Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալը հայտարարում է, թե իրեն ստիպողաբար դեղորայք են ներարկել


Ավելի քան հնգամսյա ընդմիջումից հետո վերսկսված «Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Վռամ Գալստյանը, ում հիվանդությանը դատական նիստերը հետաձգելու պատճառ է հանդիսացել մոտ երեք ամիս, հայտարարեց, թե ինքը որեւէ հիվանդությամբ չի տառապում եւ որ իրեն ստիպողաբար նյարդային համակարգի վրա ազդող դեղորայք են ներարկել:

Ամբաստանյալի հայտարարությունը հետեւեց դատավոր Սամվել Ուզունյանի կողմից Նուբարաշենի թիվ 1 կալանավայրից ստացված՝ Գալստյանի հիվանդության պատմության հրապարակմանը: Ըստ այդմ՝ Վռամ Գալստյանը տառապել է սրտի անբավարարությամբ, եւ ստացել է համապատասխան բուժում:

Գալստյանը, սակայն, «սուտ» որակեց կալանավայրի բժիշկների ներկայացրած հիվանդության պատմությունը՝ հայտարարելով, թե ինքը որեւէ հիվանդություն չունի եւ սրտի վատ աշխատանքից երբեւէ չի գանգատվել: Նա ասաց նաեւ, թե կալանավորման առաջին օրվանից մինչեւ հիմա իրեն ստիպողաբար ինչ-որ դեղեր են ներարկում, որոնք ազդում են իր նյարդային համակարգի վրա:

Դրանից հետո Դեմիրճյանների եւ Արամ Սարգսյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններ Աշոտ Սարգսյանը եւ Օլեգ Յունոշեւը, քիչ անց՝ նաեւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը դատարանին միջնորդեցին պահանջել Վռամ Գալստյանի հիվանդության ողջ պատմությունը՝ կալանավորման օրից ի վեր:

Ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունոշեւը երկու այլ միջնորդություն էլ ներկայացրեց: Դրանցից մեկը վերաբերում էր արդեն երեք ամիս գլխավոր դատախազության վարույթում գտնվող «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասին: Ռուս Փաստաբանը խնդրում է, որպեսզի անջատված մասը կցեն դատարանում լսվող գործին կամ դատավարության մասնակիցներին, թեկուզ չհրապարակման պայմանով, հնարավորություն տան ծանոթանալու ապացույցներին:

Դատարանը բավարարեց բոլոր միջնորդությունները: Դատական հաջորդ նիստը կկայանա չորեքշաբթի:


Կարենի Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG