Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանը միացվել է միասնական էլեկտրացանցին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից, հինգշաբթի օրը Հայաստանի միասնական էլեկտրացանցին է միացվել նախորդ օրը վերագործարկված Մեծամորի ատոմակայանը:

«Հայաստան ներկրված վառելիքի խմբաքանակը մեզ հնարավորություն է տալիս ատոմակայանը, առանց նոր վերալիցքավորման կանգնելու անհրաժեշտության, աշխատեցնել ամբողջ մեկ տարի», -ասաց էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Լուսինե Հարությունյանը: - «Այսինքն՝ ատոմակայանը կաշխատի մինչեւ մյուս տարվա օգոստոսը, որից հետո նոր կկանգնի վերալիցքավորման»:

Ատոմակայանը վերաբեռնավորման նպատակով կանգնեցվել էր դեռ անցած տարվա աշնանը: Միջոցների բացակայության պայմաններում այն անցած ձմռան մեծ մասը չաշխատեց: Վերջին տարիների ընթացքում միջուկային վառելիքի դիմաց 40 միլիոն դոլար պարտք էր կուտակվել: Եվս 13 միլիոն դոլար հարկավոր էր նոր վառելիքի համար:

Առանց վերաբեռնավորման ատոմակայանը որոշ ժամանակով վերագործարկվեց միայն նախագահական ընտրություններից առաջ, իսկ ապրիլի 4-ին նորից կանգնեցվեց: Ֆինանսական խնդիրները լուծվեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի բանակցություններում. ատոմակայանի ֆինանսական կառավարումը հանձնվեց ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ին:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG