Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քոչարյանը հրաժարական կտա մեկ տարում». - այս ձեւակերպումը շարունակում է դեռ ուժի մեջ մնալ եւ այսօր «Այբ-Ֆե» թերթում մեջբերված վերնագիր է «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ հարցազրույցից: Վերջինս մասնավորապես հավաստիացնում է. -«Քոչարյանն անպայման է հրաժարական տալու մինչեւ իր պաշտոնավարության ավարտը: Եթե դեպքերը զարգանան բնականոն ճանապարհով, ապա նա հրաժարական կտա մեկ տարվա ընթացքում: Ամենակարեւոր հարցն այն է, թե ինչ դրոշի տակ է տեղի ունենալու հրաժարականն ու նոր ընտրությունների անցկացումը: Մինչ այդ ընդդիմությունը պետք է ավելի լավ պատրաստվի նոր ընտրություններին»: «Չ՞եք գտնում, որ ժողովուրդը հիասթափված է նաեւ ընդդիմությունից: Բազմահազարանոց հանրահավաքների ընթացքում ժողովուրդն ընդդիմությունից հստակ քայլեր էր ակնկալում, որոնք այդպես էլ չիրականացան». այս հարցին Հրանտ Խաչատրյանը պատասխանել է. - «Դա նորություն չէ Հայաստանի համար: Բոլոր այն պահերին, երբ կազմակերպված ընդդիմությունը դիմել է չկազմակերպված հասարակության ակտիվ մասին, ակտիվ մասի սպասումները միշտ էլ այլ են եղել՝ ոչ տրամաբանված, ոչ հիմնավորված եւ իմ կողմից ոչ ընդունելի, մոտավորապես 18-րդ դարի սպասելիքներ, որոնք 21-րդ դարում չի կարելի կիրառել»: Սրա հետ մեկտեղ ՍԻՄ-ի ղեկավարը կրկին ընդգծել է իրենց այն մեղադրանքը, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ իշխանությունները Արտաշես Գեղամյանի միջոցով տրոհեցին ընդդիմադիր դաշտը եւ հնարավորություն ունեցան մեծացնել զանգվածային կեղծիքների, խախտումների եւ բռնությունների ծավալը:

«Ազգային միաբանություն» կուսակցությունում Գեղամյանի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, իր հերթին, «Իրավունք» թերթի հարցազրույցում արձագանքելով որոշակի լուրերի, ասում է. - «Դա տարածում է Ռոբերտ Քոչարյանն իր շրջապատի միջոցով՝ գիտակցելով, որ անգամ ամենաազնիվ քաղաքական գործչին եւ ուժին կապելով իրենց հետ՝ կարելի է նրանց վարկաբեկել»: «Մեր հանրապետությունն այսօր վերածվել է մեկ դերասանի թատրոնի: Իսկ այդ դերը «փայլուն» կատարում է ներկայիս գործող նախագահը... պրոդյուսերն էլ է ինքը, սցենարիստն էլ», - որակում է Կարապետյանը՝ ավելացնելով, թե բեմադրիչը Սերժ Սարգսյանն է: Ըստ Ալեքսան Կարապետյանի, Քոչարյանը «քցում է» նաեւ իր համախոհներին: «Այսօր դերակատարություն ստանձնածներին շատ կարճ ժամանակ է մնացել՝ 6 ամսից մինչեւ 1 տարի», - շարունակում է «Ազգային միաբանության» փոխնախագահը: - «Հանրապետության նախագահը այնպես կանի, որ այդ ընթացքում կմաքրվի թատերաբեմը, ու այնտեղ կհայտնվեն ուրիշ դերասաններ»:

«Եթե ես իշխանությունների հետ գործարքի գնացած լինեի, ապա այսօր մենք եւս կլինեինք այս խորհրդարանում»,- իր կապը իշխանությունների հետ այսպես է «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում բացառել Հայկոմկուսի արդեն նախկին ղեկավար Վլադիմիր Դարբինյանը: Ինչ վերաբերում է կոմկուսից պոկված տարբեր բեկորների վերստին միավորման ցանկությանը, ապա Վլադիմիր Դարբինյանն այս պահին դա անհնար է համարում, քանզի վստահ է, որ ժամանակին իշխանություններին ծառայելու համար ՀԿԿ-ից պոկված Յուրի Մանուկյանն ու Հրանտ Ոսկանյանը չեն կարող իրենց իշխանահաճո գաղափարներից հրաժարվել:

«Սեփական քաղաքական գործիչների վրա ծիծաղել իրենց կարող են թույլ տալ միայն կայացած այն պետությունների քաղաքացիները, ուր ղեկավարում են ինստիտուցիոն կառույցները, այլ ոչ թե անհատները», - գրում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Մեր դեպքում հայրենական շատ գործիչների՝ նախամարդու փուլի բարոյամտավոր մակարդակը ծիծաղելի չէ, լացել է պետք: Եվ դրանք, բնականաբար, մեզանից ոչ պակաս շոկի մեջ են գցում, սարսափեցնում եվրոպական դիտորդներին, ապա եւ՝ կառույցներին»: Մեկնաբանի ընդգծմամբ, այսօր Եվրոպան առաջին հերթին դժգոհ է ոչ թե ընտրախախտումների փաստերից, այլ եվրոպական չափանիշերի շրջանակում հայաստանյան քաղաքական դաշտի ուղղվածության անհամատեղելիությունից. - «Հայոց իշխանությունները իրենց թույլ տված սխալներից դաս չառնելու հատուկ տաղանդ ունեն: Սխալներ, որոնցից յուրաքանչյուրը արտաքին քաղաքական հնչողություն ունի: Իսկ հայրենի քաղաքական բեմի ծաղրանկար գործող անձինք կազմում են առաջին հերթին հենց Հայաստանի ծաղրանկար»:

Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական քայլերի շուրջ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության հետքերով այդ գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում շեշտադրում է. - «Խաբվելու վտանգ կա, քանի որ պատրանք է ստեղծվում, թե Թուրքիան ինչ-որ բան փոխել է իր կեցվածքում»: Միաժամանակ, Մանոյանի հայացքով, Թուրքիայի արտգործնախարարի հետ Վարդան Օսկանյանի հանդիպումից առաջ էլ, հետո էլ պարզ է, որ Հայաստանի իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը այս հարցում եւ դեմ են նախապայմաններով հարաբերությունների բարելավմանը:

Դաշնակցության այդ նույն հայտարարության առնչությամբ «Առավոտ» թերթի խմբագրականում նշվում է. - «Սա պաշտոնական Երեւանի դիրքորոշումը չէ։ Հակառակը, Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ Հայաստանը որեւէ նախապայման չի դնում եւ սահմանների բացումը՝ անգամ առանց որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, միանշանակ Հայաստանի օգտին է։ Ամեն դեպքում», - շեշտադրում է «Առավոտ»-ը, - «Թուրքիան այսօր, թող որ ո՛չ իր կամքով, այլ ԱՄՆ-ի ճնշմամբ եւ Եվրամիություն մտնելու ակնկալիքով, փորձում է Հայաստանի հանդեպ բարյացակամություն դրսեւորել»։ Եվ հրաժարվել այս՝ թող որ ոչ այնքան մեծ, բայց Հայաստանին բավականին ձեռնտու հանգամանքից՝ աշխարհով մեկ հայտարարելով, թե մենք չենք գնա ոչ մի, անգամ՝ տնտեսական շփումների, մինչեւ Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, «Առավոտ»-ի գնահատականով «տկարամտություն է»:

«Առավոտ»-ի մեկնաբաններից մեկը վերջին օրերի զարգացումներից արդեն մատնանշում է. - «Թուրքական կեցվածքում դարձյալ գերիշխող է դարձել նախապայմանների դիրքերից խոսելը, ինչի վկայությունն է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի վերջին հայտարարությունը, ըստ որի, Հայաստանի հետ սահմանի բացման հարցն առայժմ օրակարգում չէ... Այդուհանդերձ, աշխարհում ու, մասնավորաբար, տարածաշրջանում ձեւավորվող նոր միտումներն անում են իրենցը, եւ Հայաստան - Թուրքիա երկխոսությամբ շահագրգիռ երկրները տակավին հուսահատ չեն: Չեն դադարում նաեւ հասարակական մակարդակով շփումները»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG