իշխանությունը ինքը պետք է թույլ տա, որ ոստիկանությունը զբաղվի իր գործով եւ ոչ թե սրա-նրա վրա գործ սարքելու պատվերներ տա»:

Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ» թերթում շեշտադրում է. - «Անվերապահորեն պետք է մատնանշվեն եղած բոլոր սխալները, թերություններն ու խախտումները, որոնք եղել են ընտրությունների ժամանակ, որպեսզի առաջիկայում հնարավոր լինի խուսափել դրանց կրկնությունից: Չարժե թաքցնել այս հանգամանքը, առավել եւս որ շատ վաղուց մենք մենակ չենք մեր դժվարությունների ու խնդիրների հետ: Բոլորի համար տեսանելի է, թե Հայաստանում ինչ է կատարվում եւ գնահատականներն էլ, անկախ մեր ցանկությունից, հնչել եւ հնչելու են»:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սեւեռում, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց ԱՄՆ ազգային տոնի կապակցությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կազմակերպած ընդունելությանը: Չեն մասնակցել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ԱՄՆ դեսպանատան մի պաշտոնյա, որ չի ցանկացել նշել իր անունը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այն հարցին, թե ինչու Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել ընդունելությանը, ասել է. «Երեւի արհամարհել են»: «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան հարաբերություններում նոր բարդություններ են ծագել», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG