Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կեղծիքներով ընտրված խորհրդարանի ներկայացուցչական մարմինը չի կարող օրինական համարվել գոնե Եվրախորհրդարանում». - Ստրասբուրգում Հայաստանին առնչվող հարցադրումների տրամաբանականությանն արձագանքելով, «Ազգ» թերթը ավելի շեշտադրում է. - «Ինչո՞ւ նման իրավիճակների մատնել երկիրը, երբ կարելի էր նորմալ ընտրություններ կազմակերպել, ինչո՞ւ եվրադատարաններ դիմելու առիթ տալ այժմ հորթային հրճվանքի մեջ գտնվող ամեն տեսակի ընդդիմադիրներին ու ռեւանշիստներին»: Այդ ձեւակերպումների կողքին, սակայն, «Ազգ» թերթը հռետորեն է ավարտում. - «Ո՞վ եւ ովքե՞ր են պատասխան տալու...»:

Օրերս հայտարարվեց, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակության կազմում է լինելու նաեւ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Արձագանքելով սրան հետեւած որոշ տարակույսների, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ, նշել է. - «Ստացվում է՝ ոմանք առաջարկում են, որ Ստեփան Դեմիրճյանը, փաստացի ընտրվելով ՀՀ նախագահ, մեկուսանա քաղաքական անցուդարձից՝ «արդարանալով», թե ինքն ազգընտիր նախագահ է եւ իրեն վայել չէ վերցնել պատգամավորական մանդատը կամ ներգրավվել որեւէ պատվիրակությունում: Բայց մասնավորապես եվրոպական կառույցներում պետք է հնչի հայ ժողովրդի խոսքը, եւ պետք է պաշտպանվեն հայ ժողովրդի շահերը: Իսկ դա կարող է անել միայն այն մարդը, ով ստացել է ժողովրդի վստահության քվեն»:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հարցազրույցից առաջին էջ է բերել վերջինիս հետեւյալ ընդգծումը. - «Դիմությունը եւ ընդդիմությունը երկուստեք պիտի որոնեն ճանապարհներ անվստահությունն ու անհանդուրժողականությունը հաղթահարելու համար: Ճիշտ է՝ այսօրվա իրավիճակում դա շատ դժվար է լինելու, բայց այլ ճանապարհ չկա: Այս խնդրի կարգավորումը պիտի երկրի համար զարգանալու հնարավորություն ստեղծի: Դա նույնիսկ ավելի կարեւոր է, քան տնտեսական ծրագրերի իրագործումը կամ բարեփոխումները տարբեր ոլորտներում: Ներքաղաքական կյանքի առողջացումը եւ հետագա ընտրությունների համար դրական հիմքերի ստեղծումը այսօր ավելի հրատապ է եւ առաջնահերթ»,- համոզված է Տիգրան Թորոսյանը:

«Մեր քաղաքական վերնախավն այնքան է գայթակղվել կոալիցիոն կառավարության գլոբալ գաղափարով, որ չի մանրացել՝ հասկանալու, թե կոնկրետ ում ինչ պաշտոն է տրվում», - անդրադառնում է «Այբ-Ֆե» թերթը: - «Չէ՞ որ նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, մշակույթի նախարարը մշակույթի հետ գոնե ինչ-որ առնչություն պիտի ունենա: Դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ասում է, որ կոալիցիան հավասարապես պատասխանատու է մեկը մյուսի աշխատանքի համար: Դաշնակցությունն, օրինակ, ինչպե՞ս է պատասխանատու լինելու մշակույթի նախարարուհու գործունեության, ինքնագործունեության համար», - հարց է դնում «Այբ-Ֆե»-ն: - «Ի՞նչ է՝ Աղվան Վարդանյանն ամեն օր արագ ավարտելու է սոցապի իր գործերը եւ իջնելու է մշակույթի նախարարություն, որպեսզի մեկ -երկու մշակութային խորհո՞ւրդ տա, թե՞ Դաշնակցությունն ամեն օր մշակույթի նախարարություն է գործուղելու Ռուբեն Հովսեփյանին, Ալվարդ Պետրոսյանին կամ Սոս Սարգսյանին, որ վերջիններս Թամարա Պողոսյանին մոտավոր կերպով բացատրեն, թե ինչ բան է մշակույթը»:

«Կոալիցիոն կառավարության գործունեության ծրագրում ընդգրկված չէ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրի խոստումների առյուծի բաժինը», - վերլուծում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ նշելով ավանդները վերադարձնելուց մինչեւ ոռոգման ջրի սակագինն իջեցնելը: Համենայն դեպս, մեկնաբանը չի ծուլանում հարց հնչեցնել. - «Ումի՞ց պիտի խաբված ընտրողներն ակնկալեն դրանց կատարումը»:

«Հուլիսի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկի կազմում կստեղծվի ավանդների ապահովագրման հիմնադրամ։ Սա տեւական գործընթաց է եղել, որի հաջող ավարտին հասցնելու գործում հիմնական դերն ունեցել են Կենտրոնական բանկն ու առեւտրային բանկերը». ընդգծելով սա՝ «Ազգ» թերթի մեկնաբանը գրում է. - «Նախընտրական խոստումներից առանձնանում է հատկապես իր ամբոխավարությամբ անգերազանցելի «Օրինաց երկրի»՝ ավանդների վերադարձման խոստումը։ Ազգային ժողովի նախագահ դարձած կուսակցության ղեկավարը, ինչպես եւ նախարարներ դարձած մյուս «կարկառուն» դեմքերն այժմ արդեն տհաճություն են զգալու, երբ այդ խոստումը հիշեցնեն իրենց։ Սակայն «Օրինաց երկիր»-ը պոպուլիզմի մեծ փորձ ունի եւ բացառված չէ, որ այս հիմնադրամի ստեղծումը ոչ հեռավոր ապագայում վերագրի իրեն»։

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը եւս բազմաթիվ հարցեր ունի կառավարության ներկայացրած ծրագրի առնչությամբ: «Շատ է խոսվում ազնվության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ ընտրությունների ժամանակ կեղծիքներ կատարած մարդիկ ծրագրերն ընդունելուց հետո պետք է սկսեն ազնիվ ապրել», - ասում է նա «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում: - «Կոռուպցիան մեր հասարակության ստորին շերտերում չէ: Ես դարձյալ չեմ տեսնում այն պատճառը, որի հետեւանքով իշխանություն ունեցող եւ կոռուպցիայի միջոցով հսկայական գումարներ ստացող մարդիկ պետք է սկսեն պայքարել կոռուպցիայի դեմ... Աղքատության վերացման հաշվարկները՝ մեր վիճակագրության այսօրվա վիճակում, դժվար թե ճշգրտության այնպիսի աստիճան ունենան, որ հնարավոր լինի հաշվել՝ 50 տոկոսը դարձա՞վ 30, թե՞ աղքատների մի ստվար մասն ուղղակի մահացավ»: «Ընդհանուր առմամբ, ինչպես էլ գործի կառավարությունը, մեր երկրում փաստորեն դա չի կարող ազդել հաջորդ ընտրությունների արդյունքների վրա, եւ կառավարությունն այդ տեսանկյունից որեւէ շահագրգռություն կարծես չունի», - մատնանշում է Վազգեն Մանուկյանը:

Ընտրություններից հետո լրատվամիջոցները լծվել են քաղաքապետի ոսկորները լվալու աշխատանքին։ Այժմ նրան հիշեցնում են թե՛ փողոցային առեւտուրն արգելելու անհեթեթ որոշումը (որն այդպես էլ թղթին մնաց), թե՛ ճարտարապետական խուլիգանությունները, թե՛ օպերայի շրջակայքի սրճարանները: Այս առումով «Առավոտ» թերթը նշում է. - «Թերեւս, նա ստիպված կլինի ստանձնել երկրի ղեկավարության բոլոր մեղքերի քավության նոխազի դերը։ Իսկ իր՝ Նազարյանի մեղքն այսօրվա չափանիշներով այնքան էլ մեծ չէ. նա միայն խոնարհաբար ծառայում էր իշխանություններին ու կատարում նրանց ցանկությունները։ Ինչ խոսք՝ ի վնաս քաղաքի, նրա ճարտարապետության, օպերայի շրջակայքի եւ, ի վերջո, բոլոր երեւանցիների։ Ցավոք, իշխանության եւ քաղաքի շահերը չեն համընկնում: Տարօրինակ է, որ այժմ մեղադրում են միայն նրան՝ ընդամենը խոնարհ կատարողին, այլ ոչ թե պատվիրատուներին, որոնց անունները բոլորն էլ լավ գիտեն», - եզրափակում է «Առավոտ»-ը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG