Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինայի դատախազությունը հայազգի մեծահարուստին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ


Արգենտինայի դատախազությունը որոշում է ընդունել նախնական կալանքի տակ առնել հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Մեծահարուստ արգենտինահայը, ում «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը առաջիկա երեք տասնամյակի ընթացքում կառավարելու է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, իր երկրում մեղադրվում է պետական հարկերը չվճարելու մեջ:

Արգենտինայի պետական եկամուտների վարչության կողմից Էռնեկյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը սկսվել է երկու տարի առաջ: Ըստ այդ վարչության տարածած հաղորդագրության, Էռնեկյանը իր Cable VISION եւ այլ հեռուստաընկերությունների վաճառքից ստացած եկամուտներից օրենքով սահմանված հարկերի գումարները վճարելու փոխարեն ուղարկել էր օֆշորային գոտիներում գտնվող հիմնադրամներին՝ որպես նվիրատվություններ, ինչը գնահատվում է որպես «հարկերից խուսափելու ծանր դեպք»:

Էդուարդո Էռնեկյանը ներկայումս գտնվում է Իտալիայում: Դատավոր Խուլիո Կրուցիանին հայտարարել է, որ Էռնեկյանը առաջիկա հինգ օրերի ընթացքում պետք է ներկայանա Արգենտինայի դատախազություն: Դատավորը նաեւ «13,5 միլիոն դոլարի սառեցում» է կիրառել Էռնեկյանի սեփականության նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է այսօր արգենտինյան մամուլը, Էռնեկյանի փաստաբանները արդեն տեղեկացրել են նրան դատախազության որոշման մասին: Հաղորդվում է, որ նա որոշել է «շտապ վերադառնալ»: Կան նաեւ հաղորդումներ, թե արգենտինահայ մեծահարուստը կսպասի իր փաստաբանների՝ կալանքը բացառելու խնդրանքով այսօր դատախազություն ներկայացվելիք դիմումի պատասխանին:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, դատաքննության ընթացքում գործարարին կարող են ենթարկել տնային կալանքի՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը (Էռնեկյանը 70-նն անց է): Էռնեկյանի՝ Իտալիայից չվերադառնալու դեպքում դատախազությունը նրա նկատմամբ կհայտարարի միջազգային հետախուզում:

Արգենտինայի քրեական օրենսգրքով «հարկերից խուսափելու ծանր դեպքերի» համար սահմանված է 3-8 տարվա ազատազրում:

«Լա Նասիոն» օրաթերթը, նշելով, թե Էռնեկյանը «շատ ճարպիկ եւ փայլուն գործարար է», հիշեցնում է, որ նա «միշտ սերտ կապեր է ունեցել Արգենտինայի բոլոր նախագահների հետ»: Իսկ դատախազության այս որոշումը հաջորդել է երկրի նորընտիր նախագահի՝ կոնգրեսում իր առաջին ելույթում հնչեցրած խոստմանը՝ բանտարկել պետական հարկերից խուսափողներին:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG