Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկիր» թերթի գնահատականային հավաստմամբ՝ «հետայսու Հայաստանի կառավարությունը դադարում է այլեւս քաղաքականապես անպատասխանատու ոլորտների, խուլ սենյակներում, անհայտ դրդապատճառներով, ինտրիգների վրա հիմնված կադրային նշանակումներից բաղկացած համակարգ լինելուց, եւ սկիզբ են դրվում որակապես այլ հարաբերությունների»։ Դաշնակցության կողմից նախկինում ունեցած նախարարական պորտֆելները թողնելու եւ նոր պորտֆելներ ստանձնելու վերաբերյալ էլ ՀՅԴ պաշտոնաթերթը նշում է. - «ՀՅԴ-ն նախեւառաջ կարեւորում է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված՝ ՀՀ-ն սոցիալական պետություն է դրույթը, այնպես էլ կուսակցության ծրագրից եւ գաղափարախոսությունից բխող՝ սոցիալական արդարության հասարակություն ունենալու նպատակադրումը։ Այս մոտեցմամբ է պայմանավորված այն իրողությունը, որ Դաշնակցությունը նախարարական նոր պաշտոնները ստանձնում է՝ ունենալով այդ ոլորտների զարգացման հստակ ծրագրեր ու մոտեցումներ, եւ համոզված է, որ այստեղ նույնպես արձանագրելու է հաջողություններ։ Բացի այդ», - բավականին թափանցիկ ակնարկ է կցում Դաշնակցությունը, - «կուսակցությունը կաշկանդված չէ նախընտրական քարոզարշավի ընթացքում տվյալ ոլորտների կապակցությամբ իր կողմից պոպուլիստական, անիրատեսական կամ զուտ տեսական հայտարարություններով, խոստումներով ու կարգախոսերով»։

«Առավոտ» թերթը դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանին հիշեցրել է իր արտահայտությունը, թե ՀՅԴ-ն թուլաբաժնով բավարարվող կուսակցություն չէ, եւ հետաքրքրվել՝ արդյոք թուլաբաժի՞ն չեն կոալիցիայում եւ Ազգային ժողովում իրենց ստացած տեղերը: «Կարծում եմ, մենք ուրիշների սուտ խոստումները շտկելու հնարավորություն ունեցանք», - արձագանքել է Ալվարդ Պետրոսյանը: - «Կարող էինք ընտրություն անել, եւ այս ոլորտները, որ վերցրել ենք մենք՝ թուլաբաժին չեն: Դրանք դաժան, չարքաշ աշխատանքի ոլորտներ են»:

Հանրապետականների ղեկավարներից Գալուստ Սահակյանի դիտողության հետքերով, թե նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերը, բացի հանրապետականներից, խոստումներ էին տալիս եւ հիմա, որպեսզի չպատճառաբանեն, թե գործ անելու համար լծակներ չունեն, այդ լծակները տրվել են, «Առավոտ»-ի մեկնաբանը միանգամայն ենթադրելի է համարում, որ «կոալիցիոն կառավարությունում յուրաքանչյուր անհաջողություն Հանրապետական կուսակցությունը արդեն պատրաստ է ջարդել Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի գլխին»:

Անդրադառնալով, որ «Քաղաքական կոալիցիայի հուշագրում» թվարկվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները ինքնին դեռեւս չեն վկայում այն մասին, որ կոալիցիայի մեջ մտած քաղաքական ուժերը արդեն իսկ գտել են այդ խնդիրների լուծման՝ երեք կողմերի համար ընդունելի աշխատակարգերը, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը այս ուղղությամբ մատնանշում է. - «Խնդիրը, որը կոալիցիայի ձեւավորման անմիջական շարժառիթն է, նախատեսում է պերմանենտ քննարկումների կազմակերպում՝ կոալիցիայի երեք կողմերի միջեւ: Կառավարությունը իր կարեւորագույն որոշումները կայացնելուց առաջ պետք է ստանա երեք կողմերը ներկայացնող հանձնաժողովների քննարկումների արդյունքում բյուրեղացած կարծիքները: Սակայն», - ընդգծում է մեկնաբանը, - «նման մոտեցումն ունի նաեւ իր խոցելի կողմերը, քանզի կառավարությունն ինքը գործադիր մարմին է, իսկ «կարեւոր հարցերի» շուրջ քաղաքական դիրքորոշումների հստակեցումը, այնուամենայնիվ, ոչ թե կառավարության, այլ խորհրդարանում ներկա այդ երեք ուժերի համատեղ քննարկման խնդիրն է»:

«Կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ հուշագիրը գործադիր եւ օրենսդիր «գաթաներից» փայ ստացած կուսակցությունները ներկայացնում են իբրեւ հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջ: Իրականում», - արժեվորում է «Օրրան» թերթի մեկնաբաններից մեկը, - «Ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից բազմիցս փաստված ընտրահանցանքների մի հսկայական շարքից հետո հանցագործները բաժանում են գողոնը: Մնացածը դատարկ խոսքեր են»: «Այն կարգախոսերը, որ վերջին ամիսներին բառացիորեն բթացրել են հասարակության լսողական եւ տեսողական զգայարանները, անհուսալիորեն անկատար են մնալու», - համոզված է մեկնաբանը: - «Ինչո՞ւ պետք է խիստ պայմանականորեն նոր համարվող խորհրդարանն ու կառավարությունը պայքարեն կոռուպցիայի դեմ, եթե չունեն նման ցանկություն: Իսկ եթե ունեն, ապա ի՞նչն էր նրանց խանգարում նման պայքար ծավալելու, ասենք, երկու տարի առաջ: Ինչո՞ւ պետք է բնակչությունը հրճվի իշխանական նոր (հին) կազմի արձանագրելիք տնտեսական աճերով, երբ վաղուց պարզ է, որ այդ աճերը վերաբաշխվում են շատ նեղ շրջանակում»:

«Օրրան»-ի մեկ այլ մեկնաբանի հայացքով էլ՝ «քաղաքական առեւտուրը ավարտվեց քաղաքական բոլոր ուժերի պարտությամբ եւ երկրում միայն մի մարդու կամքի հաստատմամբ». - «Եվ սա Սահմանադրության ամենակոպիտ ոտնահարում էր, որովհետեւ Սահմանադրությունը իշխանությունների տարաբաժանում է ենթադրում, ուստի նախագահի իշխանությունը չի կարող տարածվել խորհրդարանի վրա»: «Կոալիցիայում էլ պիտի լիներ ուժերի հենց այս դասավորությունը», - գրում է մեկնաբանը՝ - «պոպուլիստ օրինացերկրականների տված անկատարելի խոստումների կատարումը պիտի հանձնարարվեր դաշնակցականներին: Գերադասելի ու անվտանգ պորտֆելները` «Օրինաց երկիր»-ին, հիմնական պատասխանատվությունը` ՀՀԿ-ին: Այս դասավորությամբ բոլորը հավասար խոցելի են, բոլորը հավասար վտանգված են, եւ միայն մեկ մարդ պատասխանատվություն չի կրում»:

«Իրավունք» թերթի արձանագրումներով էլ, այս գործընթացների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ակնհայտորեն ամրացրեց իր դիրքերը, «իշխող կոալիցիայում կարողանում է կատարել իր հավասարակշռող ու կարգավորող առանցքի դերը»: «Իրավունք»-ի մեկնաբանի ամփոփիչ կանխատեսմամբ՝ «իշխանության համակարգում որոշակի հավասարակշռություն ստեղծվել է, եւ այն դեռ կշարունակվի բավականին երկար»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի թարմացած հայացքով՝ «բացատրությունները, թե հացի եւ հացամթերքի թանկացումը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, ձեռք բերման երկրներում ցորենի գների բարձրացմամբ, գնալով ավելի անհամոզիչ են հնչում», եւ կարծես ավելի ու ավելի է նշմարվում, որ այստեղ էական գործոնը առեւտրի մեր տեղական մոնոպոլիստների շահերի առաջմղումն է: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցն էլ երեկ զրուցելով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, հանգել է համոզման, որ էլեկտրաէներգիայի սակագինը հաստատ բարձրանալու է: Մասնավորապես, հիդրոէլեկտրակայանների «Սեւան-Հրազդան» կասկադի նոր սեփականատերը՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ը հայտ է ներկայացրել իրենից գնվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, եւ սրանից լրագրողը ընդհանրացված ձեւակերպել է. - «Մեր էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների մեծ մասը ռուսներին զիջելուց ընդամենը մի քանի ամիս անց ստեղծվում է մի իրավիճակ, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է անխուսափելի: Սա էլ հենց կոչվում է «ռազմավարական գործընկերություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG