Մատչելիության հղումներ

Կարվի սփյուռքահայ ներդրողներին հրապուրելու եվս մեկ փորձ


Սեպտեմբերի 22-24-ը Երեւանում կկայանա «Հայաստան - Սփյուռք» առաջին տնտեսական համաժողովը: Կազմակերպիչները հուսով են, որ այն լրջորեն կմեծացնի Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների ծավալները:

Զարգացման հայկական գործակալությունը եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը համաժողովի կազմակերպումն իսկ համապատասխանեցրել են միջազգային չափանիշերին. ողջ նախապատրաստական աշխատանքը եւ մասնակիցների գրանցումը իրականացվելու է Ինտերնետի միջոցով: Երեքշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում նորաբաց ինտերնետային էջը լրագրողներին ներկայացրին Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը:

Վերջինիս խոսքերով, համաժողովին ակնկալվում է շուրջ 1000 գործարարների մասնակցություն, որոնցից 500-ը՝ Սփյուռքից։ Համաժողովի մասնակցության վճարը՝ 100 եվրո, նույնն է լինելու հայաստանցի եւ սփյուռքահայ գործարարների համար: Մասնակցության վճարը, առեւտրի փոխնախարարի փոխանցմամբ, նախատեսվել է՝ ընդգծելու «համաժողովի կարեւորությունը եւ գործնական բնույթը»:

«Մենք մոտենում ենք միջազգային ստանդարտներին, եւ ամենուր գործարար համաժողովները սովորաբար ունենում են մասնակցության անդամավճար», - ասաց Դավթյանը:

Արդեն անցկացված «Հայաստան - Սփյուռք» երկու համաժողովները, անշուշտ, անդրադարձել էին նաեւ տնտեսական հարցերի: Առաջինը գումարվել է 1999-ի սեպտեմբերին, եւ ավելի շուտ արարողակարգային ու խորհրդանշական միջոցառում էր՝ ընդգծելու Սփյուռքի նկատմամբ հայաստանյան իշխանությունների քաղաքականության փոփոխությունը. մարդասիրական օգնության ծրագրերից անցնել մասնավոր ներդրումների ներգրավման։ Անդրանիկ համաժողովին հաջորդած հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, սակայն, խափանեցին տնտեսական մասով ձեռքբերած պայմանավորվածությունների իրագործումը։

Երկրորդ համաժողովը գումարվեց միայն երեք տարի անց՝ անցյալ տարվա մայիսին։ Այն, մասնագետների գնահատմամբ, անցավ ավելի շատ տեսական բանավեճերի, քան գործնական բանակցությունների ու կոնկրետ ծրագրերի շուրջ շահագրգիռ քննարկումների ձեւաչափով։

Գալիք սեպտեմբերին կայանալիք արդեն զուտ տնտեսական համաժողովի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այն ավելի գործնական մթնոլորտում է անցնելու։ Մասնակիցների քննարկմանն է կներկայացվելու 100 ներդրումային նախագծերից բաղկացած փաթեթ:

«Այդ փաթեթը կներկայացվի, ըստ ամենայնի, էլեկտրոնային ձեւով՝ սկավառակների վրա, ինչպես նաեւ տպագիր տարբերակով, որոնք կներառեն երկրի տնտեսության բոլոր ճյուղերը», - տեղեկացրեց առեւտրի փոխնախարարը:

Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը, իր հերթին, ասաց, որ համաժողովի քննարկմանը կդրվեն նաեւ Սփյուռքի 16 կազմակերպությունների հետ արդեն մշակվող երեք տասնյակից ավելի ներդրումային ծրագրերը:

Մինչ այժմ Սփյուռքի կողմից Հայաստանին հատկացված բարեգործական օգնությունը, որոշ գնահատումներով, կազմել է շուրջ մեկ միլիարդ դոլար։ Մասնավոր ներդրումները, մինչդեռ, ըստ էության, չնչին են եղել:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG