Մատչելիության հղումներ

logo-print

«Ազգային միաբանություն»-ը «պնդելու է» վստահության հանրաքվեի անցկացման վրա


«Ազգային միաբանություն» կուսակցության՝ չորեքշաբթի օրը տարածված հայտարարությամբ, որում ընդգծված է, թե «նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչակազմը ուզուրպացրեց պետական իշխանությունը», նշված է, թե կուսակցությունն ու խմբակցությունը պնդելու են, որ ի կատար ածվի նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու՝ Սահմանադրական դատարանի «հայտնի երաշխավորությունը»:

«Ռոբերտ Քոչարյանի եւ նրա կլանի ջանքերով՝ իշխանության բոլոր ճյուղերի լեգիտիմության լիակատար բացակայությամբ, պառակտվել է հասարակությունը, սեպ է խրվել հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ, խորացել է բնակչության ատելությունը վարչակազմի նկատմամբ, էապես թուլացել են Հայաստանի միջազգային դիրքերը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները», - ասված է հայտարարության մեջ, որում նախագահ Քոչարյանի ու նրա շրջապատի գործունեությունը բնութագրված է որպես «բռնակալին յուրահատուկ վրեժխնդրություն ու նենգություն»:

Ստեղծված իրավիճակում, ըստ հայտարարության, Հայաստանը կարող է փրկել միայն «երկրում ժողովրդավարական սահմանադրական կարգերի վերահաստատումը եւ լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը»:

«Եթե Ազգային ժողովի մեծամասնությունը ազգանպաստ որոշում կայացնելու պատրաստակամություն չցուցաբերի, «Ազգային միաբանություն» կուսակցությունը նախաձեռնելու է ազգաբնակչության ստորագրահավաք՝ վստահության հանրաքվեի անկացման պահանջով», - այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության եւ նորընտիր խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 19-ին կայանալիք նիստին, ուր Ազգային ժողովը քննարկելու է կառավարության ներկայացրած քառամյա ծրագիրը:

«Վաղվա նիստին, բնականաբար, «Ազգային միաբանություն» պատգամավորական խմբակցությունը չի մասնակցելու, որովհետեւ այդ նիստը, եթե մասնակցեն ընդդիմադիր թեւերը, փաստորեն կվավերացնի այն խայտառակ ընտրությունները, որոնք տեղի ունեցած մայիսի 25-ին», - ասաց նա՝ ավելացնելով, թե դա շղարշի դեր կունենա՝ թե կառավարության ծրագիրը ընդունվել է ժողովրդավարության սկզբունքներով:

Պատասխանելով «Արդարություն» դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցին, Գեղամյանը ասաց. - «Յուրաքանչյուր հարցադրում, որը համահունչ կլինի մեր ծրագրային հիմանդրույթներին, մեր կողմից կգտնի պաշտպանություն՝ լինի դա «Արդարություն» դաշինքը, լինի դա ցանկացած կուսակցություն:

Գեղամյանի փոխանցմամբ, ինքը խոսակցություն է ունեցել ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ ասել է. - «Զարգացումների այն դեպքում, որը արդեն իսկ արձանագրվել է, Հայաստանում իրավիճակը ապակայունանալու է»:

«Ազգային ժողովը գոնե իր ղեկավարությամբ [պիտի] արտահայտի 51 տոկոսի շահերը», - հայտարարեց Գեղամյանը: - «Այդ պարագայում գոնե հնարավոր կլիներ փոքր-ինչ հավասարակշռել գործադիր մարմնի, նախագահական համակարգի եւ օրենսդիր մարմնի դիրքերը»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում «Ազգային միաբանության»՝ կեղծ ընդդիմություն լինելու մասին լուրերին, Գեղամյանը պատասխանեց, թե այդ լուրերի աղբյուրը ժամանակին ՀՀՇ-ն է եղել: Իսկ հիմա նման պնդում անողը, «Ազգային միաբանության» նախագահի բնորոշմամբ, «առնվազն քաղաքականապես պետք է բոբիկ կամ տգետ լինի»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG