Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի 2 անդամով


Հունիսի 23-ին Ստրասբուրգում բացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում, ուր քննարկվելու են նաեւ Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի միայն երկու անդամով:

Վերջին չորս տարիներին Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանի պարզաբանումներով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգը թույլ է տալիս պատվիրակության նախորդ կազմին որոշ ժամանակ շարունակել մանդատի իրացումը: Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգը, սակայն, սահմանում է, որ պատվիրակությունների կազմում կարող են լինել միայն ԱԺ պատգամավորները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախկին պատվիրակությունը կազմված էր չորս հիմնական անդամից եւ չորս փոխարինողից, որոնցից երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր են ընտրվել միայն երեքը՝ Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արմեն Ռուստամյանը:

Ստրասբուրգ հունիսի 23-ին սկսվող ամառային նստաշրջանին մասնակցելու կմեկնեն Արմեն Ռուստամյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Նստաշրջանում քննարկվելու են նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս առումով Արմեն Ռուստամյանը ասաց. - «Պետք է կարողանանք էական քայլ կատարել դեպի միջազգային ստանդարտները ընտրությունների անցկացման մակարդակն ապահովելու առումով: Միայն այդպես մենք կարող ենք լիարժեք ինտեգրվել եվրոպական ընտանիքի, եվրոպական համայնքի մեջ»:

Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը, հիշեցնենք, իր նախնական զեկույցներում արձանագրել էր, որ անցած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշերին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG