Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այբ-Ֆե» թերթի արձանագրմամբ, հիմա Հայաստանում քաղաքական ու ներքաղաքական կյանքի ընդմիջում է. - «Դեպքերն ու իրադարձությունները կանգ առան ընտրական երկու մարաթոններից հետո՝ հասնելով բուն հանգուցալուծմանը: Ինչպես միշտ, եղան շահողներ ու տուժողներ: Շահողների մեջ, ինչպես միշտ, Արթուր Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, ինչպես նաեւ՝ ողջ «Օրինաց երկիր»-ը... Հանրապետականները, դաշնակցականներն ու Սերժ Սարգսյանը համեմատաբար են շահած, քանզի իրենց երազանքների մեջ մի շարք ավելի բարենպաստ տեսլականներ ունեին պահած: Ճիշտ է՝ «Արդարություն» դաշինքն ու եղամյանն առժամանակ մարաղ են մտել, բայց նրանց նույնպես չի կարելի միանշանակ տուժած համարել հենց թեկուզ միայն այն պատճառով, որ մի երկրում, ուր ամեն ինչ հնարավոր է, իրենք նույնպես կարող էին առանց մանդատի մնալ», - նրանց մխիթարություն է տեսնում «Այբ-Ֆե»-ն՝ շեշտադրելով. - «Այս երկար ու ձիգ մարաթոնում ամենադառը պարտություն կրողը վերստին բազմաչարչար ժողովուրդն է, հայ ժողովուրդը, որը վերստին կոտրած տաշտակի առջեւ է: Միայնակ՝ առանց իշխանության եւ առանց ընդդիմության, առանց հույսերի ու առանց պատրանքների»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, «կառավարությունում ուժերի բաշխումը, նաեւ՝ ներքաղաքական դաշտի քարտեզը ձեռնտու չեն վարչապետին, եւ նա պիտի աշխատի առաջիկայում ինչ-որ վերաձեւումներ իրականացնել՝ ներքաղաքական կյանքում իր ազդեցությունը վերականգնելու եւ հասարակական որոշակի աջակցություն ապահովելու համար»: «Անդրանիկ Մարգարյանը պատրաստվում է իր շուրջը համախմբել Ռոբերտ Քոչարյանից դժգոհ քաղաքական ուժերին: Խոսքը տվյալ դեպքում առաջին հերթին վերաբերում է, այսպես կոչված, երկրորդ էշելոնի իշխանական կուսակցություններին», - գրում է մեկնաբանը: - «Վարչապետը ծրագրում է կարճ ժամանակ անց ցույց տալ, որ կառավարության առանձին անդամներ (մասնավորապես «Օրինաց երկրի» եւ Դաշնակցության անդամ նախարարները) ի վիճակի չեն ղեկավարել իրենց վստահված ոլորտը, եւ շրջանառության մեջ դնել պրոֆեսիոնալների կառավարության ձեւավորման անհրաժեշտությունը... Այս ծրագիրը կարող է շատ ավելի հեշտ իրականացվել, քան սպասվում էր, ու այս հարցում, որքան էլ տարօրինակ թվա, վարչապետին օգնում են նրան անհաճո նախարարները: Նրանցից ոմանք արդեն իսկ հասցրել են խելագարի համարում ձեռքբերել: Արդեն հստակ է, որ մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարների գործունեությունը այդ իսկ համակարգերի որոշակի դժգոհությունն է հարուցել, եւ անշուշտ, վարչապետը առաջիկայում գիտության եւ մշակույթի ոլորտի մարդկանց հետ կսկսի քննարկել պրոֆեսիոնալ նախարարներ նշանակելու անհրաժեշտության հարցը», - նախանշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Արդեն 12 տարի մեր երկրում շարունակվում է կադրային էկզոտիկ փորձարարությունը», - տարակույսով այս ընթացքին է նայում «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ հատկապես առանձնացնելով. - «Մշակույթն իրոք ռազմավարական նշանակություն ունի ազգի եւ պետության համար, այդ պատճառով էլ նոր նախարարի նշանակումը խիստ ցնցել է նույնիսկ մեր փորձված հասարակությանը: Երբ մշակույթի նախարար նշանակեցին Հակով Մովսեսին, թվում էր՝ ավելի վատը չի լինի, բայց հայտնվեց Ռոլանդ Շառոյանը: Ու էլի թվում էր՝ ավելի վատ նախարար չի կարող լինել, բայց պարզվեց՝ կարող է, այն էլ՝ անհամեմատ վատ»:

Սրա կողքին «Գոլոս Արմենիի»-ի մեկ այլ մեկնաբան այսօրինակ կոալիցիոն կառավարության ստեղծումը գնահատում է Ռոբերտ Քոչարյանի մի նոր հաջողություն՝ ընդգծելով. - «Երբ Քոչարյանը 1997 թվականին դարձավ Հայաստանի վարչապետ, նա թիմ չուներ: Հիմա նա թիմ արդեն ունի: Եվ այդ թիմը կերտել է նրանցից, ովքեր եղել են... Իրապաշտ Քոչարյանը նախընտրում է կադրեր ընտրել նրանցից, ում առաջարկում են, ով վստահելի է եւ «ձեռքի տակ», այլ ոչ թե նրանցից, ում կարելի է գտնել՝ առավել իրազեկ ու պրոֆեսիոնալ»:

Պարույր Հայրիկյանը իր բազմաթիվ ասուլիսների թիրախ է ընտրել Անդրանիկ Մարգարյանին: Ընդ որում քննադատվում է ոչ թե վարչապետի ներկայիս գործունեությունը, ինչը բնական կլիներ, այլ նրա այլախոհական անցյալը՝ իբր պրն Մարգարյանը ժամանակին ՊԱԿ-ի գործակալ է եղել: Վարչապետի շրջապատն էլ այդ մեղադրանքներին «սիմետրիկ» պատասխան է տալիս: Սրա հետ կապված, «Առավոտ» թերթն այսօր հորդորում է. - «Պետք չէ հիմա ինքնագովազդով զբաղվել կամ գրքեր գրել այլախոհական շարժման մասին, մանավանդ՝ դրանցում տեղ գտած գնահատականները փոխել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Եկեք առայժմ պահպանենք այլախոհության, տոտալիտարիզմի դեմ պայքարի պայծառ եւ գեղեցիկ առասպելը»:

«Ալյուրի եւ հացի վերջին թանկացումը ցույց տվեց, որ վաղ է խոսել Հայաստանում արդար մրցակցության մասին», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Ունենալով գերիշխող դիրք, մեկ կամ մի քանի կազմակերպություն կարող են շուկային թելադրել իրենց համար ձեռնտու գնային քաղաքականություն, իսկ դրա դեմ պայքարելու համար չկան արդյունավետ լծակներ... Այս ընթացքում որոշ տնտեսավարողներ կարողացան ապահովել գերշահույթներ։ Թե այդ գործունեության համար ինչպիսի տույժեր կսահմանվեն նրանց համար, այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ դրանք այսպես թե այնպես չեն կարող ավելին լինել, քան այն եկամուտները, որ նրանք ստացան հասարակության լայն զանգվածի հաշվին։ Առավել եւս, երբ ի տարբերություն ալյուրի, հացի գների փոքրինչ անկումը կրում է սոսկ ձեւական բնույթ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում գների բարձրացումից հետո, դրանք որքան էլ նվազեն, այլեւս չեն վերադառնում նախկին մակարդակին», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ»-ում։ - «Կասկած չկա, որ այդ միտումները կպահպանվեն նաեւ այս դեպքում։ Հատկանշական է, որ գների որոշ նվազմանը եւ կայունացմանը զուգահեռ չի վերականգնվում հացի քաշը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG