Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությունները ավարտվեցին


Ուրբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի տարածքում բազմազգ գումարտակի զորահանդեսով ավարտվեցին ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք - 2003» զորավարժությունները: Առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին զորավարժություններ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների մասնակցությամբ:

Հունիսի 16--ին մեկնարկած զորավարժություններին, որոնց հիմնական նպատակն էր փոխըմբռնման եւ ռազմական փոխգործակցության ընդլայնումը, մասնակցեց շուրջ 400 զինվորական ՆԱՏՕ-ի անդամ 8 եւ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկված 11 երկրներից:

Երեք առանձին փուլերով անցկացված վարժանքները ուղղված էին փոքր ստորաբաժանումների մակարդակով խաղաղարար տարբեր գործողությունների ուսուցմանը: Դրանք ներառում էին պահակային ուղեկցումը, զանգվածային անկարգությունների վերահսկումը, ականների հայտնաբերումն ու վնասազերծումը, անցակետերում տարվող անվտանգության ապահովման աշխատանքները:

Եզրափակիչ զորահանդեսին ներկա Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի Հարավային Միացյալ Հրամանատարության հրամանատար գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանան մինչ այդ համատեղ ասուլիս էին հրավիրել:

Անդրադառնալով զորավարժությունների արդյունքին, Անտոնիո Կվինտանան ասաց, որ բազմազգ գումարտակն անցած 12 օրերի ընթացքում արդարացրեց բոլոր սպասելիքները: «Համատեղ լավագույն ջանք - 2003» զորավարժությունները ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ն եւ իր գործընկերները պատրաստ են եւ կարող են աշխատել միասին: Մեզ համար շատ հաճելի անակնկալ էր այսպիսի արդյունավետություն տեսնելը», - ավելացրեց նա:

«Զորավարժությունների անցկացումը Հայաստանում եւ դրանց ողջ ընթացքը մենք գնահատում ենք շատ դրական», - իր հերթին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը տեսնում է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրով համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար պարտադիր չէ լինել ՆԱՏՕ-ի անդամ, մանավանդ, որ ՆԱՏՕ մտնելը այդքան էլ հեշտ չէ», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե կցանկանա՞ր Հայաստանը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանան պատասխանեց այսպես. - «Տեսնելով ստորաբաժանումների արդյունավետությունը՝ ինձ համար դժվար էր տարբերել, թե որ զինվորը որ երկրից է: Ինձ համար սա է հիմնականը»:

«Լավագույն համատեղ ջանք - 2004» զորավարժությունները անցկացվելու են Ադրբեջանում: Այդ երկրի զինվորականները հայաստանյան զորավարժություններին չէին մասնակցում: Հայաստանի բարձրաստիճան զինվորականներն արդեն ասել են, որ Հայաստանը մտադիր է մասնակցել Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին՝ եթե հրավեր ստացվի:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG