Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի փոխխոսնակը վրդովված է արեւմտյան դեսպանների բաց նամակի կապակցությամբ


Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը շաբաթ օրը վրդովմունքով արձագանքեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի եւ Հայաստանում հավատարմագրված արեւմտյան մի շարք երկրների բարձրաստիճան դիվանագետների ուրբաթ օրը բաց նամակին, որով վերջիններս իշխանություններին կոչ են անում ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը:

«Որեւէ մեկը չի կարող պարտադրել Հայաստանի խորհրդարանին այս կամ այն որոշումը ընդունել կամ օրենքում փոփոխություն անել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Թորոսյանը՝ նշելով, թե դեսպանները սկսել են «ինչ-որ անհասկանալի ակտիվություն ցուցաբերել». - «Մի բան, որը բացարձակապես անհամատեղելի է որեւէ դեսպանի կարգավիճակի հետ»:

Ազգային ժողովի նախագահին հասցեագրված նամակում նշվում է, որ անցած գարնանը ընդունված Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին «լրջորեն սպառնում են Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքին», ինչը ամրագրված է Հայաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, եւ պատրաստակամություն է հայտնվում օգնել նշված զանցանքները ապաքերականացնելու գործում:

Այս կապակցությամբ Տիգրան Թորոսյանը ասաց. - «Կա շատ հայտնի եւ պարզ աշխատանքի ձեւ՝ փորձագետների հետ աշխատանք: Մենք միշտ պատրաստ եղել ենք, այսօր էլ պատրաստ ենք ցանկացած փորձագետի հետ աշխատել, ցանկացած առաջարկություն քննարկել, բայց դեսպանների այս աշխատաոճը բացարձակապես անընդունելի է»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG