Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհրդարանական վեհաժողովը կոշտացնում է դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ


Ստրասբուրգում այսօր բացված Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին նիստում, ուր քննարկվում էր Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը, ընդունված բանաձեւով սպառնալիք է հնչել «չվավերացնել խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նոր պատվիրակության իրավասությունները՝ հաշվի առնելով ընտրախախտումների ծավալն ու լրջությունը»:

Խոսքը ոչ թե ներկայիս պատվիրակության մասին է, որի կազմում են Արմեն Ռուստամյանը եւ Արտաշես Գեղամյանը, այլ այն պատվիրակության մասին, որը Հայաստանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կներկայացնի սեպտեմբերից: Այդ նոր պատվիրակության կազմում է նաեւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նշված բանաձեւը պատրաստել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւած դիտորդական խումբը, որը ստացել է Եվրախորհրդում հատուկ հանձնախմբի կարգավիճակ: Բանաձեւն առաջարկվում է նաեւ քննարկել Երեւան հետընտրական պատվիրակություն ուղարկելու հնարավորությունը:

Բանաձեւում շեշտվում է նաեւ, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պնդում է, որ չի կարելի քննարկել Հայաստանը վերահսկողության ընթացակարգից դուրս բերելու հարցը, քանի դեռ Հայաստանի չի անցկացրել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափանիշերին: Սա նշանակում է, որ Հայաստանը կմնա մոնիտորինգի ռեժիմում՝ անգամ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումից հետո:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG