Մատչելիության հղումներ

logo-print

2004 թվականին բարձրանալու են գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագները


Հայաստանյան մամուլում համառորեն շրջանառվող լուրերը, թե 2004 թվականի մատույցներում երկրում բարձրանալու են բնակչությանը մատակարարվող բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագները, կարծես թե, անհիմն չեն:

Թեեւ սակագները հաստատող՝ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը առայժմ որեւէ հայտ չի ստացել, բայց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը, օրինակ, երեքշաբթի օրը տարածել է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, որով ընկերության տնօրենների խորհրդին ու վարչությանը պարտավորեցրել է մինչեւ օգոստոսի 1-ը Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին բնական գազի սակագնի բարձրացման հայտապահանջ ներկայացնել։

Ըստ «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանի, ընկերության բաժնետերերի պահանջը հարուցված է գազի սպառման ծավալների կտրուկ անկմամբ: 2002 թվականին հանրապետություն է ներկրվել մոտ 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, մինչդեռ, Հայաստանի էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (նախկինում այդպես էր կոչվում ներկայիս բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը) դեռեւս 1997 թվականին բնական գազի սակագինը սահմանել էր՝ հիմք ունենալով 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր նվազագույն սպառման ծավալը։

Հայտը, որ պատրաստվում է ներկայացնել «Հայռուսգազարդ»-ը բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, ըստ տիկին Սարդարյանի նախատեսելու է սակագների համեմատաբար փոքր աճի պահանջ.

«Սակագնի շեշտակի աճ չի ակնկալվում» - ասաց Սարդարյանը: - «Աճը կդիտարկվի 10-20 տոկոսի սահմաններում, ինչը չի բերի էներգակիրների շուկայի կտրուկ փոփոխության: Նոր սակագնի դեպքում էլ բնական գազը կմնա էներգակիրների մեջ ամենաէժանը սպառման շուկայում»:

Ներկայումս բնական գազի 1000 խորանարդ մետրը Հայաստանը սահմանի վրա ռուս-ամերիկյան «Իտերա» եւ ռուսական «Գազպրոմ» ընկերություններից գնում է 53 դոլարով, իսկ ներքին շուկայում վաճառում է. բնակչությանը՝ խորանարդ մետրը 51 դրամով, իսկ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին՝ 1000 խորանարդ մետրը՝ 79 դոլարով։ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 45 տոկոսը «Գազպրոմ»-ին, 10 տոկոսը՝ «Իտերա»-ին, մնացած 45 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը։ Այդուհանդերձ, Շուշան Սարդարյանն ասում է, որ «Գազպրոմ»-ի եւ «Իտերա»-ի պահանջների մեջ քաղաքական ոչինչ չկա, պարզապես՝ բիզնեսը պետք է շահաբեր լինի, որպեսզի հնարավոր լինի ներդրումներով բարելավել գազամատակարարման ցանցը:

Ըստ քաջատեղյակ աղբյուրների, ջրաչափ տեղադրած բնակիչները մեկ խորանարդ մետր խմելու ջրի համար 2004 թվականից կվճարեն ներկայումս գործող 58 դրամ սակագնից կրկնակի ավելի:

«Այսօր գործող ջրի սակագները, ինձ թվում է, ինքնածախսածածկող չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բնական մենաշնորհների կարբավորման հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը:

Էլեկտրաէներգիայի ներկայիս 25 դրամ սակագինը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, կբարձրանա մինչեւ 30 դրամ: Գրիգորյանը դա կապեց առաջին հերթին 1998 թվականից ի վեր (երբ հաստատվել է սակագինը) դրամի սղաճով: Սակագնի փոփոխության այլ գործոններ կան. բաշխիչ ցանցերի մասնավորեցումը, Հրազդանի ՋԷԿ-ի, «Սեւան - Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադի՝ պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնելը արդեն իսկ սակագնի փոփոխություն էր բերելու:

«Դրա անհրաժեշտությունը անպայման կա եւ կլինի», - ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, թե, ասենք Հրազդանի ՋԷԿ-ը միջակառավարական համաձայնագրով գնահատվել է 31 միլիոն դոլար եւ «սակագնի տարր կազմող ամորտիզացիայի եւ շահույթի միջոցով պետք է փոխհատուցվի 15 տարվա ընթացքում»: Ավելի կոշտ են «Սեւան - Հրազդան» կասկադի գործարքի պայմանները՝ 25 միլիոն դոլարը պետք է փոխհատուցվի 5 տարվա ընթացքում:

«Դրանից ելնելով որոշակի փոփոխություններ կկրեն երեւի անմիջապես արտադրող կայանների սակագները: Թե դա ինչպես կանդրադառնա վերջնական սակագների վրա՝ ցույց կտան հաշվարկները», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Հարցին, թե բնական մենաշնորհների հանձնաժողովը ինչպե՞ս է հավասարակշռում ընկերությունների եւ բնակիչների շահերը, Գրիգորյանը պատասխանեց. - «Այդ շահերը տրամագծորեն հակառակ են: Շատ դժվար է դրանք հավասարակշռելը: Մենք այնպես ենք աշխատում որպես հանձնաժողով, որպեսզի երկու կողմն էլ հավասարաչափ դժգոհ մնան»:


Ատոմ Մարգարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG