Մատչելիության հղումներ

Սպանվել է ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանը


Չորեքշաբթի առավոտյան Երեւանում սպանվել է գրականագետ, Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան, 43-ամյա Կարեն Մկրտչյանը: Հարուցված է քրեական գործ, իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում, ձերբակալվածներ առայժմ չկան:

20.00-ի դրությամբ, ինչպես «Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը, հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ, օպերատիվ քննությունը շարունակվում է:

Ականատեսների վկայությամբ, հանցագործները սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից մի քանի անգամ կրակել ու հեռացել են: Կարեն Մկրտչյանը վերադառնում էր մանկապարտեզից, ուր տարել իր մանկահասակ դուրստրերից մեկին:

Սպանության առիթով քրեական գործը՝ դիտավորյալ սպանություն եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով, հարուցվել է Կենտրոն համայնքի դատախազությունում, ապա տեղափոխվել գլխավոր դատախազության վարույթ:

Ռուսաստանյան Իտառ֊-Տասս լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, քննության մարմինն ուսումնասիրում է վարկածը, որն առնչվում է վերջերս պետական քննությունից կտրված մի քանի անձանց: Ֆակուլտետի դեկանատի աշխատակցուհին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այս տարի կան պետական քննությունից կտրված 2-3 ուսանող՝ հրաժարվելով փոխանցել նրանց անունները:

Շրջանառվող լուրերի մեջ վարկած կա, թե Կարեն Մկրտչյանին պարզապես շփոթել են այլ մեկի հետ: Մտերիմների ու նախկին ուսանողների բնութագրմամբ «կիրթ», «անշառ» Կարեն Մկրտչյանը բիզնեսի կամ քաղաքականության հետ որեւէ առնչություն չուներ: Պետհամալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատում էր 1999 թվականից եւ ընդամենը մի քանի օր առաջ վերընտրվել էր: Կարեն Մկրտչյանը հայտնի գրականագետ, թարգմանիչ, 2001 թվականին մահացած Լեւոն Մկրտչյանի որդին է:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Նուբարաշենում հրազենից սպանվել էին խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի երկու եղբորորդիները եւ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այսօր պատասխանելով, թե համապատասխան պաշտոնյաները պատասխանատվություն կրելո՞ւ են արդյոք երկրում ստեղծված այս իրավիճակի հետ կապված, ասաց. - «Հանրապետության նախագահը քննարկումներ կատարել է: Ցուցումներ են տրված ե'ւ ոստիկանությանը, ե'ւ դատախազությանը: Մոտական շրջանում ես հույս ունեմ, որ իրավիճակը կշտկվի»:

«Այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, իշխանության նկատմամբ վստահության կորստի քայլեր են», - շարունակեց վարչապետը: - «Մենք անընդհատ հպարտանում էինք այն իրավիճակով, որ գոյություն ուներ Հայաստանում վերջին տարիների ընթացքում՝ ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ: Սա ոչ միայն Հայաստանի ներսում եղած իրավիճակի կամ որոշակի ծառայությունների թույլ աշխատանքի հետեւանք է, այլ՝ այն ընդհանուր գործընթացի, որ տեղի է ունենում մեր հարեւան երկրներում եւ իր ազդեցությունն է ունենում նաեւ Հայաստանում»« - պարզաբանեց Անդրանիկ Մարգարյանը: - «Մենք պետք է կարողանանք ժամանակին կանխարգելել այդպիսի մոտեցումները մեր հանրապետությունում»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG