Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բացառում է բանակցությունները նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ


Շաբաթ օրը ինչպես «Արդարություն» դաշինքի, այնպես էլ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարները բացառեցին ամբողջովին իշխանական ուժերից կազմված նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ երկխոսության հնարավորությունը:

«Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն»-ը հունիսի 19-ին անպայման մասնակցելու են Ազգային ժողովի նիստին, որտեղ կոալիցիոն կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Երկու խմբակցություններն էլ մարտականորեն են տրամադրված: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ անպայման գնալու են եւ «լվանալու ենք կառավարության ոսկորները»:

Ինչ վերաբերում է համագործակցությանը եւ ամռան ամիսներին ընդդիմադիրների հետ հնարավոր բանակցություններին, ինչպես ակնարկել է Ազգային ժողովի վերընտիր փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը բացառեց նման հնարավորությունը:

«Այն այլանդակություններից, բռնություններից, կեղծիքներից հետո որեւէ նման խոսք որեւէ արժեք չունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Մենք ուղղակի ուշադրություն չենք դարձնում: «Արդարություն» դաշինքը ակտիվ գործունեություն կծավալի խորհրդարանում եւ իր գործունեությամբ ցույց կտա, որ ինքն է իրական այլընտրանքը այս իշխանության»:

Ընդդիմության ղեկավարներից ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մեկնաբանությամբ, մեզանում ստանդարտ դարձած երեւույթ է արդեն, երբ իշխանությունները նախ ճնշում են ընդդիմությանը, հետո սկսում են բարի խոսքեր շռայլել:

«Կարծում եմ, դա լուրջ խոսակցություն չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը՝ փաստարկելով.- «Որովհետեւ փորձ կարող էր լինել Ազգային ժողովը, կառավարությունը ձեւավորելիս... Սկզբում ամբողջ լիարժեք իշխանությունը վերցնում են, հետո ուզում են ոսկորի կտորներ գցել՝ դիմացինին խաբելու համար»:

«Մենք նրանց դեմ պայքարում ենք, ինչպես կարող ենք համագործակցել», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG