Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Առնո Բաբաջանյանի արձանը


Ուրբաթ օրը Երեւանի կենտրոնում բացվեց մեծատաղանդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը: Արձանը պիտի տեղադրվեր դեռ անցյալ տարի, սակայն ի պատասխան առաջացած ու հնչած ծայրահեղ տարակարծությունների՝ հիացմունքից մինչեւ հիասթափություն, արձանի հեղինակները՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, համաձայնեցին այն ենթարկել որոշ փոփոխությունների:

Արձանը այսօր վերջապես տեղադրվեց, տարակարծությունները, սակայն, չվերացան: Կրկին կան հիացականից մինչեւ «ամո'թ է» գնահատականներ:

«Երեւանի կենտրոնում դրվում է իսկական արվեստի գործ, բարձր մտահղացման, ստեղծագործական թռիչքի երեւույթ», - բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում, որն ընդմիջվում էր հավաքվածների «ամո'թ է» բացականչություններով, ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:

«Որպես կոնկրետ մարդու արձան, ում մենք ճանաչում ենք, ում ստեղծագործությունը մենք ճանաչում ենք, բոլորովին չի համապատասխանում իր արվեստի ոգուն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին: - «Նման հանճարի արձանը չի կարելի այդպես ներկայացնել»:

«Բարձր ճաշակով, խորիմաստ, իսկական մայրաքաղաքային արձան է», - ասաց «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Սոս Սարգսյանը եւ, փորձելով հաշտեցնել իրարամերժ կարծիքներ արտահայտողներին, դիմեց հատկապես նրանց, ովքեր արձանը չեն հավանում. - «Հարգեք մեկ ուրիշի ճաշակը, հարգեք մեկ ուրիշի ըմբռնումները»:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ կանցնի շատ քիչ ժամանակ, եւ այս արձանը կդառնա մեր մայրաքաղաքի հպարտություններից մեկը», - իր խոսքը եզրափակեց Սոս Սարգսյանը:

Արձանի մասին դրական կարծիք հայտնեց նաեւ մայրաքաղաքի նորանշանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Արձանին շատ նորմալ եմ վերաբերում: Նայում եմ որպես ստեղծագործություն նվիրված Առնո Բաբաջանյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զախարյանը: - «Կողմնակից եմ, որպեսզի նման հարցերը լուծվեն մասնագիտական խորհուրդների միջոցով, որպեսզի տարաձայնություններ կամ նման դժգոհություններ չլինեն»:

Առնո Բաբաջանյանի արձանի ստեղծման բոլոր աշխատանքները ֆինանսավորել է գործարար Ռուբեն Հայրապետյանը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG