Մատչելիության հղումներ

Կառավարությունը միջոցներ է հատկացնում ավտոճանապարհների ընթացիկ նորոգման համար


Կառավարության նիստում այսօր հաստատվեց միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգման, պահպանման եւ շահագործման 2003 թվականի ծրագիրը։ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, այդ ծրագրի կատարման համար պետական բյուջեից 2,5 միլիարդ դրամ է հատկացվել։

Հատկացված գումարի 10 տոկոսը կծախսվի գարնանային ջրհեղեղներից քանդված ճանապարհների ու կամուրջների վերականգման աշխատանքների վրա։

Կառավարությունն այսօր որոշել է նաեւ 1 միլիոն դոլար հատկացնել Համաշխարհային բանկի տրանսպորտային վարկի գումարներից՝ Վանաձոր - Ստեփանավան - Տաշիր - Վրաստանի սահման եւ Գյումրի - Սպիտակ ճանապարհների կառուցման նպատակով։ Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, այդ ճանապարհները պատրաստ կլինեն հաջորդ տարվա վերջին ու կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։

Խղճուկ վիճակում գտնվող համայնքային նշանակության, գյուղական ու ավանային բնակավայրերի ճանապարհների կապիտալ նորոգման համար, նախարարի փոխանցմամբ, կառավարությունը մշակել է 100 մլն դոլար արժողությամբ մի ծրագիր:

«Ծրագիրը կառավարությունում այժմ քննարկվում է: Որոշում կայացնելուց հետո այն ներկայացվելու է Համաշխարհային բանկին», - ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ բանկը կտրամադրի այդ գումարները:

Դժվար է, իհարկե, սպասել, որ Համաշխարհային բանկն ամբողջությամբ կֆինանսավորի այս ծրագիրը։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, առաջիկա տարիներին Հայաստանի հիմնական դոնորը մտադիր է էապես նվազեցնել երկրի երկարաժամկետ արտոնյալ վարկավորումը, քանզի, բանկի ներկայացուցիչների հիմնավորմամբ՝ Հայաստանը հաղթահարել է ինստիտուցիոնալ բարեփոխումների, մակրոտնտեսական կայունացման փուլերը, թեւակոխել է բարձր տնտեսական աճի շրջան եւ արդեն կարող է օգտվել Համաշխարհային բանկի ավելի բարձր պահանջներ ենթադրող վարկերից։

Չի բացառվում, որ համայնքային ճանապարհների հիմնանորոգման այս ընդարձակ ծրագիրը վերստին ներկայացվի Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամին, որի միջոցներով ներկայումս վերանորոգվում կամ կառուցվում են 500 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղիներ՝ ներառյալ մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: «Լինսի» ծրագրով կառուցվում է նաեւ Գեղարքունիքի մարզը Սելիմի լեռնանցքով Վայոց Ձորին կապող ճանապարհը, որը ոչ միայն տնտեսական, այլեւ լուրջ ռազմաստրատեգիական նշանակություն ունի։ Այդ ծրագիրն ավարտվում է գալիք նոյեմբերին, սակայն չի բացառվում, որ այն հետագա շարունակություն ունենա։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG