Մատչելիության հղումներ

Շարունակվում է հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմական ոլորտում


Հունիսի 14-16-ը Երեւանում տեղի է ունեցել պաշտպանության հարցերով հայ-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ նիստը, որի արդյունքում ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրասիայի գծով օգնականի տեղակալ Միրա Ռիկարդելը եւ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ստորագրել են համապատասխան հուշագիր: Երկօրյա նիստի ավարտին ընդունվել է նաեւ համատեղ հայտարարություն:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, առաջիկա տարվա ընթացքում կողմերը իրենց ջանքերը կենտրոնացնելու են հետեւյալ ոլորտների վրա. պրոֆեսիոնալ ռազմական կրթություն, ավելի կատարելագործված եւ համատեղելի հեռուստահաղորդակցության համակարգի ստեղծում, անգլերեն լեզվի ուսուցում, խաղաղապահ հնարավորությունների ընդլայնում, եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ստեղծում: Այս տարվա ռազմական կրթական ծրագրերին նախատեսվում է տրամադրել 750 հազար դոլար:

Հայտարարության մեջ նշվում նաեւ, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը կշարունակվի զարգանալ որպես ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության կարեւոր տարրերից մեկը: Նաեւ տեղեկացվում է, որ այս տարվա ընթացքում Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերի հրամանատարության եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվելու է 2004 թվականի ռազմական շփումների պլանը:

Նույնատիպ ծրարգեր իրականացվում են նաեւ Ադրբեջանի հետ: Տիկին Ռիկարդելի փոխանցմամբ, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների հետ ԱՄՆ-ը նպատակ ունի անել առավելագույնը, որպեսզի արգելվի զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը եւ թմրանյութերի շրջանառությունը:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը սկսվել է, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգները վերանայեց իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ ժամանակավորապես կասեցրեց 907 բանաձեւը, որն արգելում էր ռազմական ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ: Հավասարակշռությունը պահպանելով՝ ռազմական համագործակցություն սկսվեց թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի հետ:

2002 թվականին Հայաստանին տրամադրվեց ավելի քան 4 միլիոն դոլար՝ բանակում կապի համակարգը արդիականացնելու համար: Պատասխանելով դրան վերաբերող հարցին, Հայաստանի պատշպանության փոխնախարարը ասաց, թե անցած մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել կապի միջոցների ընտրության գործում: 2003-թվականի համար ԱՄՆ-ի աջակցությունը օգտագործվելու է նույն նպատակի համար:

«Ուզում եմ տեղեկացնել, որ 2003 թվականին հատկացվել է եւս 3,5 միլիոն դոլար նույն կապի համակարգի ձեռքբերման համար», - տեղեկացրեց Արթուր Աղաբեկյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG