Մատչելիության հղումներ

Երեք ընտրատարածքում կայացավ վերաքվեարկություն


Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Արմավիր քաղաքում՝ թիվ 29, Հրազդանում՝ թիվ 41, եւ Երեւանի Շենգավիթ համայնքում՝ թիվ 12 ընտրատարածքներում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների վերաքվեարկությունը, եւ Ազգային ժողովը շուտով կհամալրվի եւս երեք պատգամավորով: Սահմանադրական դատարանը մինչդեռ, անվավեր է ճանաչել թիվ 50 ընտրատարածքում կայացած քվեարկության արդյունքները:

Արմավիրում ու Հրազդանում քվեարկության ընթացքում խախտումներ չեն գրանցվել, իսկ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է շուրջ տասնյակ դիմում-բողոք: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ խորհրդարանի կազմը համալրվել է եւս երեք պատգամավորով: Թիվ 29 ընտրատարածքում ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մեխակ Մխիթարյանը, թիվ 41-ում՝ անկուսակցական Սասուն Միքայելյանը, իսկ թիվ 12 ընտրատարածքում հաղթել է նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հարություն Ղարագյոզյանը:

Բոլոր երեք ընտրատարածքներում ընտրողների մասնակցությունը բարձր է եղել, անճշտությունների չափը՝ նվազագույն: Վերընտրությունների նկատմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հսկողությունը շատ ավելի արդյունավետ է եղել: Պատճառը թերեւս այն է, որ այս անգամ ԿԸՀ-ն ավելի շատ ազատ ժամանակ ուներ:

ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանի խոսքերով, ընտրությունների ընթացքից հիմնականում գոհ են եղել թե' միջազգային, թե' տեղական դիտորդները եւ թե' թեկնածուների վստահված անձինք:

Այսպիսով, «Օրինաց երկիր» եւ ՀՀԿ խմբակցությունները կհամալրվեն մեկական պատգամավորով, եթե, իհարկե, թիվ 12 ընտրատարածքում ներկայացրած դիմում բողոքների-հետեւանքով նոր խնդիրներ չառաջանան: «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 23 պատգամավոր, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ 40:

Երկուշաբթի օրը, մինչդեռ, Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել թիվ 50 ընտրատարածքի ընտրությունների արդյունքները, եւ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել է հանրապետության գլխավոր դատախազություն: Այս ընտրատարածքում տեղի կունենա վերաքվեարկություն, եւ անկուսակցական Մխիթար Վարագյանը, որին մայիսի 25-ի ընտրություններին պաշտպանել է ՀՀԿ-ն, ստիպված է լինելու նորից մասնակցել մինչեւ հուլիսի 6-ը Արթիկում կայանալիք քվեարկությանը:

Այս ընտրատարածքում ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում էին դաշնակցական Հակոբ Մաթիլյանը եւ «Օրինաց երկիր»-ի անդամ Կարապետ Ներսիսյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG