Մատչելիության հղումներ

logo-print
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր Ազգային ժողովին ներկայացրեց կառավարության գործունեության քառամյա ծրագիրը՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» պատգամավորների բացակայության պայմաններում:

Ծրագիրը ներկայացնելուց հետո, մինչեւ քսանչորսժամյա ընդմիջում հայտարարվելը, վարչապետը դիմեց պատգամավորներին. - «Հուսով եմ, կառավարությունը ինչպես այժմ, այնպես էլ առաջիկա չորս տարիներին կունենա ձեր անվերապահ աջակցությունը, վստահությունը»:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում չէին «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» պատգամավորները, եւ վարչապետը ծրագիրը ներկայացնում էր «յուրայիններին»:

«Իրատեսական համարելով [կառավարության ծրագիրը], մենք համարում ենք նաեւ որոշակի չափով ռիսկային», - ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, որ կոալիցիոն կառավարություն կազմած երեք կուսակցություններն էլ «իրենց հայտարարության տերն են լինելու, եւ փորձելու ենք ծանր պայմաններում այս ցուցանիշները ապահովել»:

Իսկ այդ ցուցանիշները տնտեսական նպատակների մասով բավականին չափավոր են (տնտեսական աճը վերջին տարիների երկնիշ թվերի փոխարեն՝ 6-8 տոկոս, արտահանման ծավալների տարեկան աճը՝ ընդամենը 10 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ ծրագրում այդ աճը պլանավորել էր առնվազն 25 տոկոսով), մինչդեռ, սոցիալական խոստումների մասով՝ զգալի ռիսկեր են պարունակում։ Ասենք՝ երկրում աղքատության մակարդակը 15 տոկոսով իջեցնելու խոստումը. նախորդ չորս տարիների ընթացքում հնարավոր եղավ աղքատությունը նվազեցնել միայն 7 տոկոսով։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի հակակոռուպցիոն միջոցառումներին, Մարգարյանի խոսքերվ, անկախ ամեն ինչից, «ոչ միայն խոսքով, այլեւ գործով» են պայքարելու դրա դեմ: «Եվ դա հաստատ անելու ենք», - վստահեցրեց վարչապետը՝ շարունակելով. - «Կոռուպցիայի արմատները այնքան խորն են, որ Քրիստոսից առաջ եղել են, դրանից էլ շատ առաջ եղել են, մինչեւ հիմա էլ շարունակվում են: Մենք պետք է կարողանանք այնպիսի մթնոլորտ, այնպիսի իրավական դաշտ, այնպիսի վարչական մեխանիզմներ ստեղծել, որ դա արմատախիլ արվի»:

Խորհրդարանում 17 անդամ ունեցող «ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին կառավարության ծրագրի վերաբերյալ ասաց. - «Ցանկացած ծրագիր դեռեւս բարի ցանկություն է: Ծրագրերը իրականացնելն է մի քիչ լավ լինում, կամ վատ լինում»:

Միավորված աշխանքային կուսակցության խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի խոսքերով, հենց ծրագրի պարամետրերի վրա հիմնված հաշվարկներով, չորս տարի հետո Հայաստանում ամեն երրորդը աղքատ կլինի, ամեն յոթերորդը՝ ծայրահեղ աղքատ: Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արսենյանը ասաց, որ ծրագրի սոցիալական ուղղվածությունը համարում են իրատեսական:

Կառավարության ծրագրում նշված թերացումների շարքում որեւէ հիշատակում չկա պաշտպանության ոլորտի մասին: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դա բացատրեց հետեւյալ կերպ. - «Ճիշտ չէ բանակի թերություններին շատ անդրադառնալ»:

Վաղը ժամը 13.30-ին Ազգային Ժողովի նիստը կվերսկսվի, եւ արդեն գրեթե հստակ է, որ ծրագիրը կարժանանա հավանության, իսկ կառավարությունը՝ վստահության:


Ռուզաննա Խաչատրյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG