Մատչելիության հղումներ

Երկուական մարզպետական աթոռ են ստանում ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը


Նորակազմ կառավարությունն իր անդրանիկ նիստում «Քաղաքական կոալիցիայի հուշագրի» շրջանակներում նոր մարզպետեր նշանակեց Արագածոտնում, Շիրակում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորում:

Արագածոտնում եւ Շիրակում մարզպետեր նշանակվեցին Դաշնակցությունը ներկայացնող գործիչներ Գաբրիել Գյոզալյանը եւ Ռոմիկ Մանուկյանը։ Երկուսն էլ մինչ այդ զբաղեցնում էին համապատասխանաբար Արագածոտնի ու Շիրակի փոխմարզպետի պաշտոնները: Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց «Օրինաց երկիր»-ի համամասնական ընտրացուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Ստեփան Բարսեղյանը, Վայոց Ձորում՝ այդ մարզի տարածքային հարկային տեսչության պետ Սամվել Սարգսյանը (նույնպես «Օրինաց երկիր»-ից):

Մարզերի ղեկավարների այս փոփոխությունները նախատեսված էին Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության միջեւ ստորագրված «Քաղաքական կոալիցիայի հուշագրով»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, պահուստային ֆոնդից 4 միլիոն դրամ հատկացվեց Ազգային ժողովի աշխատակազմին՝ մեկ ծառայողական ավտոմեքենա գնելու եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Արմեն Խաչատրյանին պաշտոնաթողությունից հետո սպասարկելու համար։ Այս կարգը սահմանված է դեռեւս ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ։

Նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը լրագրողներին փոխանցեց, որ կառավարության անդամները այսօր հաստատել են Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման համար հատկացվել է 175 միլիոն դրամ, իսկ ռադիոյի ծրագրերին՝ 31 միլիոն դրամ։

Առավել մեծ են Ազգային ռադիոյի ծրագրերի սփռման հետ կապված խնդիրները։ Լարային համակարգի միջոցով ռադիոհաղորդումների հեռարձակումը մեծ ծախսեր է պահանջում ու նպատակահարմար չի դիտվում, թեեւ ունի 98 հազար բաժանորդներ:

«Այսօր հիմնական շեշտը դրվում է եթերային ռադիոյի վրա», - ասաց նախարար Մանուկյանը: - «Մենք պետք է կարողանանք ապահովել հանրապետության ողջ տարածքում Հանրային ռադիոյի հաղորդումների սփռումը»:

Այդ նպատակով, Անդրանիկ Մանուկյանի հավաստմամբ, հանրապետության ողջ տարածքում տեղադրվելու են արբանյակային անտեննաներ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG