Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մի քանի օր առաջ Նուբարաշենում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում սպանված պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանի ընկերները մամուլում տարածած հիշատակի խոսքում ընդգծում են. - «Տեղի ունեցած ողբերգությունը, երբ զարհուրելի հանցագործության պատահական զոհ է դառնում Գարիկի նման վառ անհատականությունը, լրջագույնս ահազանգ է, որ տիրող երաշխավորված անպատժելիության մթնոլորտն արդեն կործանարար եւ չվերականգնվող հետեւանքներ է թողնում մեր երկրի, պետության եւ մեր ապագայի վրա»: Սրա կողքին, «Հայկական ժամանակ» թերթում Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Վազգեն Խաչիկյանը՝ «Արդյո՞ք արդեն կենցաղ դարձած ցերեկային սպանությունները չեն վտանգում մեր երկրի կայունությունը» հարցին պատասխանում է. - «Երկրի կայունությունը, չեմ կարծում, որ վտանգված է, որովհետեւ այդ կարգի ցնցումներով չէ, որ պայմանավորված է ներքաղաքական կայունությունը... Եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ, պետք է անկեղծորեն ընդունենք, որ Հայաստանում կրիմինալ վիճակը ավելի բարվոք է», - ոգեպնդում է Խաչիկյանը:

Անդրադառնալով Հայաստանում ծաղկած քրեածին մթնոլորտին, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Այբ-Ֆե» թերթում նշում է. - «Այն, ինչ կատարվում է, շատ սպասելի էր: Ես այս մթնոլորտը պայմանավորում եմ ընթացող հասարակական-քաղաքական պրոցեսներով ու նաեւ ներքին գործերի նախարարության՝ իրավիճակին չտիրապետելու փաստով: Ամբողջ այդ համակարգն այսօր զբաղված է քաղաքական ընդդիմության վրա «գործ սարքելով»: Իսկ կրիմինոգեն տեսադաշտը լրիվ անտերության է մատնված: Դրան էլ որ ավելացնենք ընտրություններում հիմնական գործիք դարձած խուժանը, կրիմինոգեն տարրը, որ օգնեց պաշտոններ գրավելու գործընթացին, ապա, կարելի է ասել՝ անպատժելիությունից հարբած են», - գնահատում է նախկին նախարարը:

«Ինչպես տնտեսական կյանքում, այնպես էլ ժողովրդի սոցիալական վիճակի եւ երկրում իշխող բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ ներկայումս արձանագրվում են այնպիսի բացասական երեւույթներ, որոնց հաղթահարումը չի կարելի վերապահել երկարաժամկետ, հեռանկարային ծրագրերին ու լուծումներին», - շեշտադրում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը: - «Նման երեւույթները դրսեւորվում են ժողովրդի աչքում իշխանության վարկն ու հեղինակությունը խաթարող ամենաթողության, կոռուպցիայի, կլանային շահերի ու քրեական հեղինակությունների բախման եւ այլ բացասական միտումների սպոնտան աճի տեսքով»: «Այնպես որ՝ օրենքի դիկտատուրան այսօր ուղղակի անհրաժեշտ է Հայաստանին: Այն», - շաղկապում է «Հայոց Աշխարհ»-ը, - «թույլ կտա կանխել բացասական երեւույթների կրիտիկական զանգվածի մեծացումը, ինչի վրա քաղաքական կապիտալ կուտակելու խնդիրը «աշնանային խաղաշրջանում» հաջողության հասնելու ընդդիմության հիմնական խաղաքարտն է լինելու»:

«Իշխանությունը, իր խնդիրներով տարված, շատ հաճախ կարող է մոռանալ ինչ-ինչ սահմանափակումների մասին։ Ընդդիմության զսպող դերը շատ կարեւոր է», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: - «Մի բան է, երբ իշխանությունն ընդդիմության հսկողության տակ է աշխատում, մի ուրիշ բան՝ երբ ընդդիմություն չկա։ Այդ դեպքում իշխանության ներսում կարող է ծնվել ընդդիմությունը»: «Երբ խոսվում է կոալիցիայի ծրագրի մասին, ես այդ փաստաթուղթը ծրագիր չեմ համարում», - անդրադառնում է Թումանյանը։ - «Համաձայնել են միասին կառավարություն ձեւավորել։ Այսօր մի կերպ են մտածում, վաղը մեկ այլ կերպ կարող են մտածել։ Կյանքը սրբագրումներ կմտցնի։ Եվ ոչ միայն ներքին կյանքը, այլեւ՝ արտաքին գործոնները»: Այս առումով նախագահի աշխատակազմի ղեկավարը նշում է. - «Մեր տարածաշրջանը միջազգային ուժերի համար ավելի հետաքրքիր է դարձել, քան միգուցե՝ էր ինչ-որ ժամանակ։ Աշխարհում տեղի ունեցող պրոցեսները, գուցե նաեւ՝ աշխարհի մեծերի ազդեցության ոլորտների վերանայման պրոցեսները, կարծես թե ավելի առարկայաբար մոտեցել են նաեւ Հարավային Կովկասին։ Ամեն պահի միջազգային հարաբերությունների կիզակետը կարող է փոխվել։ Մենք «տաք» տարածաշրջանում ենք գտնվում։ Դա նշանակում է՝ արտաքին քաղաքական ուժերին հետաքրքրում են մեզանում տեղի ունեցող ներքին քաղաքական պրոցեսները»:

«Տարբեր գնահատումներով, գազի գինը կարող է բարձրանալ 20-30 տոկոսով, ինչը, բնականաբար, անմիջապես ազդելու է ինչպես էլեկտրաէներգիայի սակագների, այնպես էլ ընդհանրապես տնտեսության եւ ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Սա շղթայական ռեակցիա է, որից խուսափել գրեթե անհնարին է», - ամրագրում է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: Նույն շրջանակում «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը գրում է. - «Մոնոպոլիստները պաշտպանում են իրենց շահերը, բազմաթիվ հիմնավորումներ են տարածում, թե ինչու սակագները պիտի բարձրացնեն, բայց որեւէ մեկը, որեւէ կազմակերպություն ձայն չի բարձրացնում բնակչության օգտին, չի դրվում պարզագույն առաջնային հարցը՝ իսկ որտեղի՞ց են մարդիկ վճարելու, ինչո՞վ են ապրելու... Մի խոսքով, ըստ հավաստիացումների՝ վառ արտահայտված սոցիալական ուղղվածություն ունեցող կոալիցիոն կառավարության ծրագրի իրական դրսեւորումը մենք շատ շուտով կտեսնենք, բայց ոչ թե աղքատության կրճատման, այլ թանկացումների տեսքով», - ձեւակերպել է մեկնաբանը:

«Այբ-Ֆե» թերթն այսօր արձանագրում է. - «Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նոր նվաճումներ է արձանագրում խաբված ավանդատուների ավանդները վերադարձնելու ճանապարհին: Պրն Բաղդասարյանի անձնական «Կրիստալ» տաքսի ծառայությունը մի քանի օրից կհամալրվի 10 հատ «յուղը վրան» ԳԱԶ-31 մակնիշի մեքենաներով: Նույն մակնիշի եւս 15 մեքենա «Կրիստալ»-ը Ռուսաստանից կստանա մեկ ամսվա ընթացքում: Մեր տվյալներով, Արթուր Բաղդասարյանը Հայաստանի բոլոր խաբված ավանդատուներին հաշիվ կտա առ այն, որ այդ մեքենաները Հայաստան են ներկրվում Ազգային ժողովի նախագահի ընդամենը 13 օրվա աշխատավարձով», - հեգնում է «Այբ-Ֆե»-ն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG