Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը արձագանքում է Թուրքիայի վարչապետի հայտարարությանը


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ընդհանուր առմամբ դրական է արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ ուրբաթ օրը Կարսում արած հայտարարությանը, թեեւ կրկին հնչել են հայ-թուրքական սահմանի վերաբացման նախապայմաններ:

Կարսում Էրդողանը ասել էր, թե Թուրքիան կողմնակից է ընդառաջ քայլ կատարել Հայաստանին, սակայն, նրա խոսքերով՝ «մեր դիմացիններն էլ այս փուլում պետք է ըմբռնում ցուցաբերեն»: Հայերը, մինչդեռ, Էրդողանի ձեւակերպմամբ, Եվրոպայում, Ամերիկայում պատմական իրադարձությունները խառնելու միջոցով միավոր վաստակելու փորձեր են կատարում:

Թուրքիայի վարչապետն առաջարկել է, որ այդ հարցը (այսինքն՝ ցեղասպանության հարցը) լուծեն պատմաբանները, իսկ «մենք զբաղվենք քաղաքականությամբ եւ ներկա դարաշրջանը դարձնենք խաղաղության, բարեկամության դարաշրջան»:

«Հայաստանը միշտ էլ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու օգտին, ինչը հնարավորություն կտա քննարկել ամենատարբեր հարցեր, այդ թվում նաեւ Թուրքիայի վարչապետի բարձրացրած խնդիրը: Հայաստանը նույնպես պատրաստակամ է շարունակել սկսված երկխոսությունը եւ հույս ունի, որ այն ի վերջո կհանգեցնի առաջընթացի, կոնկրետ քայլերի», - երկուշաբթի օրը արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Վերջին շրջանում հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության մասին ավելի հաճախ է խոսվում: Դրա համար հիմք են ծառայում ինչպես պաշտոնական մակարդակով սկսված երկխոսությունը (Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Մադրիդում), այնպես էլ ոչ պաշտոնական հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նոր հանդիպումը երկար ընդմիջումից հետո:

Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը Էրդողանի ելույթը «չափավոր» գնահատեց՝ ավելացնելով, թե Թուրքիայի վարչապետը գրեթե կրկնեց ցայսօր արդեն արտահայտված բոլոր տեսակետները:

«Այդ ելույթի կապակցությամբ կային զանազան շրջանակների կողմից տարբեր սպասումներ», - Ստամբուլից հեռախոսով «Ազատություն» ռադիոակայանին ասաց Գոչունյանը: - «Ոմանք ավելի զգուշավոր են մոտենում, ոմանք, մթնոլորտի զարգացումներից խրախուսված, ավելի մեծ, ավելի արմատական խոսակցությունների էին սպասում»:

Այդուհանդերձ, Գոչունյանի կարծիքով, վարչապետ Էրդողանի հայտարարությունը «հոռետեսական չէր»:Ներկայիս սպասումները նա «հուսալից», «սովորականից տարբերվող» որակեց:

«Վերջին հաշվով, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական փոխհարաբերությունների հաստատման, սահմանների բացման գործընթացը հետզհետե հասունանում է», - ասաց Արա Գոչունյանը:

Ստամբուլում լույս տեսնող մեկ այլ՝ «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը, սակայն, չի կիսում իր գործընկերոջ լավատեսությունը: Նրա խոսքերով, Թուրքիայի հայերը Էրդողանի ելույթից մեծ ակնկալիքներ չունեին. նրանք սովոր են, որ վարչապետը Կարսում միշտ նման հայտարարություններ է անում:

«Իմ կարծիքով՝ [Էրդողանի հայտարարությունը] ցանկություն է, եւ դրանից ավելի առաջ չի գնա», - Ստամբուլից հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հատտեճյանը:

Սահմանը բացելու հարցը, «Մարմարա»-ի խմբագրի խոսքերով, միշտ էլ օրակարգում է, քանի որ Թուրքիայի հատկապես «արեւելյան շրջանների գործարարները, ինչպես նաեւ հասարակության առաջադեմ ներկայացուցիչները» կողմնակից են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի եւ երկու երկրների միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Այդ ճանապարհին, սակայն, դեռեւս կան անհաղթահարելի խոչընդոտներ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG