Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դասագրքային ճշմարտություն է՝ ուժեղ պետության գլխավոր բաղադրիչներն են՝ իշխանություն ընտրելու հնարավորությունը, անկախ դատարանը, քաղաքացիների անվտանգությունը, արդյունավետ սոցիալական քաղաքականությունը: Սակայն հետխորհրդային երկրների իշխանավորների պատկերացումները տրամագծորեն հակառակն են», - արձանագրում է «Առավոտ» թերթը: - «Առաջին հայացքից գուցե թվում է, թե այդպես ավելի հեշտ է երկիր ղեկավարել՝ ժողովուրդը հնազանդ է, ընդդիմությունը՝ ճնշված, պալատական նոմենկլատուրան՝ «կոալիցիայի» մեջ: Բայց իրականում 21-րդ դարում կառավարման նման «մոդելը», մեղմ ասած, խորը ճգնաժամ է ապրում»: «Կոնկրետ Հայաստանում ավտորիտարիզմի ճգնաժամը հեշտ է ցույց տալ վերջին երկու ընտրությունների օրինակով», - մատնանշում է «Առավոտ»-ը: - «Բանն այն է, որ մի անգամ (նախագահական ընտրություններում) պետական ծառայողներին եւ տեղական հեղինակություններին ապօրինությունների դրդելով, իշխանությունը չի կարող նրանցից օրինականություն պահանջել, եւ իրականում իշխանական ուղղահայացը հետզհետե անդարձ թուլանում է»:

Օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը «Ազգ» թերթի հարցազրույցում ասում է. - «Քաղաքականությամբ զբաղվելը եւս մտավոր աշխատանք է։ Վտանգավոր է, որ մենք չունենք մտավորական քաղաքական գործիչներ, կամ նրանք քիչ են։ Պետք չէ մտածել, որ խորհրդարանական գործունեությունը չի պահանջում բարոյական չափանիշեր, մտավոր ունակություններ, ոչ էլ կրթություն»: «Սխալ մոտեցում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի», - ընդգծում է Սուրեն Զոլյանը: - «Նման հեքիաթներ լսել ենք՝ կոմունիզմի ուժը կբերի դեպի պայծառ ապագա, հետո հեքիաթ ազատ շուկայական հարաբերությունների ճանապարհով կյանքը լավացնելու մասին։ Սխալ է կարծել, թե մականունավորները կսկսեն կարդալ։ Դա նույնն է, որ ասես հիվանդին վիրահատություն անհրաժեշտ չէ, թարախն ինքն իրեն դուրս կգա օրգանիզմից։ Ո՛չ, դա խորանալու է, եթե ոչինչ չարվի։ Հարկավոր են արմատական միջոցներ»: Հարցազրույցում նաեւ շեշտադրված է. - «Եթե հասարակական պահանջը չկա, ինչու պետք է իշխանությունները մտածեն այդ ուղղությամբ։ Հասարակության ճնշումը չզգալու դեպքում իշխանություններն անում են այնպես, ինչպես իրենց է հարմար»։

Անդրադառնալով «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի երեկվա ասուլիսին, «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը գրում է. - «Նա այնքան անկեղծ, այնքան երեխայավարի էր հուզվում ու նեղանում՝ չհայտնաբերելով սեփական ափսեի մեջ իշխանական կարկանդակի թեկուզ մի պուճուրիկ կտոր, այնպես ցասումնալից երդվում բոյկոտել խորհրդարանի աշխատանքը, որ ցանկություն էր առաջանում շոյել խեղճի գլուխը, սրբել արցունքներն ու փսլինքները եւ շշնջալ ականջին. Մի՛ վշտացիր։ Տես, բացի այդ երեքից, ոչ մեկին ոչինչ չհասավ։ Իշխանությունը ոչ մեկի հետ հաշվի չի նստում։ Բայց չէ՞ որ ուրիշները խուլիգանություն չեն անում. սրբվեցին, շարք կանգնեցին ու սպասում են հետագա հրահանգներին։ Դու էլ շո՛ւտ արա, շարք կանգնիր ու կամակորություններ մի՛ արա։ Եւ մի՛ պատմիր ոչ մեկին քո «կգնամ-չեմ գնա խորհրդարան»-ների մասին։ Հարկ եղած դեպքում, այն էլ ինչպես կգնաս։ Կվազե՛ս»։ «Հայրենի քաղաքական գործիչների ամենասքանչելի առանձնահատկություններից մեկը սեփական կյանքը փչացնելու եւ դրա մեջ ուրիշներին մեղադրելու բացառիկ ունակությունն է», - ընդհանրացնում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը եւ, վերադառնալով «Ազգայի միաբանության» ղեկավարին, շարունակում. - «Պետք չէ ոչ մեկին վախեցնել միլիոն ստորագրություն հավաքելու կամ ինչոր հանրաքվեների վերաբերյալ ծիծաղելի սպառնալիքներով։ Չէ՞ որ առնվազն քաղաքացիները ստորագրելուց առաջ, կարող են հարց տալ. իսկ ինչո՞ւ է Փրկիչը հիշում մեր մասին միայն այն ժամանակ, երբ նրան չի հաջողվում լեզու գտնել իշխանությունների հետ»։

Անդրանիկ Մարգարյանի՝ իսկզբանե կարճատեւ ու անցողիկ համարված վարչապետության չորրորդ տարին է արդեն, եւ այսօրվանից սկսվում է նրա կաբինետի գործունեության մի նոր փուլ: Հատուկ անդրադառնալով այս դիմացկունության ֆենոմենին, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը դա պայմանավորում է ոչ թե զուտ հանգամանքներով, այլ հենց Մարգարյանի անձնական հատկանիշերով: Նրա ձեւակերպմամբ, Անդրանիկ Մարգարյանին պարբերաբար թերագնահատում են, եւ նա միայն արտաքնապես է ծանրաշարժ ու բարեհոգի մարդ թվում:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Թամարա Պողոսյանի հետ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի երեկվա հարցազրույցից հետո կարելի էր կարծել, որ տիկին Պողոսյանը իր մասին արդեն ամեն ինչ ասաց: Բայց այդ թերթում այսօր ներկայացվող զրույցի շարունակությունը նորանոր ծալքեր է բացահայտում: «Ես հզոր եմ իմ անալիտիկ մտածողությամբ», - ազդարարում է նոր նախարարը: - «Ես հավերժական շարժիչի պես եմ աշխատել... Ամեն կարգավիճակում ես առաջինն եմ եղել... Ինձ որ ցուցակի 3-րդ համարում դրեցին, այսինքն՝ դա բնութագիր էր կուսակցության: Նախ՝ հիմնադիր ես, երկրորդ՝ այն կերպարն ես, որ կուսակցությունը հպարտանում է քեզնով: Չափանիշ ես, էս կադրը մերն ա, մենք սա ծնել ենք, սա ստեղծել ենք, ներկայացնում ենք հասարակությանը: Լավն ենք՝ սրանով ենք լավը»: «Ես պրոֆեսիոնալ եմ, միակ բանը, որ մեխանիզմներին տիրապետում եմ, դա օրենսդրական դաշտի հարցում է», - ինքնավերլուծվում է Թամարա Պողոսյանը՝ միաժամանակ նշելով, որ իրեն հասունացած էր տեսնում մշակույթի նախարարի կարգավիճակի մեջ: «Այդ դեպքում ո՞ր է լինելու ձեր առաջին քայլը», - հարցնում է թղթակիցը: Պատասխանը հետեւյալն է. - «Ես արդեն վերլուծել եմ այն բոլոր շնորհավորական հեռագրերը, որոնք ստացել եմ եւ արդեն դրանց հետ կապված ծրագրեր ունեմ: Սա այն ցուցակն է, որը ես առաջնահերթ եմ համարում, այդ շնորհավորանքների մեջ արդեն համագործակցության եզրերն ընդգծվում են: Այ, սա ինձ համար աշխատանքի առաջին ոլորտն է»:

«Այբ-Ֆե» թերթի փոխանցմամբ, նոր աշխատանքում իր առաջին հաջողությունն է գրանցել եւ նույնպես «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող կրթության ու գիտության նախարար Սերգո Երիցյանը՝ մոտ հինգ հազար դոլարի կահույք գնելով նոր նախարարական աշխատասենյակի համար:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG