Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի հայացքով, կառավարության ներկայացրած նոր ծրագրում ամենաուշագրավը կոռուպցիայի դեմ պայքարի հատվածն է: Մինչ այս առումով նախընտրական խոստումներն ու ուղենշումները վճռական բեկումներ էին ենթադրում, «ծրագրից չի երեւում, թե կառավարությունն ինչպես է պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարը», - գրում է մեկնաբանը: - «Պարզապես դեկլարատիվ բնույթի գեղեցիկ ձեւակերպված դատարկ արտահայտություններ են կիտված»: Մինչդեռ, մեկնաբանի ընդգծմամբ, «կոռուպցիայի դեմ պայքարի համար կա երկու անհրաժեշտ եւ բավարար պայման՝ իշխանության վերնախավը չպետք է կոռումպացված լինի եւ պետք է ունենա քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար: Ու քանի որ Հայաստանում այս երկու պայմաններից ոչ մեկը չկա, որեւէ ծրագիր, անգամ ամենահուժկու ձեւակերպումներով, ոչ մի արդյունք չի տալու»:

«Այբ-Ֆե» թերթում ուշադրություն է սեւեռված, որ կառավարող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները իրենց ծրագրերում բազմաթիվ սկզբունքային հարցերում անհամադրելի տարբերություններ ունեն, եւ նրանց շատ ներկայացուցիչներ էլ իրար տանել չեն կարողանում: «Այնպես որ՝ կոալիցիան կարճ ու անպտուղ կյանք է ունենալու», - վստահ է «Այբ-Ֆե»-ի վերլուծաբանը: Միաժամանակ վերջինս նախանշել է. - «Առանց այդ էլ խախուտ այդ կոալիցիայի հիմքերը խարխլելու են ոչ թե գաղափարական կամ ծրագրային հակասությունները, այլ Ռոբերտ Քոչարյանի խորամանկության արդյունքում նրանց պարտադրված «կոլեկտիվ պատասխանատվությունը»: Այդ հանգամանքը Քոչարյանին ցանկացած ժամանակ հնարավորություն է տալու ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլեւ, անհրաժեշտության դեպքում, իրար դեմ հանել կոալիցիայի անդամ կուսակցություններին»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Առավոտ» թերթում խիստ հոռետեսորեն է նայում նոր խորհրդարանի աշխատանքային կարողություններին. - «Իմ դիտարկմամբ, արդեն սեպտեմբեր ամսից Ազգային ժողովի դահլիճը դատարկ կլինի: Ուղղակի պրոբլեմներ կառաջանան նաեւ հանձնաժողովների աշխատանքի հետ կապված: Սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ մեր պետականության համար, առավել եւս՝ ներքին որոշակի լարվածություն կլինի, եւ դա պայմանավորված կլինի սոցիալական լուրջ բեւեռացմամբ ու արտաքին որոշակի ճնշումներով: Այս իրավիճակում ունենալ նման դիմազուրկ խորհրդարան, երկրի համար չափազանց վտանգավոր է: Ունենք խամաճիկային խորհրդարան հանրապետության նախագահի ձեռքին», - գնահատում է Վիկտոր Դալլաքյանը: - «Այս կոալիցիոն կառավարությունն էլ մի քանի ամսվա պատմություն ունի եւ դրանից հետո սկսվելու են բազարի հետ կապված ռազբորկաները»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺՄ (Ազգային ժողովրդավարակ միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը ձեւակերպում է. - «Կարծում եմ, որ հաջողության մեկ ձեւ կա՝ ժողովրդական պոռթկումը: Համոզված եմ, որ մեզ առջեւում մի այդպիսի պոռթկում սպասվում է»: «Եթե ժողովրդի քայլերը ադեկվատ են այն մարդկանց քայլերին, ովքեր նրանից խլել են իշխանությունը, ապա դա սահմանադրական է», - ուրվագծում է Վազգեն Մանուկյանը: - «Եթե 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը չափարները ջարդելով գնար եւ այդ մարդկանց վզից բռնելով դուրս շպրտեր, ես դա կհամարեի սահմանադրական ճանապարհ»:

Այս օրերին Սահմանադրական դատարանում ընթացող ընտրաքննությունների առնչությամբ էլ «Ազգ» թերթում ընդգծված է. - «Կրկին ու կրկին մեր իրականության մեջ հանգում ենք կարեւորագույն մի խնդրի, որը վերաբերում է ցանկացած ոլորտում խախտման դեպքում պատասխանատվությանը»: Դատարաններն այնպես հանգիստ են անցնում ընտրախախտումների վրայով՝ ազդարարելով, թե ապացուցված փաստեր չկան, որ ստացվում է՝ Ազգային ժողովի ընտրությունները իդեալական էին: Եվ ոչ ոք այդպես էլ չի պատժվի:

«Նոր նշանակումների շարքում, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում Թամար Պողոսյանի հայտնվելը ամենաանսպասելին էր, եւ թերեւս այդ է պատճառը, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ նա պաշտոնավարում է, բայց դեռ մեր շատ ու շատ ճանաչված մշակութային գործիչներ չեն կարողանում «շոկը» հաղթահարել, «բերանները ջուր առած» խուսափում են որեւէ կերպ կատարվածին գնահատական տալ», - անդրադառնում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը՝ փոխարենը ուշագրավ հարցազրույց ներկայացնելով հենց նոր նախարարի հետ: Վերջինս մասնավորապես ասում է. - «Այս նշանակումը ինչ-որ տեղ ինձ համար էլ անսպասելի էր։ Ես ինձ պատրաստել էի պատգամավորական գործունեության համար։ Որպես օրենսդիր պատրաստի կադր էի... Սա նոր ոլորտ է, որը ես պետք է նվաճեմ... Մեր կուսակցության ամենահանճարեղ որոշումն էր, որ այս ոլորտում կին պետք է լինի: Ես ունեմ հասարակական իմիջ եւ այդ իմիջը ինձ համար շատ թանկ է։ Լինել քաղաքականության մեջ եւ այսօր ունենալ նման բարձր վարկանիշ, եւ ես կուսակցությանը հազարավոր ձայներ եմ բերել իմ կերպարով, որովհետեւ նոր, մաքուր կերպար եմ, վաստակել եմ քրտինքով: Ես միշտ հպարտացել եմ իմ անցած կյանքի ճանապարհով... Ես շկոլա եմ անցել, ես ղեկավար աշխատանքի բոլոր նյուանսները անցել եմ, այնպես որ իմ գործունեությունը եղել է շատ սրընթաց, ես շատ կամունիկաբելնի եմ»: Այս ամենն ասում է «Օրինաց երկիր» կուսակցության կողմից մշակույթի նոր նախարար Թամար Պողոսյանը: Ինչ վերաբերում է իրեն հասած նախարարության մթնոլորտից տպավորությանը՝ «շատ խորհրդային դաջվածք կա այստեղ, արխիվային տնտեսություն, գրահրատարակչություն կա այստեղ։ Տպավորությունն այնպիսին է, որ այստեղ խորհրդային ժամանակների մեխանիզմներ են աշխատում եւ բարեփոխումները դեռ շա՜տ հեռու են այստեղ հասնելուց»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG