Մատչելիության հղումներ

Մկրտչյանի սպանությունը մտահոգության ալիք է բարձրացրել


Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան, գրականագետ Կարեն Մկրտչյանի սպանությանը հայաստանյան հասարակությունը՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից մինչեւ շարքային քաղաքացիները, արձագանքում ենք սրված մտահոգությամբ ու տագնապով:

Կարեն Մկրտչյանը սպանվել էր երեկ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության հասարակության հետ կապերի եւ լրատվական բաժնի պետ ուրգեն Ամբարյանը, գործով ձերբակալվածներ դեռեւս չկան: Բազմաթիվ վարկածների թվում քննվում է նաեւ սպանվածի մասնագիտական գործունեության հետ կապված վարկածը: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Կարեն Մկրտչյանի վրա կրակել են «Նագան» մակնիշի ատրճանակից:

Երեկվա սպանությունը արդեն հինգերորդն էր վերջին 30 օրվա ընթացքում: Նախորդ խորհրդարանում Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, իսկ այսօր նորընտիր խորհրդարանի փոխնախագահ, Վահան Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, թեեւ այդ սպանությունները քաղաքական երանգ չունեն, այնուամենայնիվ, «քաղաքական ֆոն այդ երեւույթների զարգացման համար կարելի է անմիջապես նկատել»:

Նրա խոսքերով, վերջին 8 ամիսներին Հայաստանը «անընդհատ ցնցումների մեջ է», եւ դա Ազգային ժողովի փոխխոսնակը պայմանավորում է «ընտրական մարաթոններով». - «Դրանք միշտ չէ, որ հանգիստ եւ անկաշկանդ էին անցնում: Խոչընդոտներ, բախումներ, կոնֆլիկտային իրավիճակներ առաջացան, անհամաձայնություններ, ջղաձգություններ, հասարակական տարբեր շերտերի, մարդկանց տարբեր խմբերի բախումներ, որոնք նույնիսկ վտանգավոր եզրի հասցրեցին»:

Շարունակելով՝ Վահան Հովհաննիսյանը ասաց, որ նման պայմաններում ակտիվանում են ագրեսիվ տարրերը, ներգրավվում են ընտրական գործընթացներում: «Գաղտնիք չէ, որ եւ տեղական, եւ այլ ընտրություններում խուժան տարր, կիսահանցագործ տարրը փորձել է երեւան գալ: Ցավալի է, բայց՝ հաճախակի հաջողությամբ», - նշեց նա՝ ավելացնելով, որ այդ «թայֆաները» իրենց դիրքերն ամրապնդելու համար ծառայում են այս կամ այն թեկնածուին (իսկ քաղաքական որոշ շրջանակներում առկա էր նման ծառայությունենրի պահանջարկը), եւ մատուցած ծառայության դիմաց «բարձրացրել են իրենց սոցիալական ակտիվությունը»:

«Իսկ նրանց սոցիալական ակտիվությունը դրսեւորվում է սպանություններով, «ռազբորկաներով», ինչ-որ քաշքշուկներով», - ավելացրեց Հովհաննիսյանը:

Իսկ իրավապահ մարմինները, ըստ նրա, բաց թողեցին այդ պահը, վերահսկողության տակ չպահեցին, եւ հենց սկզբում չդիմակայեցին վտանգավոր զարգացումներին: Հովհաննիսյանի կարծիքով, հասարակությունը պետք է մոբիլիզացվի եւ պարտադրի իրավապահ մարմիներին լրջությամբ անդրադառնալ այս հարցրին:

Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հարցերով հանձնաժողովի նոր նախագահ Մհեր Շահգելդյանը նույնպես արձանագրեց, որ խնդիրը հրատապ է: «Այսօր հասարակության մեջ կա մեծ անհանգստություն», - ասաց նա: - «Հասարակությունը ակնկալում է եւ պահանջում է իրավապահ մարմիններից հստակ գործողություններ եւ հստակ պատասխան»:

Շահգելդյանը «հապճեպ» համարեց քրեական իրավիճակի վերելքի կապակցությամբ մեկնաբանություններ անելը:

Երեւանի փողոցներում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է երկրի իշխանություններին, իրավապահ մարմիններին:

«Սպանությունները օր-օրի ավելանում են», - ասաց մի տարեց երեւանցի: - «Այս ամենի մեղավորը ղեկավարությունն է: Ղեկավարությունը պիտի եղածները [ավելի վաղ կատարված սպանությունները] բացահայտի, բայց որ մեկը չեն բացահայտել»:



Հրաչ Մելքումյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG