Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլի ուշադրության հիմնական առարկան այս շաբաթ էլ մնում են կոալիցիոն հարաբերությունները, կառավարության կադրերը, քաղաքական ընթացքի հանելուկները: «Կոալիցիա, ուր բոլորը բոլորին կառավարելիորեն դեմ են». այս ձեւակերպմամբ վերլուծականում «Իրավունք» թերթը հավաստիացնում է. - «Կոալիցիայի ներսում խարդավանքներն ու խուլ հակամարտությունները շարունակվում են: Մի գեղեցիկ օր կոալիցիայի ներսում առկա հակասությունները պայթելու են»: «Իրավունք»-ի շեշտադրմամբ, այս վիճակը լիովին ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին. - «Ձեւավորվել է կոալիցիա, ուր ոչ ոք չի կարող հավակնել իշխանության ամբողջական կենտրոնի դերին, այդ կոալիցիայի ցեմենտող սկիզբը նախագահի նստավայրն է, կոալիցիայի ամրությունը կախված է Ռոբերտ Քոչարյանից, եւ հարմար պահին նույն Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի ներսից պայթեցնելու այդ կոալիցիան եւ ձեւավորելու նորը՝ իրեն ավելի հարմարը»: Վերլուծականն ավարտվում է կանխատեսմամբ. - «Ամբողջ ամառը հագեցած է լինելու խարդավանքներով, դրանցում աճելու է Ռոբերտ Քոչարյանի եւ նվազելու Սերժ Սարգսյանի դերը: Աշնան կողմերը հավանաբար հրապարակային շրջանառության մեջ կդրվի մի նոր ազգանուն, որը հետագայում ավելի ու ավելի հաճախ պետք է հնչի Ռոբերտ Քոչարյանի անվան կողքին»:

Նախորդ կառավարության օրոք 12 տոկոս տնտեսական աճ էր արձանագրվում, եւ «եթե ներկա կոալիցիոն կառավարությունը անհաջողության մատնվի, ապա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բոլոր հիմքերը կունենա հայտարարելու, թե ինքը գլուխը կախ իր համար աշխատում էր, հազիվ ձեւը գտել էր, իսկ կոալիցիոն կառավարության կնքահայր Քոչարյանը միջամտեց, խանգարեց ու փաստորեն կանխեց նորանոր բարձունքների հաղթահարումը»: Ուրվագծելով հավանական մի այսպիսի զարգացում, «Այբ-Ֆե» թերթը ընդհանուր առմամբ, սակայն, վստահ է, որ կոալիցիայի բոլոր կողմերն էլ արդեն բավական վարպետ են թվեր նկարելու մեջ եւ տարեվերջին մեզ համար մի այնպիսի թիվ կնկարեն, որն անհամեմատ մեծ կլինի 12-ից»:

«Վա~յ ժողովրդին, վա~յ ազգին» վերնագրի տակ անդրադառնալով կոալիցիոն կառավարությանը, մասնավորապես մշակույթի ու կրթության նախարարներին, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. - «Խորհրդային ժամանակ այդ պաշտոններին նշանակվում էին բնագավառի մարդիկ, թեկուզ՝ միջակներ... Բայց միջակությունն էլ չափ ունի: Իսկ այն, ինչ այսօր ունենք, այն, ինչ այսօր մեզ մատուցում են, արդեն միջակություն չէ, սա ուրիշ բան է: Ուրեմն, մարդիկ համախմբվում են ինչ-որ խմբի մեջ, թայֆաներ կազմում՝ անունը դնում կուսակցություն, երես պատռելով, աղմուկ-աղաղակով, չգիտեմ՝ ինչ-ինչ միջոցներով հասնում-դառնում են ԱԺ պատգամավոր, որ դրանից հետո պաշտոննե՞ր ստանան»: Հովհաննիսյանի գնահատականով՝ «Այն, ինչ կատարվում է՝ աղետ է, որ գալիս է մեր ժողովրդի գլխին, եւ այս աղետի հետեւանքները մենք առաջիկայում կզգանք: Արդեն զգում ենք: Սա բարոյական անկում է նախ եւ առաջ»:

«Ոչ այնքան կուսակցական կադրերն էլ մի բան չեն», - ամրագրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ տալով Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պատկերը: «Նա ոչ միայն չկանգնեցրեց նախորդների արմատավորած արատավոր միտումները, այլեւ այնքան դրանք զարգացրեց, որ Երեւանի հանդեպ ցինիզմն ու անբարոյականությունը դարձան համատարած», - նշվում է «Գոլոս Արմենիի»-ում: - «Նազարյանը հիմնախնդիրները լուծելու նույնիսկ փորձ չարեց, նրա բոլոր որոշումները ի վնաս միջին վիճակագրական երեւանցու են եւ հօգուտ փողի կույտեր ունեցող ասպատակողների: Երեսպաշտորեն հայտարարում է, թե եթե երեւանցիները չուզեն-չընդունեն՝ ինչ-որ բաներ կփոխենք, եւ անընդհատ միայն այնպիսի բաներ է անում, որ բնավ ընդունելի չեն»:

«Առավոտ» թերթի խմբագրի հայացքով, Քոչարյանին փառաբանելու եւ նախարար նշանակվելու միջեւ պատճառահետեւանքային կապն այնքան ակնհայտ է, որ չի կարող քողարկվել ոչ «դաշնակցային հուշագրով», ոչ էլ կասկածելի փաստարկով, թե նախարարական պաշտոնը «զուտ քաղաքական է»: «Այդ կապը գալիս է հաստատելու այն գլխավոր սկզբունքը, որը գերիշխում է դասական լճացման ժամանակաշրջանում՝ «քծնիր, եւ կարիերայի դռները բացվելու են քո առաջ»: Այդ սկզբունքն ուղենիշ է դառնալու հայաստանցի հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) երիտասարդների համար», - նախանշում է խմբագիրը: - «Պետք չէ, հետեւաբար, զարմանալ, որ իշխանամետ գործիչների շուրթերից Քոչարյանի հասցեին շուտով կհնչեն բնորոշումներ, որոնք վերջին անգամ մենք լսել ենք «թանկագին Լեոնիդ Իլյիչի» հետ կապված»:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ իրենք, համազգային ստորագրահավաքին զուգահեռ, սեպտեմբերին խորհրդարանին են ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություն՝ Քոչարյանի վստահության հարցը հանրաքվեի դնելու համար: «Քոչարյանը հայտարարում է, որ իրեն վստահության քվե է տվել 700 հազար մարդ: Մենք էլ հայտարարում ենք, որ հավաքելու ենք մեկ միլիոնից ավելի ստորագրություն. այսինքն, այնքան ստորագրություն, որքան Հայաստանում ընտրողների թիվն է: Այդ դեպքում հարց է ծագելու՝ այդ ո՞ւմ քվեով է ընտրվել Քոչարյանը... Իսկ եթե պայքարի օրինական բոլոր ճանապարհները սպառվեն, մենք պարզապես պարտադրված կլինենք դիմել քայլերի, որոնց դիմել չէինք ցանկանա», - ավելացնում է «Ազգային միաբանության» փոխնախագահը: - «Եթե գողը մտել է տունդ, քեզ էլ պատանդ է վերցրել ու համառորեն այնտեղից դուրս գալ չի ցանկանում, դու արդեն ազատ ես՝ դիմելու ցանկացած քայլի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG