Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը հայտարարեց, թե հարկավոր է բարձրացնել խորհրդարանի Վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը:

«Ընդհանրապես պետական միջոցների նկատմամբ վերահսկողությունը պետք է ուժեղանա, վարկերի ու փոխառությունների նկատմամբ վերահսկողությունը պետք է նոր որակի վրա դրվի», - Վերահսկիչ պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, թե դա «քաղաքական եւ իրավական նշանակություն ունի»:

Ազգային ժողովի վերահսկիչ պալատը հիմնականում ուսումնասիրում է պետական բյուջեից հատկացված միջոցների, ինչպես նաեւ օտարերկյա վարկերի օգտագործման արդյունավետությունը:

Պալատի դերի բարձրացման քաղաքական նշանակությունը կապված է այն բանի հետ, որ քաղաքական կոալիցիայի հուշագրի առանցքային կետերից մեկը վերաբերում է կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարին: «Իսկ մենք գիտենք, որ կոռուպցիան բազմաթիվ ուղղություններով արմատավորված է նաեւ պետական կառավարման մարմիներում», - ասաց Բաղդասարյանը՝ բերելով կոնկրետ օրինակներ Վերահսկիչ պալատի հաշվետվություններից:

Խորհրդարանի խոսնակի խոսքերով, լուրջ ուշադրություն է դարձվելու մասնավորեցված ձեռնարկություններում ներդրումային պարտավորությունների կատարմանը. հանրապետությունում մասնավորեցված 44 ընկերությանների մեկ քառորդը «ընդհանրապես չի կատարել ներդրումային պարտավորությունները»: «Խոսքը վերաբերում է մոտ 4 հազար աշխատատեղի», - ավելացրեց Արթուր Բաղդասարյանը: - «Բնականաբար այդ ձեռնարկությունների նկատմամբ պետք է կիրառվեն օրենքով նախատեսված պատճամիջոցներ»:

Նրա խոսքերով, հարկավոր է ուժեղացնել վերահսկողությունը ընթացքի մեջ գտնվող վարկային ծրագրերի նկատմամբ: «Մենք պետք է մեխանիզմներ մշակենք 2003 թվականին իրականացվող, հենց այս պահին իրականացվող վարկային ծրագրերի նկատմամբ հսկողությունը ապահովելու համար», - ասաց նա՝ ավելացնելով, թե երկրում հիմա իրականացվում են 65 միլիոն դոլարի եւ 14 միլիոն եվրոյի տարբեր ծրագրեր:

Արթուր Բաղդասարյանը չհամաձայնեց «Ազատություն» ռադիոկայանի հարցադրմանը, թե ինչպես է հնարավոր բարձրացնել վերահսկիչ պալատի դերը՝ առանց այդ կառույցի կարգավիճակը բարձրացնելու: «Ինձ թվում է, որ Վերահսկիչ պալատի կարգավիճակը բավականին բարձր է», - ասաց նա: - «Այլ խնդիր է, որ ոչ ճիշտ կերպով են աշխատել»:

Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի գնահատմամբ, գործող օրենքը անկատար է: Նա տեղեկացրեց, որ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը պատրաստ է եւ Ազգային ժողովի նախագահին խնդրեց այն հնարավորինս շուտ ընդգրկել օրակարգում՝ հիշեցնելով, որ Կառուցվածքային բարեփոխումների հերթական վարկի (ՍԱՔ-5) տրամադրման պայմաններից մեկը Համաշխարհային բանկը համարում է այդ օրենքի բարեփոխումը:

Ի պատասխան Ոսկանյանի հնչեցրած դժգոհության, թե, օրինակ, կապի եւ տրասպորտի նախարարությունը, որոշ այլ կազմակերպություններ, յուրովի մեկաբանելով գործող օրենքը, խոչընդոտում են պալատի կողմից անցկացվող ուսումնասիրություններին, Արթուր Բաղդասարյանը ասաց, թե նման դեպքերը իրենք շատ կոշտ են գնահատելու:

«Այսօր շատ դռներ փակ են վերահսկիչ պալատի առջեւ: Մենք այդ բոլոր դռները պետք է բացենք», - հավաստիացրեց նա:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի խոսնակը մի քանի անգամ շեշտեց Վերահսկիչ պալատի դերի բարձրացման քաղաքական նշանակությունը: Նախագահի աշխատակազմում եւ կառավարությունում գործող վերահսկողական ծառայություններից, սակայն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, տեղեկացրին, որ իրենք շարունակում են աշխատանքը սովոր հունով եւ որեւէ կարգադրություն վերահսկողական ծառայությունն ուժեղացնելու մասին չեն ստացել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG