Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանում սկսվեց «Արդարություն» դաշինքի հայցի քննությունը


Սահմանադրական դատարանում (ՍԴ) ուրբաթ օրը սկսվեց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի՝ մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցի քննարկումը: Դաշինքը, ըստ պաշտոնական տվյալների, համամասնական ընտրակարգով ստացել էր քվեների 14 տոկոսը, ինչը նրանց 131 անդամ ունեցող Ազգային ժողովում 14 պատգամավոր ունենալու իրավունք է տվել:

«Արդարություն» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել համամասնական ընտրականգով անցկացված ընտրությունները: ՍԴ-ում ընդդիմադիր դաշինքը ներկայացնում էին Ազգային ժողովրդավարների դաշինքի նախագահ Արշակ Սադոյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը եւ իրավաբան ֆելիքս Խաչատրյանը:

Հիմնավորելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու իրենց դիմումը, Արշակ Սադոյանը կրկին նշեց, որ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակ ընտրակեղծիքները կրել են կազմակերպված եւ զանգվածային բնույթ: Արշակ Սադոյանի ձեւակերպմամբ, ներկա պահը պատմության այն պահերից է, երբ երկրի ու ժողովրդի հետագա ընթացքը կախված է որոշակի անձերի, որոշակի ինստիտուտների մեկ որոշումից, եւ այսօր Սահմանադարական դատարանն ունի այդ որոշումն ընդունելու հնարավորությունը:

Դիմող կողմի՝ ՍԴ-ին ներկայացրած 9 միջնորդություններից, պատասխանող կողմի ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը խնդրեց բավարարել միայն մեկը, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջվում է տեղեկանք ներկայացնել տեղամասային ընտրական հանձնաժողովներ ուղարկված կնիքների քանակի մասին: Մնացած 8 միջնորդությունները չբավարարելու խնդրանքը Մուկուչյանը պատճառաբանեց, թե՝ դրանցով պահանջվող բոլոր փաստաթղթերը հասու էին եւ դաշինքի վստահաված անձինք ժամանակին կարող էին ձեռք բերել դրանք:

Բացի Մուկուչյանից, պատասխանող կողմը ներկայացնում են նաեւ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը եւ իրավաբան Նունե Հովհաննիսյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, իր հերթին, մի շարք առաջարկություններ ներկայացրեց. ԿԸՀ-ից պահանջել համամասնական ընտրակարգի ամփոփիչ արձանագրությունները, բոլոր տեղամասերի տվյալները, 56 ընտրատարածքների ամփոփիչ արձանագրությունները, դիմում-բողոքներին վերաբերող բոլոր տվյալները, ինչպես նաեւ թեկնածուների գրանցումը չեղյալ համարած, կամ նրանց գրանցման-չգրանցման հետ կապված առաջին ատյանի դատարանների կայացրած բոլոր որոշումները:

Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 3-ը, սակայն միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանը կներկայացվի վաղը՝ մեծամասնական ընտրակարգով անցած ընտրությունների արդյունքները վիճարկող հերթական գործի քննության ընդմիջմանը: Մինչեւ այժմ քննված մեկ տասնյակից ավելի դիմումներից բավարարվել է միայն մեկը՝ հունիսի 16-ին անվավեր ճանաչելով թիվ 50 ընտրատարածքի ընտրությունների արդյունքները:

Անցնող ամսվա սկզբին, երբ «Արդարություն» դաշինքը դեռ պատրաստում էր ՍԴ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դաշինքի առաջնորդներից Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը ասել էր, թե դաշինքը չի ակնկալում, որ Սահմանադրական դատարանը կբավարարի հայցը ու անվավեր կճանաչի համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները:

«Հիմնական պատճառը [Սահմանադարական դատարան դիմելու] այն է, որ եթե մենք չդիմենք, կփակենք Եվրոպական դատարան դիմելու ճանապարհը», - ասել էր Շավարշ Քոչարյանը:

Սահմանադրական դատարանը երկրի ներսում բողոքարկելու վերջին ատյանն է: Հայցը մերժվելու դեպքում ընդդիմությունը պատրաստվում է նախագահական ընտրությունների 2 փուլերի եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեկ փաթեթով բողոքարկել Եվրոպական դատարանում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG