Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի վերլուծությամբ, ոչ «Օրինաց երկիր»-ը, ոչ էլ Դաշնակցությունը առանձին վերցրած ոլորտներում ի զորու չեն կատարել խոստացված հեղափոխությունը, քանի որ տնտեսության զարգացման ու բյուջեի ծավալները պայմանավորող հիմնական ոլորտները հանրապետականների ձեռքում են: «Վերջիններս նախընտրական շրջանում չէին կարողանում զսպել իրենց պոռթկումներն ու կոալիցիայի ներկայիս գործընկերների նախընտրական խոստումները «պոպուլիստական դատարկախոսություն» էին անվանում: «Օրինաց երկիր»-ի՝ բնակչության խորհրդային բանկերում մնացած ավանդների վերադարձման խոստումը իրոք հենց այդպիսին է, որ կա: Բայց», - ընդգծում է «Առավոտ»-ը, - «եթե փորձենք զուտ տեսականորեն ենթադրել, թե այդ հեքիաթը հնարավոր է իրականություն դարձնել, ապա, միեւնույն է, հանրապետականներն՝ իրենց վարչապետով, երբեք դա թույլ չեն տա, քանի որ այդ դեպքում իրենց ապաշնորհությունը շատ ավելի պարզորոշ կերեւա... Եվ այսպես, հանրապետականները կառավարությունում պարանը ձգելու են իրենց կողմը, իսկ կոալիցիայի նրանց ընկերները, ըստ տրամաբանության, պիտի անզիջում պայքարի մեջ մտնեն հանրապետականների հետ՝ իրենց խոստումներն իրականացնելու նպատակով», - ամբողջացնում է «Առավոտ»-ը: - «Կամ էլ, որ ավելի հավանական է, նրանք ստիպված կլինեն իրատես լինել ու ասել, թե նախընտրական շրջանում կատակել են, եւ ոչ մի ավանդ էլ չի վերադարձվի, ոչ մի կոռուպցիա էլ չի վերանա»:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի գնահատականով՝ վարչապետ Մարգարյանի ազդեցությունը նոր կառավարությունում էապես նվազել է, նա հայտվել է «վարչապետ-պատանդի» կարգավիճակում: «Երբ ՀՀԿ-ն հաջողությամբ փակեց իշխանական երկրորդ էշելոնի կուսակցությունների մուտքը խորհրդարան եւ հայտարարեց, որ նորընտիր ԱԺ-ում ունի 73 համակիր, թվում էր, թե գործը արված է, եւ Ռոբերտ Քոչարյանը անխուսափելիորեն հայտնվելու է անգլիական թագուհու կարգավիճակում: Սակայն», - գրում է մեկնաբանը, - «իշխանական գաթայի բաժանման գործում որոշիչ դեր խաղաց «վա բանկ» գնալու Ռոբերտ Քոչարյանի ընդունակությունը, եւ նման քայլի դիմելու՝ Անդրանիկ Մարգարյանի բացարձակ անընդունակությունը»: Հանրապետականները զգացին, որ «կարող են կորցնել ամեն ինչ, ու ստիպված եղան գնալ մեծ զիջումների: Ի վերջո, կառավարությունը նորընտիր ԱԺ-ին պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը, եւ չափազանց ռիսկային կլիներ խորհրդարան գնալ կառավարության մի կազմով, որը չի գոհացնում խորհրդարանի ղեկավարությանը, այն ղեկավարությանը, որը վայելում է Ռոբերտ Քոչարյանի բացահայտ աջակցությունը: Հիմա վարչապետը կառավարությունում ունի երկու հավատարիմ մարդ՝ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյան եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյան: Այսպիսով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ճգնաժամային իրավիճակներում չի կարող անգամ իր կառավարությունում որոշումներ անցկացնել», - կարծում է մեկնաբանը:

Որոշ տարակույսների ի պատասխան «Առավոտ»-ի մեկնաբանը հարց է դնում. «Իսկ ինչո՞ւ պիտի խորհրդարանի ղեկավարության ընտրությունները բացառություն լինեն մնացած ընտրություններից, որոնք, փաստորեն, վերածվել են նշանակումների»: «Կոալիցիան Ազգային ժողովը վերածեց լիակատար դակիչի», - ձեւակերպված է «Առավոտ»-ում: - «Ինչպես ընտրվել են, այնպես էլ շարունակում են գործունեությունը Ազգային ժողովում»:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում ասում է. - «Փետրվարի 19-ին իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը փորձեց անօրինական Ազգային ժողովով սեփական մեղքերը քողարկել: Երբեք ու երբեք թող չլինեն միամիտներ ու բաժանեն Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից: Իրենք նույն մարդիկ են, նույն նպատակներն են հետապնդում, այն է՝ ամեն գնով պահել իշխանությունը»: Ըստ Արտաշես Գեղամյանի, դերերի հստակ բաժանում կա, եւ «այն, ինչ տեղի է ունեցավ, իրենց իսկ կողմից մշակված էր դեռ ամիսներ առաջ»: «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման պարագայում, բնականաբար, զարգացումները կարող են այն հունով գնալ, որ պարոն Քոչարյանը հարկադրված լինի հրաժարական տալ: Ահա այս պարագայում հանրապետության երկրորդ դեմքը կվարվի այնպես, ինչպես կմատնանշի Սերժ Սարգսյանը», - իր ընկալումն է բացում Գեղամյանը: - «Իրենց պետք էր մարդ, որ ամբողջովին կառավարելի լիներ: Վերջիններիս կամքին չենթարկվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից կպահանջվի ընդամենը 24 ժամ, որպեսզի «Օրինաց երկիր»-ից մնան Արթուր Բաղդասարյանն ու Թամարա Պողոսյանը»: Մի խոսքով՝ հաշվարկն այնպիսին է, որ հաջորդ նախագահ դառնա Սերժ Սարգսյանը:

«ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը կուսակցության պլենումի երեկվա նիստում հրաժարական է տվել, եւ նրա հրաժարականն ընդունվել է: Այսպիսով, կոմկուսը փակեց իր պատմության հերթական եւ խայտառակ էջը», - մեկնաբանում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Վլադիմիր Դարբինյանի ղեկավարության ներքո այս կուսակցությունը կորցրեց ամեն ինչ եւ վերջին 80 տարիների ընթացքում առաջին անգամ որեւէ կերպ չի մասնակցում Հայաստանի կառավարմանը: Չնայած ՀԿԿ ղեկավարի փոփոխությունը կարող է եւ որեւէ դրական ազդեցություն չունենալ այս կուսակցության հետագա ճակատագրի վրա: Կուսակցության գաղափարները հնացել են, իսկ կոմունիստական էլեկտորատը հետզհետե պակասում է»: Այսքանով, ըստ թերթի, կոմկուսում առկա ներքին լարվածությունն էլ ամենեւին չթուլացավ, այլ ընդամենը մեկ ու կես ամսով հետաձգվեց՝ մինչեւ նոր ղեկավարի ընտրությունը:

«Տունը, որտեղ չեն ապրում, քանդվում է» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում հիմ մտավորականներից Սոս Սարգսյանը դժգոհում է ընդդիմությունից, ընդդիմության որակից: Ու նաեւ միջազգային դիտորդներից: «Դա իրենց գործը չէ։ Երկրորդ՝ մենք էս տեսակ ենք, մեր տեսակը էսօր այսպիսին է։ Երբ որ դու պահանջում ես արդար ընտրություն, ես էլ քեզ հարցնում եմ՝ ո՞ւմից, ինձնի՞ց ես պահանջում, որ ես գնամ եւ իմ արդար ձայնը ում որ ուզեմ տամ։ Չէ, ես տալիս եմ նրան, ով որ ինձ փող է տվել՝ 5000 դրամ։ Ինչո՞ւ, որովհետեւ քո ընտրողի համեմատ ես ստանում եմ հազար անգամ ավելի պակաս։ Վերջապես այն, ինչ նորմալ է Արեւմուտքի համար, չի կարող նորմալ լինել Արեւելքի համար», - ասում է Սոս Սարգսյանը: Այսուհանդերձ, ինչպես նա առանձնացրել է՝ «Մի սխալ բան է կատարվում մեր երկրում: Կան պետության համար շատ պիտանի մարդիկ, որոնք կուսակցական չեն, եւ որոնց պետք է հրավիրեն աշխատելու»։ Հարցազրույցի վերջում Սոս Սարգսյանը նաեւ ակնկալում է. - «Ժամանակն է, որպեսզի պետությունը որոշի, թե ինչ տեսակ քաղաքացի է ուզում ունենալ՝ գող, ավազակ, խաբեբա, շինարար, մատուցող»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG