Մատչելիության հղումներ

Ուսուցողական սեմինարը մեծ հետաքրքրություն չի առաջացրել պատգամավորների շրջանում


ԱՄՆ-ի զարգացման գործակալության առակցությամբ իրականացվող օրենսդիրի հզորացման ծրագրի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-խորհրդակցությանը այսօր Ազգային ժողովի 131 պատգմավորներից եկել էին միայն 5-ը:

Չորեքշաբթի սկսված եւ մինչեւ հուլիսի 3-ը շարունակվելիք սեմինար-խորհրդակցությունների ընթացքում անցակցվելիք քննարկումներին, բացի հայ պատգամավորներից ու խորհրդարանի աշխատակազմի անդամներից (վերջիններիս հետաքրքրությունն, ի դեպ, շատ ավելի բարձր էր), կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի, Լեհաստանի, Գերմանիայի եւ Ուկրաինայի խորհրդարաններից հրավիրված մասնագետներ:

Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը բացման խոսքում հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կարեւոր նշանակություն է տալիս այս նախաձեռնությանն ու ցուցաբերվող աջակցությանը, եւ հույս հայտնեց, թե ծրագիր ընթացքում արդյունավետ բարեփոխումներ կիրականացվեն:

Ծրագրի շրջանակներում գործնական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի խորհրդարանի եւ ԱՄՆ-ի կոնգրեսի միջեւ, երկու երկրների օրենսդիր մարմինների առավել արդյունավետ համագործակցության հնարավորություն կստեղծվի:

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների արձակուրդների շրջանը դեռ չի սկսվել: Սեմինար-խորհրդակցությանը չմասնակցող, բայց Ազգային ժողովի շենքում գտնվող պատգամավորները «Ազատություն» ռադոիկայանի թղթակցին ասում էին, թե պատրաստվում են մասնակցել հաջորդ օրերի քննարկումներին: Ուշագրավ է, որ որոշակի փորձ ունեցող պատգամավորների կարծիքով, նման քննարկումներն անհրաժեշտ են, ինչում, կարծես թե, այդքան էլ վստահ չէին խորհրդարանի նորեկները:

Միացյալ Նահանգների զարգացման գործակալության աջակցությամբ իրականցվող ծրագիրը ներառում է երեք ուղղություն. ԱԺ օրենսդրական գործընթացի աջակցման կարողությունների ամրապնդում, ԱԺ ընտրողների հետ կապերի եւ հանրության իրազեկման համակարգերի բարելավում եւ Աժ մասին ու ԱԺ-ից ստացվող տեղեկատվության մատչելիության բարձրացում:

Հայաստանի խորհրդարանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող այլ ծրագրերի շնորհիվ Ազգային ժողովի գրադարանը շուտով լրացուցիչ համակարգիչներ կստանա: Իսկ սեպտեմբերից հայ պատգամավորները համակարգչի միջոցով կկարողանան օգտվել ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանից:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG